ԱՆՀԱՐԿԻ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը որոշում կայացրեց Հայաստանի վերաբերյալ: Անկախ այն իրողությունից, թե Վեհաժողովը արդյո՞ք բավարար կհամարեր Հայաստանի կողմից նախորդ երկու` 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքը, բախվում էին (ու դեռ շարոունակվելու են քննարկվել) տրամագծորեն հակադիր երկու տեսակետներ` 1-ին` Հայաստանը ոչինչ չի արել ԵԽԽՎ նախորդ բանաձևերի կատարման ուղղությամբ, ինչը հնարավոր ու անհնար բոլոր ամբիոններից տարփողում են մեր ամեն կարգի ու ամեն գույնի ընդդիմադիրները, 2-րդ` Հայաստանն իր ստանձնած պարտավորությունների 90 տոկոսից ավելին կատարել է, ուստի Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովի հայտնի որոշումը, որը նախատեսում էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ի մասնավորի` մեր պատվիրակությանը միջազգային այդ կառույցում զրկել ձայնի իրավունքից, միանգամայն անարդարացի էր: Առաջին տեսակետի կողմնակիցները հատկապես կարևորում են, որ այսպես կոչված «քաղբանտարկյալները» մինչև այժմ ազատ չեն արձակվել. նման ուղղակի ակնարկ պարունակվում էր վերոհիշյալ Մոնիտորինգի հանձնաժողովի որոշման մեջ: Երկրորդ տեսակետի կողմնակիցները համաձայն չեն Հայաստանում քաղբանտարկյալների գոյության ակնարկին: Երկրում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության շուրջ այս բանավեճն էլ հենց մեր ներքաղաքական տուրևառումների առանցքն է` արդեն տևական ժամանակ: Եվ հենց այս հարցի շուրջ ունեցած տարակերպ մոտեցումներն էլ կանխորոշել ու կանխորոշում էին ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք նոր բանաձևի նկատմամբ յուրաքանչյուրի դիրքորոշումը: Նրանք, ովքեր ընդունում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, թեև ձևի համար կեսբերան ասում են, թե չէին ցանկանա, որ մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, գործնականում բացահայտորեն ցանկանում էին, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը մեր պատվիրակությանը զրկի ձայնի իրավունքից: Նրանք, ովքեր Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մեղադրանքը անհիմն են համարում` նման պատժամիջոցի կիրառումը անհավանական ու անցանկալի էին բնորոշում: Ո՞ր դիրքորոշումն է ավելի արդարացի: Քաղբանտարկյալների առկայության պատրվակով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը բոլոր պարագաներում կլիներ կարճամիտ որոշում: Ինչու՞: Նախ, երկրում քաղբանտարկյալների առկայութան կամ բացակայության մասին կարելի է խոսել միայն և միմիայն դատական հետաքննության ավարտից և դատավճիռների հրապարակումից հետո: Քրեական հանցագործությունների, մանավանդ հակասահմանադրական ճանապարհով իշխանության բռնազավթման մեջ մեղադրվողների քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցը որևէ քաղաքական մարմնում, տվյալ դեպքում ԵԽԽՎ-ում քվեարկությամբ որոշելու հարց չէ, այլ` դատարանում մեղադրանքի ապացուցման կամ ապացույցների անբավարարության, բացակայության կամ ակնհայտորեն անհամոզիչ լինելու խնդիր է: Մինչև կալանավորվելը, քաղաքական գործիչ լինելը չափազանց քիչ է, որպեսզի ենթադրվի, թե տվյալ մարդը քրեական հանցագործություն չի կատարել կամ չէր կարող կատարել, հետևաբար նա, իբր, ինչպես ասում են` «խղճի կալանավոր» է, հետապնդվում է զուտ իր քաղաքական հայացքների համար: Հիմնավոր է այն տպավորությունը, որ մեր ենթադրյալ 7 քաղբանտարկյալները, ովքեր համարվում են մարտի 1-ի ողբերգության գլխավոր կազմակերպիչներն ու հրահրողները, հենց դրա համար էլ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում, դատարանի դահլիճը վեր էին ածում հանրահավաքային հրապարակի, որպեսզի խափանեն դատական նիստերի կայացումը, անհնարին դարձնեն գոնե մեղադրական եզրակացության հրապարակումը` մինչև ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկումը: Նման մարտավարությունն ունի առնվազն երեք թաքուն ենթատեքստ: 1-ին` մարդիկ գիտակցաբար երկարաձգում էին բանտում իրենց մնալու ժամկետը, միայն թե աշխարհով մեկ վարկաբեկեին ու գցեին երկրի իշխանությունների հեղինակությունը: Որովհետև կարծում են, թե երկիրն ու իշխանությունները միևնույն բանն են: Սա մեծագույն մոլորություն է և շատ է հիշեցնում ժողովրդական առակը, թե թող Աստված իմ մեկ աչքը հանի, միայն թե մյուսի…երկու° աչքը հանի: Իրականում` Հայաստանի հանդեպ պատժամիջոցները միայն իշխանություններին չեն վարկաբեկում, այլ գցում են Հայաստան պետության, ամբողջ հայ ժողովրդի հեղինակությունը: Եվ դրա հնարավոր անցանկալի հետևանքներն զգալու ենք բոլորս` ազգովի: 2-րդ` այս կերպ փորձում են հարկադրել գործող իշխանությանը` մինչև ԵԽԽՎ նիստը իրենց ազատ արձակելու բանտից և համաներման կամ որևէ այլ պատճառաբա նությամբ դադարեցնելու քրեական հետապնդումը իրենց նկատմամբ: Ինչպես տեսանք` այդ մարտավարությունը արդյունք չտվեց: Անգամ ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը, մեր պատվիրակությանը այդ միջազգային կառույցում ձայնից զրկելու սպառնալիքը չօգնեց, որ իշխանությունը զիջումներ անի: 3-րդ` դատարանի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող և իրենք իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորների, ինչպես նաև դրսից նրանց ոգի ներշնչողների մյուս դիտավորությունն էլ այն է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հանդեպ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում իրենք առիթ ունենան աշխարհով մեկ աղաղակելու, թե Հայաստանը ոչ ժողովրդավարական, բռնակալական երկիր է: Ասել է թե` ինչպիսին էլ լինի դատարանի վճիռը, ինչքան էլ դատական քննության ընթացքում հաստատվի 7 գլխավոր մեղադրյալներին մեղսագրվող հանցանքը, իրենք, իբր, իրականում անմեղ են, քաղաքական հալածյալներ են, ուստի դատարանով հաստատված ապացույցներին չպիտի հավատալ: Այս պարագայում 7 գլխավոր մեղադրյալները և դրսից նրանց սատարող-հրահրող ընդդիմադիր գործիչները զոհաբերում են հենց այդ 7-ի… գլուխը, որպեսզի փրկեն…սեփական դեմքը: Բանտարկյալ ընկերների մարդկային ճակատագիրը քաղաքական պայքարի միջոց դարձնողները այդ կերպ հետագա քաղաքական գործունեության հնարավո րություն են ապահովում իրենց համար` այսօր, և ներկայիս կալանյալների համար` վաղը, երբ նրանք վաղ թե ուշ բանտից դուրս գան: Հազիվ թե ԵԽԽՎ-ում միամիտ մարդիկ են նստած, և դատարանի դահլիճում ու նրանից դուրս դատարանի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման դրդապատճառները նրանց համար անտեսանելի կամ անհասկանալի են: Ուստի դժվար էր հավատալ, թե հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կդիմի: Պատիժներով երկրին չեն օգնում, վնասում են: Եթե իշխանություններն իսկապես ժողովրդավարությունից շեղումներ են թույլ տվել, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը լիովին ազատ կարձակեր նրանց ձեռքերը և նրանք այլևս ոչնչով չէին կաշկանդվի` անցանկալիներին այս կամ այն կերպ ճնշելիս: Ի վերջո, ինչպես ռուսական խոսքն է ասում` իսկ դատավորնե՞րն ովքեր են: Խորապես համոզված եմ, որ ԵԽԽՎ-ն, որպես ակնհայտորեն երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական մարմին, վաղուց արդեն վարկաբեկել է ինքն իրեն: Եվրոպային անհրաժեշտ են շատ ավելի արդարացի սկզբունքներով կազմավորվող և առավել անկողմնակալ միջազգային կառույցներ: Ի դեպ, միջազգային շատ մեկնաբաններ և նույնիսկ հանրահայտ պայծառատեսներ վաղուց են կարծիք հայտնել, թե այսօրվա Միացյալ Եվրոպան, իր բոլոր ժամանակավրեպ ու անարդար կառույցներով, շուտով փլուզվելու է, ձևավորվելու են նոր կառույցներ, նոր Եվրոպա: Ուստի հարկավոր է վերջ տալ ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ երեկ արդեն ընդունված նոր բանաձևի շուրջ բարձրացված անհարկի իրարանցմանը և մեկընդմիշտ հիշել, որ քաղաքակիրթ երկրներում իրեն հարգող ամենաարմատական ընդդիմությունն անգամ առաջնորդվում է պետության շահերով: Իսկ արտաքին աշխարհում պետության թիվ 1 շահը նրա հեղինակությունը բարձրացնելն է կամ` գոնե չարատավորելը: