ՀԵՌԱՑՈՒՄ
Պետք է հեռանար շատ տարիներ առաջ, հենց հաջորդ օրը, երբ ամուսինը հայտարարեց, որ հոգնել, ձանձրացել է ընտանեկան կյանքից: Իսկ հեռանում է այսօր, հեռանում է աշնանային մաղող անձրևի ուղեկցությամբ: Այն ժամանակ ինքը լուրջ չընդունեց ամուսնու հայտարարությունը: Երկու մանկահասակ աղջիկների հետ ո՞ւր կարող էր գնալ. ո´չ տուն ուներ, ո´չ աշխատանք:
Հիմա գոնե այս ավտոմեքենան կա:
Անձրևի մանր կաթիլներից ավտոմեքենայի դիմապակին աղոտ է ցույց տալիս ճանապարհը, չի կողմնորոշվում` ուր է հասել: Թեև միևնույն է: Գնում է: Իսկ քնած ամուսնուն միայն մի երկտող է թողել, որ ինքը հեռանում է:
Մշուշապատ ճանապարհի եզրին պայուսակով կնոջ նշմարեց: Ավտոմեքնան արգելակեց: Կինը տեղավորվեց կողքին, պայուսակը խցկեց ոտքերի մոտ: Առաջին պահին թվաց, թե անձրևն էր ողողել կնոջ դեմքը: Բայց ոչ, քթի ֆսֆսոցից հասկացավ, որ արցունքներն են: Անձեռոցիկի տուփը մեկնեց նրան: Կինը փղձկաց անձեռոցիկի մեջ.
- Հասկանո՞ւմ եք, նա ինձ հետ չպահեց: Նա իմացավ, որ հեռանում եմ և ինձ հետ չպահեց:
Առանց աչքն իսկ թարթելու` քմծիծաղեց. «Հըմ, իսկ դու հույս էիր փայփայում, թե հե՞տ էր պահելու»: Բայց մտքում պահեց մտածածը: Թող լաց լինի, հանգստանա:
Կյանքում առաջին անգամ թեթև է, անհոգ, անկաշկանդ: Չի անհանգստանում, որ ամուսնու համար փոխնորդ սպիտակեղեն չի դրել, որ նա չի նախաճաշելու, որ օրվան հարմար փողկապ չի ընտրել նրա համար:
Ու գնում է:
Լավ է, կողքի կնոջ ֆսֆսոցը կտրվեց: Քնեց երևի: Չի հիշում, թե վերջին անգամ ինքը երբ է քնել կամ գուցե այս ճանապարհը քնա՞ծ է անցել: Անծանոթ ճանապարհ է, անծանոթ տեղեր, բայց իր համար միևնույն է: Անձրև չկա, բայց երկինքը մթնոտ է, ճանապարհը մշուշոտ, տեսանելիությունը` ցածր: Կողքի կինը ինչ-որ երգ է դնդնում:
Մի կին ձեռքերը թափահարելով, մեքենային ընդառաջ վազեց` իր հետևից քաշ տալով հավանաբար ամուսնուն: Բաց արեց դեռ հազիվ կանգնած մեքենայի դուռը, գլուխը ներս խցկեց, բայցև իսկույն էլ դուրս հանեց, արհամարհական ժեստով փակելով դուռը:
- Տանել չեմ կարողանում կին վարորդներին:
Ինքը բազմանշանակ քմծիծաղեց ու շարունակեց ճանապարհը.
...Չի էլ հիշում, թե արդեն քանի օր է, առանց հանգստանալու վարում է ավտոմեքենան: Չէ, հոգնություն չի զգում, միայն երբեմն կողքին նստած կնոջ երգի դնդնոցն է վրան ազդում, բայց դրա վրա էլ աշխատում է չկենտրոնանալ:
Հանկարծ ճանապարհի մշուշից մի կերպարանք պոկվեց: Տղամարդ էր: Սեղմեց արգելակները: Տղամարդն անխոս տեղավորվեց հետևի նստելատեղին, դեմքը հպեց կողքի պատուհանի ապակուն ու այդպես էլ մնաց:
Հիշեց իր երկու աշխատակիցների զրույցը, ովքեր կարծում էին, թե նա աշխատասենյակում չէ, այնինչ ինքը վարագույրի ետևում արձակված կրծկալն էր ամրացնում:
- Այդ ի՞նչ նոր փողկապ ես կապել, երևի ուզում ես շեֆի աչքը մտնե՞լ:
- Իսկ Սառցե թագուհին մի՞թե այդպիսի բաներից հասկանում է:
Առաջ էլ լսել էր, որ աշխատողներն իրեն Սառցե թագուհի են կոչում, բայց այդ պահին ցավ էր ապրել, քանի որ ասողի նկատմամբ մի ներքին համակրանք ուներ: Դե, մնաս բարով, Սառցե թագուհի, դու մնացիր անցյալում, դու այս ճանապարհին այլևս անելիք չունես: Մնաս բարով, ներքին համակրանք, որ այդպես էլ չիմացար Սառցե տիկնոջ ջերմ սրտի մասին:
Առջևում խաչմերուկ երևաց: Միևնույն է, ճանապարհներից մեկը կընտրի:
- Այս խաչմերուկում կանգնիր, ճիշտ կլինի ես ա˜յ այն ճանապարհով գնամ,- ոտքերի արանքից պայուսակը սկսեց քաշքշել կողքի կինը:
Մնացին ինքն ու դեմքն ապակուն հպած տղամարդը: Դիմահայելիով հետ նայեց: Կողքի կինը պայուսակը դրել խաչմերուկի հենց կենտրոնում ու նստել էր վրան:
Չէ, բավական հանգիստ է, անծանոթ ճանապարհները չեն վախեցնում: Իսկ հետնամասում նստած տղամարդը դեմքը համառորեն չի պոկում ապակուց:
...Աղջիկներին նույնիսկ չզանգեց, հիմա խառնվել են իրար. Բայց արդյո՞ք խառնվել են: Դե, իհա˜րկե: Եվ մի լայն, հեգնախառն ժպիտ ողողեց դեմքը: Հիշեց խնջույքների կամ հավաքույթների ժամանակ ամուսնու դեմքը` ժպիտով, սիրալիրությամբ ողողված, երբ զրուցում էր այս կամ այն աշխատակցուհու ու գործընկերների կանանց հետ: Հիշեց օգտագործվող սիրալիր բառերի շարանը` սիրունս, քաղցրիկս, գեղեցկուհիս, ու տհաճությունից դեմքը ծամածռվեց: Որքան է երազել, որ գոնե մեկ անգամ ամուսինն այդպես իրեն դիմի:
Բայց ո˜վ գիտի, գուցե հենց ինքն է մեղավոր: Գուցե, գուցե, գուցե: Մառախուղը քիչ-քիչ քաշվեց, հեռվում ծառեր երևացին: Ոտքերի շարժումը չի զգում: Ծառերի տակ ճանապարհային սրճարան երևաց: Սեղմեց արգելակները: Դիմեց դեմքով ապակուն հպված տղամարդուն.
- Կարելի է մի բաժակ սուրճ խմել:
Տղամարդն էլ իջավ: Երբ արդեն սրճարան էր մտնում, հետ նայեց: Տղամարդը չկար, ճանապարհի մեջտեղով շարունակում էր առաջ գնալ:
Ընդառաջ եկող կնոջից սուրճ խնդրեց, նստեց: Հասկացավ, որ սրճարանի տիրուհին է: Կինը ուշացրեց սուրճը, հետո բերեց դողդողացող ձեռքերով: Երկար նստեց, արդեն չէր էլ հիշում` որքան, մեկ, թե երկու օր: Լսեց, որ սրճարանի տիրուհին հեռախոսով գոռգոռում է ինչ-որ մեկի վրա: Ուրիշ հաճախորդներ չկային: Սրճարանի տիրուհին մոտեցավ իրեն:
- Գիտեք, աշխատողս նոր զանգեց, որ էլ չի ցանկանում այստեղ աշխատել, գուցե դու՞ք օգնեիք ինձ խոհանոցում, եթե ժամանակ ունեք:
Երկար սպասել չտվեց. ինչո՞ւ ոչ:
- Տվեք խոհանոցային գոգնոցը:
Ու վեր կացավ: