-ՊԱՏՐԱ°ՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ:
Հունվար ամիսը հոբելյանական էր հայրենիքին, ռազմական գործին նվիրված երկու հայորդիների համար: Գնդապետներ Ռուբեն Բախշյանը և Հրաչյա Հակոբյանը դարձան 70 տարեկան: Շնորհավորելով նրանց, մաղթում ենք առողջ և անհոգ օրեր, երկար կյանք ու երջանկություն: Լրացավ հայրենիքի նվիրյալ զավակներից մեկի` Ռուբեն Թևատրոսի ԲԱԽՇՅԱՆԻ 70-ամյակը: Նա մեծ ներդրումներ է ունեցել Հայոց ազգային բանակի կազմավորման և հզորացման գործում, շարունակում է ակտիվ մասնակցել երիտասարդության ռազմահայրենասիրական միջոցառումներին: Ռ. Թ. Բախշյանը ծնվել է Գորիսի Հալիձոր գյուղում: Հայրը 1942 թ. նոյեմբերին անհայտ կորել է Կովկասի ճակատամարտի թեժ կռիվների ժամանակ, մայրը մեծացրել է երեք դուստրերին ու երկու որդիներին: Հարազատ գյուղի 7-ամյա դպրոցից հետո սովորել և գերազանցությամբ ավարտել է Շինուհայրի միջնակարգը: Մինչև զորակոչվելը աշխատել է գյուղում` որպես ակումբի վարիչ, ընտրվել կոմերիտական կազմակերպության քարտուղար: Ժամկետային զինծառայությունը անցել է հրետանու գնդի սերժանտական դպրոցում, որտեղից 1959 թ. ընդունվել է Թիֆլիսի հրետանու ուսումնարանը, ավարտել 1962 թ. կարմիր դիպլոմով: Սպայական ծառայությունը շարունակել է հրթիռային և զենիթա-հրթիռային զորամիավորումներում, 1976 թ. ստանձնել զենիթա-հրթիռային միավորման հրամանատարի, քաղբաժնի պետի պաշտոնը: 1974 թ. ավարտել է Մոսկվայի ռազմա-քաղաքական ակադեմիան, 1980 թ.` բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1982 թ. նրան շնորհվել է գնդապետի կոչում: Ընտրվել է բազմաթիվ քաղաքային, շրջանային պատգամավոր, մասնակցել համագումարների, կոնֆերանսների, սեսիաների աշխատանքներին, ավելի քան 12 տարի` Արթիկ շրջկոմի բյուրոյի անդամ: 1989 թ. օգոստոսին զորացրվել է սահմանային տարիքի կապակցությամբ: Ազգային ազատագրական շարժմանը մասնակցել է Սումգայիթի կոտորածից հետո, ցուցաբերել համապատասխան օգնություն Արթիկի ջոկատին: 1990 թ. դիմել է ՀՀ Գերագույն խորհուրդ` բանակաշինության գործընթացին իր հնարավորությունները ներդնելու նպատակով, 1991 թ. ընդունվել է Հայաստանի սպաների միություն, Կառավարութ յանն առընթեր նորաստեղծ Պաշտպանության կոմիտեում գլխավորել կադրերի բաժինը, 1992 թ. փետրվարից ստանձնել ՊՆ կազմմոբիլիզացիոն բաժինը: Այստեղ է պլանավորվել պահեստազորների 3-ամսյա անցկացումը ութ տարբեր ուսումնական կենտրոններում, առաջին զորակոչը մայիս-հունիս ամիսներին, ԽՍՀՄ 7-րդ բանակի մոտ 70 զորամասերի և ծառայությունների ընդունումը, (ինքը գլխավորել է Արթիկի զորամիավորման ընդունման հանձնաժողովը), մշակվել նոր ստեղծվող զորամասերի հաստիքները և նրանց տեղաբաշխման իրավական հիմքերը, գլխավորել է մասնագետների խումբը և Գերագույն խորհրդում մշակվել են օրենքների նախագծերը. «Զինապարտության մասին», «Պաշտպանության մասին», «Սահմանի մասին», «Ալտերնատիվ ծառայության մասին»: 1993 թ. հոկտեմբերին գեներալ Գ. Դալիբալթայանի հրավերով ծառայության է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում որպես Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, շտաբի պետ: 1996-97 թթ. Վ. Սարգսյանի հրամանով նշանակվել է ՊՆ ԲԶԲՀՈՒ պետի տեղակալ ուսման գծով, վերամշակել նոր ծրագրեր ութ մասնագիտությունների համար, որպեսզի 1998 թ. առաջին շրջանավարտները ստանան բարձրագույն կրթության դիպլոմ: 1994 թ. փետրվարին գլխավորել է Սևանի Հանրապետական շտաբի մոբիլիզացիայի բաժինը, որի աշխատանքը բարձր են գնահատել Վ. Սարգսյանը և Ա. Գոմցյանը: Բոլոր ստանձնած պաշտոններում գ-տ Ռ. Թ. Բախշյանը եղել է բանիմաց, պարտաճանաչ, կարգապահ և սկզբունքային, վայելել է կոլեկտիվների հարգանքը: