ԼՐԱՀՈՍ
p Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Շվեյցարահայ համայնքի հետ p Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարեկան ընտրական համաժողովին: Համաժողովում ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա պարգեւներ է հանձնել մի խումբ վետերանների` շախմատի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է նաեւ շախմատի Հայաստանի առաջնության հաղթողներին:- p ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ուղղակի երկխոսություն է վարելու Իրանի հետ, սակայն դրա համար Իրանը պետք է կատարի իր լաբորատորիաներում հարստացված ուրանի արտադրությունը դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը: Այդ պահանջի կատարումից հրաժարվելը միայն կուժեղացնի միջազգային ճնշումը Իրանի իշխանությունների վրա, ասված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Սյուզան Ռայսի արած հայտարարության մեջ: Բարաք Օբաման իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել է կարգավորել երկխոսությունը Թեհրանի հետ: Իրենց հերթին իրանական իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի նկատմամբ իրենց դիրքորոշումը վերանայելու պատրաստակամության մասին: Վրաստանի արտգործնախարարը հոռետեսորեն է տրամադրված Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման հարցում: p Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հավաստել է, որ Թբիլիսին նախկինի պես Մոսկվայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար խոչընդոտ է համարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրադրությունը: «Ես հոռետեսորեն եմ տրամադրված Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման հարցում»,-հայտարարել է նա այսօր «Վրեմյա նովոստեյ» թերթում հրապարակված հարցազրույցում: Վաշաձեն հիշեցրել է, որ հունվարի 9-ին ինքը Վաշինգտոնում ստորագրել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական համագործակցության խարտիան: «Ես պատրաստ եմ համապատասխան փաստաթուղթ ստորագրել Մոսկվայի հետ, բայց միայն եթե Ռուսաստանը սովորի հարգել հիմնարար բաներ, այն է` Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը, հավելելով, որ «առայժմ Մոսկվան նման մտադրություն հանդես չի բերում»: (ԱՐՄԵՆՊՐԵՍ)