Անմահության գաղտնարանում


Կարճատև է երկրային անցողիկ կյանքը արվեստագետի անհատականության մեծության սահմանները ճշգրիտ չափագրելու համար: Քանի¯- քանիսն են մոռացության գիրկն անցել ֆիզիկական մահով` հնչեղ անուն լինելով ապրած օրերին: Մնայուն արժեքները, իսկապես, «ուշ-ուշ են ծնվում, բայց ոչ` ուշացած»: Անմահանում են ժամանակի անսահմանության ծիրում և իրենցով հաստատում անմահության գաղափարը մարդկային հիշողության դարեդարս ծալքերում: Աստծո քարտուղար բանաստեղծները, դառնալով ապրած ժամանակի շունչն ու ոգին, ի վերուստ շնորհված պատկերավոր գրչով կյանքից ու մարդկային հանճարի գանձարանից ուշիմ մտքով քաղած իմաստնությամբ թարգմանում են մարդու հոգում անթեղվածը, զրնգացնում ներաշխարհի քնքույշ լարերը: կողմնորոշում աշխարհայացքը` անսայթաք գտնելով նաև մտքի բանալին: Եվ… ապագայի իմաստուն կանխատեսությամբ զգոնացնում սերունդներին: Անընթերցող մեր օրերում Պարույր Սևակի զրնգուն ներկայությունը անձեռակերտ հուշակոթողն է բանաստեղծի անմահության: Ծննդյան 85-ամյակի առիթով դեպի երբեմնի Չանախչի յուրատիպ ուխտագնացություն կատարողների տարասերունդ հավաքականությունը ամենախոսուն վկայությունն է մարդուն ափի մեջ պայծառ մտքի ողջ խորաթափանցությամբ բացահայտած, քանքարավոր նախնիների ու համայն մարդկության հոգևոր-մշակութային արժեքներով նորովի իմաստավորած հայ պոեզիայի անլռելի զանգակատան չմարող հնչեղության: Մահվան և ծննդյան օրերի ամենամյա նշանավորման սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթը` ՀԳՄ սահմանած ամենամյա գրական մրցանակաբաշխությամբ, նույնպես: Պատահական չէ, որ անժամանակ կորստյան ցավով ուխտագնացների առաջին խումբը` Երևանի Ստարովոյտովայի անվան դպրոցի ուսուցչաաշակերտական կազմը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի օրհնությամբ աղոթքից ու մոմավառությունից հետո է ուղևորվում Զանգակատուն` ճանապարհին ծաղկադրելով ճակատագրական ավտովթարի տեղում կանգնեցված հուշաքարի մոտ` «Ավետիս» երգչախմբի հնչեցրած շարականի տրտում տրամադրությամբ միանալով գրողներից, լրագրողներից, պետական պաշտոնյաներից, ազատամարտիկներից, սևակյան պոեզիայի երկրպագուներից կազմված մյուս խմբերին: Բանաստեղծն ապրում է, քանի դեռ սերունդները հնչեցնում են իր երգերը: Մարդկային ես-ն ու համազգային մենք-ը միաձուլած բանաստեղծի պարզ ու խորունկ երգերը չդադարեցին հնչել թանգարան դարձած տանը, մեծությունը յուրովի խորհրդանշող շիրմաքարի մոտ` Կոմիտասի երաժշտությունից անբաժան: Նույնիսկ ոմանց ծայրահեղ պաթետիզմն էր օրվա խորհրդով արդարացվում, չնայած անհարիր էր սևակյան բանաստեղծության անսեթևեթ ոգուն ու շնչին: Խորհրդանշական էր, որ Համադաշնության երկրների «Դեբյուտ» միջազգային մրցույթում նորարարության համար շահած մրցանակը Սևակի ավանդները որդեգրած երիտասարդ բանաստեղծ Վահե Արսենին հանձնվեց հենց այստեղ: Նրան ու սերնդակից մյուս պոետներին մնում է հավատարիմ լինել ընտրած հավատամքին` սեփական գրչի հզորացմամբ դառնալ արժանի շարունակողը Սևակի չգրված երգերի, վերծանել մեր օրերի բովանդակությունը քաղաքացիական բարձր գիտակցությամբ, համաշխարհային մշակութային գանձարանից պարբերաբար հարստացող աշխարհընկալմամբ: Անմահության կենդանի նշանները տարեցտարի զարմանալիորեն ավելանում են: Արարատի մարզի ՀԳՄ նորաբաց մասնաճյուղը` «Պարույր Սևակ» մրցանակակիր բանաստեղծ Կամո Մանասեի նախագահությամբ, ամենախոսուն նորահայտներից է: Եվ եթե իր գրանպաստ գործունեությամբ աչքի ընկնի, կարժանանա տաղանդաշատ համերկրացու անունը կրելու պատվին: Սևակյան օրերի շարանը, սկիզբ առնելով Երևանում, իր շարունակությունն էլ գտնում է մայրաքաղաքում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի» կազմակերպած գրական-երաժշտական երեկոն` սևակյան խորագրով նկարների ցուցադրությամբ, համարժեք բովանդակությամբ հարստացրեց ծննդյան հաջորդ օրը: Ինքը` Սևակը դեռ երկար կհարստացնի իր պոեզիային, ողջ ժառանգությանը պարբերաբար հաղորդակցվող հին ու նոր երկրպագուներին` գրչով վարպետորեն կերտած ուրույն աշխարհի մնայուն գանձերով: ՏՈՀՄԱՆՎԱՆ ԽՈՐՀՐԴՈՎ... Այսպես էլ է պատահում: Տարիների բեռի տակ կքելով մոտենում ես ծերության շեմին, ներս մտնելուց առաջ, ասես ակամա, մտքի հետահայաց կենտրոնացմամբ թոթափում մոռացության թանձրացող մշուշը ապրածդ օրերի կարծրաշերտերից և, հանկարծ, կենսափորձիդ կուտակումների իմաստնափայլատակմամբ, պայծառատեսի զարմանահրաշ խորաթափանցությամբ բացահայտում առեղծվածային թվացած միջադեպերն ու ճակատագրի քմահաճ հանգամանքները: Միանգամից ցամաքում են ինքնախաբեության պատրանքածին բոլոր ավիշները: Սոսկ երևակայության ցնորք երկրորդ ծննդյան հավանականության երանությունն` ամենից առաջ: Ու ստիպված ես լինում ընդունել օբյեկտիվ իրականության դառնահաբը` պիտի անցնեիր կյանքիդ ճամփան հենց այսպես: Եթե-ների ինքնօրորով այլևս ոչինչ չես փոխի… …Պատահականության օրինաչափությամբ` Ալեքսանդր ԹԱՔԼՉՅԱՆԻ ծնողները` սեբաստացի Առաքելը և ղարսեցի սիրունիկ Արուսը, Մեծ Եղեռնից հրաշքով փրկվելով ամերիկյան էժանագին վիզաներով և անզավակ հույն ընտանիքի որդեգրությամբ, Միացյալ Նահանգներից ու Աթենքից հայրենադարձության ալիքով 1932-ին ափ նետվելով Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում, ամուսնության դաշինք պիտի կնքեին: Չարքաշ աշխատանքով, քուսպից թունավորումներով, հացի ամսեկան կտրոնների կորստյան ցավով, բայց ազնիվ ու հպարտ կենսակերպով պիտի մեծացնեին սիրասուն որդուն, կրթության տային: Մեծ Հայրենականի թոհուբոհում անցած դժվարին մանկությունը միևնույն է ոսկեզօծվելու էր` պայծառ երազանքների հեքիաթային բովանդակությամբ միս ու արյուն ստանալով: Տոհմանվան ներթաքույց խորհուրդը («թաքլչ»` թարգմանաբար «ծաղրածու»…) ի հայտ էր գալու բարեսիրտ հարևանուհու` «Կենցաղ-արտել»-ի հավաքարարուհու մեն-մի հրավերով օպերետային թատրոն: Ի հեճուկս տնտեսական ծանրագույն պայմանների` պետականորեն խթանվում էր հասարակության համատարած մշակութային հետաքրքրասիրությունը: Պարզագույն հնարքով: Երաժշտական կոմեդիայի թատրոնի տարեկան մշտական տոմսը, նախատեսված 2 հոգու համար, փոխանցվում էր մի աշխատողից մյուսին` հնարավորություն տալով անմիջականորեն հաղորդակցվելու Մելպոմե նայի կախարդանքին: Շատերի մոտ հետաքրքրությունը վերաճում էր հոգևոր պահանջի, սիրո, պաշտամունքի: Տակավին անխամրելի են 11-ամյա Ալեքսանդրի վառվռուն տպավորությունները այդ առաջին այցելությունից թատերաշխարհ: «Հին հիվանդություն» ժամանակակից պիեսում ինչ-որ կարի արտելի տնօրենի դերում հանդես եկող Թաթիկ Սարյանի կենսաշխույժ խաղի ներգործությամբ ծիծաղից տարուբերվող հանդիսասրահը, Հայաստանի խորհրդարանի հնաոճ, պատկառազդու շենքը` շքեղ սանդղաշարով, մեծադիր հայելիով, քանդակներով, նեղ ու երկար դահլիճով, կահույքով… Մոգական ուժով դեպի իրեն էր ձգում արտասովոր թատրոն երևույթը: Շիկամազ, շարժունակ պատանյակը, արժանանալով ողջ աշխատակազմի բարեհաճությանը, բաց չէր թողնում որևէ ներկայացում: Անսանձ երևակայության թռիչքին թևեր է տալիս պաշտելի ուսուցչուհու` Մարուսյա Մովսիսյանի ներարկած սերը գրականության հանդեպ: Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը յուրատիպ թատերական նախակրթարանի արժեք է ձեռք բերում տարեցտարի: Նախաձեռնած ասմունքի և թատերական խմբակներում հարաճուն եռուզեռով ծնունդ են առնում դպրոցական մի շարք ուշագրավ ներկայացումներ` հայ և ռուս դասականների պատանեկան խենթուխելառ թոթովանքներ: Ութերորդում էր, երբ մեջքով դեպի դահլիճը դարձած 6 դերակատարներով, առավելապես երաժշտալեզվով տպավորվեց «Չինովնիկի մահ»-ի ուրույն բեմադրատեսիլքով: Երբ կարիքից դրդված աշխատանքի անցավ Սունդուկյանի անվան թատրոնում, բեմադրական մասի վարիչ Սերգեյ Դալաքաշվիլու բարի կամքով, դասերից հետո «պարելով» ծանր դեկորացիաներն էր տեղադրում բեմի վրա, ապա շունչ առնում երեկոյան ներկայացումների ժամանակ` Օլգա Գուլազյան-Տատիկով, Փափազյան-Արբենինով, Ջանիբեկյան-Գրիգոր աղայով… Հապա Վարդան Աճեմյանի փորձերը` Գիգի Տեր-Գրիգորյանի կամ Դերենիկ Դեմիրճյանի մասնակցությամբ: «Իմ սիրտը լեռներում է» լեգենդ դարձած ներկայացմանը Վիլյամ Սարոյանի` մանկական անմիջականությամբ պոռթկած հիացմունքը. «Վարդա՞ն, դո՞ւ ես արել… Աս փոքր մարդը հրաշագործ է» - հիմա էլ զրնգուն կենդանանում է` տեսաժապավենին դաջված կարծես: Որդիական պատրաստակամությամբ կատարում էր Մայր բեմի ցայտուն անհատականությունների տարբեր հանձնարարությունները, ուշի-ուշով կլանում դեռևս չայրված հին շենքի մերձակա այգում հանգստի պահերին հորդացող պատմությունները, ակամա մասնակիցն ու ականատեսը դառնում բազում զավեշտախառն միջադեպերի, որոնցով այսօր մի ստվարածավալ թատերապատում կարելի է կազմել: «Սաշաս, ո՞ւր է Սաշաս»,- հնչում էր իր վարպետի` Արման Կոթիկյանի կանչը, որով բացվում էր թատրոնի աշխատանքային առօրյան` անեկդոտի վերածվող, առաջին հայացքից սովորական դրվագներով առլեցուն: Ըմբոշխնելով հայ բեմի մեծանուն արտիստների անզուգական խաղի կենդանի հմայքը` չի էլ համարձակվում դպրոցից անմիջապես հետո դիմել թատերական ինստիտուտ: Շարունակում է աշխատել որպես բեմի բանվոր: 1956-ին առաջին անգամ հանդես է գալիս Աբեղայի անխոս դերով Փափազյանի բեմադրած «Ուրիել Ակոստա»-ում (Կ. Գուցկով): Հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների խմբագրությունում, որպես ռեժիսորի օգնական աշխատելիս, դերասանական մի քանի փորձեր է անում: Ի վերջո, 1962-ին ընդունվում է Գեղարվեստաթատերականի դերասանական բաժինը, ուսանողներից շատերի նման վարակվում օպերային արվեստի պաշտամունքով: Վավիկ Վարդանյանի արվեստանոցում ուսանելու տարիներին էլ լծվում է Մոսկվայի "հՏՉՐպՎպվվՌՍ"-ի ներշնչանքով Երևանում երիտասարդական թատրոն հիմնելու կազմակերպչական աշխատանքներին: Նյութական պայմանների թելադրանքով չի շարունակում ուսումը Վաթխանգովյան թատերաստուդիայի հեռակա բաժնում` մասունքի նման փայփայելով երկշաբաթյա դասախոսությունների հուշը: Խանդավառ համախոհների ջանքերով, մեր ռուսական թատրոնի նորահաստատ գլխավոր բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ, ստեղծվում է «Արշալույս»-ը` իր մասին ազդարարելով Վ. Ռոզովի «Հարսանիքի օրը» ներկայաց մամբ, որում Թաքչլյանը հանդես եկավ Նիկոլայի դերով: Զորայր Խալափյանի «Հրաշք երեխա»-ին հաջորդում է Նիկոլայ Ծատուրյանի դիպլոմային աշխատանքը` Եվգ. Շվարցի «Երկու թխկենի»-ն: Հանգամանքների բերումով` «Արշալույս»-ը 1967-ին դառնում է ՀԹԸ նախագահ Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնած թատրոն-ստուդիայի, ապա Դրամատիկի կորիզը: Նույն եռանդով աջակցելով Ղափլանյանին` Թաքլչյանը հընթացս մարմնավորում է Մարեկի («Գիշերային պատմություն»), Երկրորդ սպայի («Լավատեսական ողբերգութ յուն»), Տերների («Հեքլբերիֆինիի արկածները»), Հրեշտակի («Աստվածային կատակերգություն») և մի քանի ուրիշ կերպարներ: Հախուռն ճշմարտախոսությամբ ու անզիջում անհանդուրժողականությամբ շուտով դժվարանում է մերվել ներկուլիսային ինչ-ինչ դրսևորումների հետ: Հեռանալով 1974-ին` որպես ռեժիսորի ասիստենտ աշխատում է Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում, որը ղեկավարում էր հայտնի կինոբեմադրիչ Յուրի Երզնկյանը: Հրաժեշտ տալով Տարտյուֆ և Հորացիո երբևէ խաղալու երազանքին` 1976-ին ոտք է դնում Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Բեմարվեստի իրեն անծանոթ տեսակին հարմարվելու արտասվախառն փորձաշրջանն անցնելուց, քիչ թե շատ վարպետանալուց հետո սիրով հաստատվում է ստեղծագործական նոր կոլեկտիվում: Արդեն 33 տարի: Հարյուրից ավելի տարաբնույթ դերերից ամենահաջողվածները իր թատերական կենսագրության նոր մնայուն էջերն են իմաստավորում: Հարևանը («Ակամա երաժիշտներ»), Ծիկլոն («Դիպլիպիտո»), Սատանան («Բեթղեհեմի աստղի տակ»), Ծերուկը («Ոսկե ձկնիկ»), Աբիսողոմ աղան («Ծաղկի փողոց, թիվ 2»), Զորապետը («Թզուկի երգը»), Սիակուզեցի վաճառականը («Սխալների կատակերգություն»)… Եվ, իհարկե, Թագավորը («Անհաղթ աքլորը»): Ամենաերկարակյաց դերակատարումը` ամենից ավելի մրցանակված, չծերացող ասելիքով ներկայացման (բեմադրիչ` Երվանդ Մանարյան): «Թագավորին խաղում է իր շրջապատը` ահա «Անհաղթ աքլոր»-ի և նրանում Թաքլչյանի կերպավորած թագավորի 30-ամյա կենսունակության բանալին,- դերասան-տիկնիկավարի բենեֆիսամուտին ասում է Ռուբեն Բաբայանը:- Լինենք մեր թագավորին արժանի շրջապատը:…Տիկ նիկայինի առօրյան այսօր անպատկերացնելի է առանց Թաքլչյանի հումորի, ամեն նախաձեռնվող գործին իր լուման ներդնելու անգնահատելի հատկության»: Չունենալով հանրաճանաչման համար անհրաժեշտ մեծ դերեր (գլխավոր հաղթաթուղթը կինոն է, որում գրեթե աննկատ է մնացել` մոտ մեկ տասնյակ փոքրածավալ աշխատանքներով 6 «Բումերանգ»-ներում, «Համագյուղացիներ», «Արշակ Երկրորդ» և «Անիծվածները» ֆիլմերում)` տիտղոսների ու ներկայացուցչական պարգևների չի արժանացել, չնայած ծանրակշիռ ավանդին ընթացիկ թատերաշինության մեջ: Գուցե թե այդ նկատառումով` տիկնիկայինի գործընկերները ոչինչ չէին խնայել մեծարման հանդիսությանը հիշարժան տոնականություն հաղորդելու համար: Անչար, հումորաշաղախ տիկնիկապատումով, շարունակական երգ ու պարով, հին ու նոր խաղընկերների հանպատրաստից ելույթներով… ՀՀ մշակույթի նախարարությունը սոսկ պատվոգրի էր արժանացրել Թաքլչյանի 53-ամյա թատերատքնանքը, իսկ ՀԹԳՄ-ն մի «թաշկինակով» էլ չէր պատվել 43 տարիների անդամակցությունը: Թատրոնի նվիրյալի այս խոշոր շտրիխներով արված դիմանկարի փորձը ևս, կարծում եմ, կմեղմի «30-ամյա Թագավորի» անտեսվածության դառնությունը: Կարևորը, որ նա, արդեն հոգնած, բայց վաստակած` շարունակում է մնալ երեխաների միտքն ու սիրտը հղկողների մարտական շարքերում և ինքն էլ, մանկան նման պարզ ու անկեղծ, այլևս անբաժանելի է համարում իրեն այս թատերաընտանիքից:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ