Ճիշտ էլ համեմատել են


Ինքնաայլանդակման ինչ հնար ասես մոգոնում է մարդ-արարածը` դա համարելով նորաձևություն: Վայրի ցեղերը բազմագույն փետուրներով մարմինների որոշ մասերն էին ծածկում, պտուղներով շարված հուլունքներ կրում: Հետագայում նմանատիպ արդուզարդը կախարդների հմայիլները դարձան: Հիմա նորից մեծացել է հակումը` մարմիններն ինչով ասես նախշելու:

Գերմանացի Ռոլֆ Բուխհոլցն էլ Գինեսի ռեկորդների գիրք է մտել` մարմնի տարբեր մասերը առատորեն փիրսինգավորելու արդյունքում: Ու ինքն իրենից գոհ, որոշել է Դուբայում մասնակցել գիշերային մի ակումբի շոուին: Սակայն 53-ամյա մետաղադաջվածքին վռնդել են հենց օդակայանում` թույլ չտալով հասնել մինչև հյուրանոց: Գրեթե ստիպողաբար նստեցրել են առաջին իսկ չվերթի ինքնաթիռ, որը մեկնում էր Ստամբուլ: Մարդկանց թվացել է, թե նա սև մոգ է:

Բուխհոլցի մարմինը դակված է 453 տեղով. 94 ականջօղիկներ նա կրում է շրթունքներին, 25-ը` հոնքերին, 8-ը` քթին: Եվս շուրջ 150 դակվածքները տարածված են ամբողջ մարմնով մեկ, իսկ 278 զարդ էլ նա «շաղ է տվել» աճուկներին...

Սա դեռ բոլորը չէ: Գինեսային ռեկորդակրի գլխին փոխպատվաստված է արհեստական 2 կոտոշ: Ու այս ամենից զատ տղամարդու ամբողջ մարմինը պատված է դաջվածքներով:

Թվիթերյան իր էջում Բուքհոլցը գրել է.

- Վերջիվերջո ես ստացա իմ այն հարցի պատասխանը, թե ինչու չեմ կարող մուտք գործել Դուբայ: Միգրացիոն սպաները որոշեցին, որ ես սև մոգություն եմ: Նա նաև հավելել է, թե այլևս երբեք չի վերադառնա Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նեղացե˜լ է արարածը: