Ընդդիմությունն էլ ի´ր խաղն է խաղում


- Այսօր ընդդիմություն կոչվածը ոչ թե քաղաքացիական բողոքը կազմակերպողն է, այլ լռեցնողը,- ասում է քաղաքապետարանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ :Ընդդիմության խոստացած թեժ աշնան մասին է նրա հետ զրույցը :

Ամառն անցնում է. Ձեր կարծիքով, մենք իսկապե՞ս ընդդիմության խոստացած թեժ աշուն կունենանք, թե՞ այս աշունն էլ կլինի նախորդների նման, ինչպես եղել է անցած 20-25 տարիներին:

- Եթե հետադարձ հայացք նետենք գարնանային զարգացումներին, կտեսնենք, որ գիտակցելով հանդերձ սեփական անգործությունը, ուղղակի ընդդիմության ղեկավարները բավարարվեցին հրապարակային ելույթներով և հարցազրույցներով, որոնցով փորձեցին արդարացնել ժամանակի ձգձգումն ու նաև անգործությունը: Թերևս նրանց ներկայացրած պահանջների 12 կետերն այս մարտավարության մի մասն են կազմում, որպեսզի ամռանը տպավորություն ստեղծվի, թե ընդդիմությունն իր անելիքը արել է, և «գնդակը» իշխանության դաշտում է, իսկ ընդդիմությունը սեպտեմբերի վերջին կամփոփի իշխանության արածն ու չարածը: Վաղուց եմ արձանագրել, որ իրականում բոլոր քաղաքական ուժերը դիրքավորվել են 2017թ. ընտրությունների համար, և տպավորություն են ստեղծում, թե այս իմիտացիոն դրսևորումներով ընթացիկ քաղաքական գործընթացներ են սպասարկում: Այս կտրվածքով նկատելի է, որ խորհրդարանական ընդդիմության քայլերը բացարձակապես միտված չեն համակարգային փոփոխություններ իրականացնելուն: Եվ իշխանությունն էլ փորձում է ցույց տալ, որ ընդդիմությունը բացարձակապես աթոռի կռիվ է անում:

- Իր գործելաոճով ընդդիմությունը ոչ միայն իրեն վարկաբեկելու հնարավորություն է ընձեռում իշխանություններին, ինչպես կարծում եք Դուք և նաև շատերը, այլև հենց ինքն է իրեն վարկաբեկում :

- Այն ոչ միայն իր գործողություններով է խորացնում անլուրջ վերաբերմունքը ընդդիմադիր գործունեության նկատմամբ, այլ նաև այդ հնարավորությունը տվել է իշխանությանը. օրինակ, սահմանադրական փոփոխությունների մասին բանավեճը հրապարակ է նետվել նաև դա անելու համար: Խորհրդարանական կառավարման համակարգը ընդդիմության ծրագրային դրույթն է, բայց նա հրաժարվում է մասնակից լինել դրա ընդունման գործընթացին` հիմնավոր առիթ ու հնարավորություն տալով պնդել, որ ինքը միայն աթոռի կռիվ է տալիս:

Քաղաքական ուժերից նաև «Ժառանգությունն» էր պնդում խորհրդարանական կառավարման անցնելու անհրաժեշտությունը: Սակայն Դուք նույնպես մերժեցիք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը` համարելով, որ այն այսօր այլ նպատակներ է հետապնդում :

- Իշխանությունը պահը օգտագործում է, նաև առկա է 2017 և 2018 թթ. իշխանության փոխանցման և վերարտադրության խնդիր. սա անթաքույց է և մերժելի: Բայց ի՞նչ է անում ընդդիմությունը դա թույլ չտալու համար: Սահմանադրական բարեփոխումների բոյկոտելով, ուղղակի օգնում է իշխանությանը` առանց լուրջ դիմադրության լուծել այդ խնդիրը:

- Մենք զրուցում ենք խորհրդարանական ուժերի մի խմբի մասին, որն իրեն ընդդիմություն է համարում: Բայց, նրանք իսկապե՞ս ընդդիմություն են, թե՞ ուղղակի մեզանում ընդունված է նրանց այդպես կոչել:

- Ցավոք սրտի` ոչ: Խորհրդարանում այդ ուժերը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ոչ միայն չեն ծավալում ընդդիմադիր գործունեություն դասական իմաստով, այլ նաև կարծես ընդհանրապես հրաժարվել են քաղաքական կուսակցության ֆունկցիաներից: Պետք է ընդունել, որ քառյակում դոմինանտ քաղաքական ուժը ԲՀԿ-ն է, որն ընդդիմադիր չի համարվում: Եվ մյուս ուժերը առաջատար այդ ուժի դիրքորոշման հետևանքով նույնպես կորցրել են ընդդիմադիր դեմքը:

Իսկ ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ քառյակում դոմինանտը հենց ԲՀԿ-ն է, որն ինքն է ասում, որ ընդդիմություն չէ, այլ այլընտրանք :

- Պարադոքսը չափազանց բացատրելի է: Եթե լիներ ընդդիմություն և ընդդիմադիր գործունեություն, ապա նման մեղմ չափավոր քաղաքական կեցվածքը չէր կարող դոմինանտ դառնալ: Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում գործ ունենք այնպիսի մի զավեշտալի վակուումի հետ, որը լցվել է ոչ ընդդիմադիր քաղաքական կեցվածքով:

Բայց քառյակում գործում է նաև «Ժառանգությունը». ինչո՞ւ վերջինս քայլեր չի ձեռնարկում այդ ամենը կանխելու համար:

- Ես չեմ խոսի «Ժառանգության» անունից, քանի որ կա նորընտիր վարչություն: Նաև ուզում եմ հիշեցնել, որ նախորդ վարչության կազմում ես և իմ շատ ընկերներ հրապարակավ հնչեցրել ենք մեր դժգոհությունը դեռևս այն ժամանակահատվածում, երբ գործընթացը նոր էր սկսվում:

Սակայն մի՞թե նկատելի չէ, որ այնու-ամենայնիվ հասարակության որոշակի շրջանակներում ինչ-ինչ խմորումներ են սկսվում` կապված կուտակային, պարտադիր սոցվճարների մասին օրենքի հետ: Դրանք ինչ-որ արթնացման չե՞ն հանգեցնի :

- Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը իրականում ոչ թե քաղաքացիական ընդվզումը և պահանջը ձևակերպողն են դարձել, այլ` դրա արգելակողը: Եվ բնական է, որ ժամանակ առ ժամանակ քաղաքացիական հասարակությունն ինքը ինքնակազմակերպվելով գեներացնում է որոշակի շարժում: Քաղաքական ուժերը իրականում ավելի շատ վիժեցնում են քաղաքացիական շարժման հաջողության հեռանկարը, քան օգնում դրան: Հայաստանում մի արատավոր մեխանիզմ է ձևավորվել, որտեղ քաղաքական ուժերը ոչ թե ժողովրդի բողոքը կազմակերպողն են, այլ ճիշտ հակառակը` լռեցնողը. ոչ թե հեղափոխություն իրականացնողն են, այլ ճիշտ հակառակը` հեղափոխություն վիժեցնողը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ