Սարդային անձրև
Ավստրալիական Հոուլբեռն քաղաքի երկնքից սարդերի տեղատարափ է եղել: Միլիոնավոր միջատներ են իջել` սարդոստայնով պատելով տներն ու փողոցները և սարսափի մատնելով բնակիչներին: Իսկ գիտնականներն այս առեղծվածը որակել են որպես «Հրեշտակի մազեր»` ձյունաճերմակ սարդոստայնը նմանեցնելով գանգուրների:
Երկնային պատի՞ժ էր դա, աշխարհի վախճանի նախանշա՞ն, թե՞ բնության հրաշք...
Տեղաբնակներն այդ երևույթը տարակերպ են ընկալել: Ոմանք նետվել են նկուղներ` թաքնվելու, ոմանք զինվել են լուսանկարչական սարքերով և փութացել են սոցցանցերում արագ հրապարակել լուսանկարները` հրճվալից մեկնաբանություններով:
- Շուրջն ամեն ինչ ծածկված էր այդ փոքրիկ սև սարդերով: Ես նայեցի վերև և տեսա սարդոստայնից հյուսված թունել, որը մի քանի հարյուր մետր դեպի երկինք էր ձգվում: Անհնար էր, որ դուրս գայիր, ու քեզ չպարուրեր սարդոստայնը: Իսկ ես նաև մորուք ունեմ. այնպես որ` սարդերը հավաքվեցին դրա վրա,- պատմել է ականատեսներից մեկը:
«Սարդային անձրևն», իսկապես, տպավորիչ երևույթ է և միանգամայն անվտանգ մարդու համար: Սարդոստայնի ծածկույթը, իհարկե, շուտով վերացավ, երբ միջատները փախան այսուայն կողմ: Իսկ արտասովոր տեղումները պարբերաբար զարմացնում ու վախեցնում են մոլորակի բնակչությանը: Օրինակ` գորտային «անձրևը»: 2007 թ. իսպանական Էլ-Ռեբոլեդո քաղաքից ոչ հեռու մոլեգնած մրրիկը խցանել էր գորտերի ջրամբարը, իսկ դրա բնակիչ կռկռաններին` օդ բարձրացրել: Երբ տարերքը խաղաղվել էր, գորտերն անձրևի առատությամբ թափվել էին ապշահար իսպանացիների գլխին (տեղեկացրել է Vesti.FM-ը):