«Ես հավատում եմ քեզ...»


Երբ 2007-ի տարեմուտին «Hanguyc.am» կայքը դիմեց ուսանող երիտասարդությանը իրենց երազանքները Ձմեռ պապին հասցեագրելու, շատերը անակնկալի եկան: Արձագանքները, սակայն, հուշեցին, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մանավանդ` Ամանորի գիշերը, երբ ԵՊՀ-ում տեղադրված արկղիկում հավաքված նամակ-ցանկությունները օդապարիկներով վեր բարձրացան: - Այս տարի ընդլայնելով ծրագիրը, Hanguyc.am-ը 45 արկղիկներ էր տեղադրել (գրեթե բոլոր բուհերում) ու Ձմեռ պապին երազանքներ ուղղելու հնարավորություն էր ընձեռել նաև ինտերնետով (առանց տարիքային սահմանափակման): - ...Եկե°ք գրենք մեր ամենահամարձակ, ամենախենթ, ամենաբաղձալի¯ երազանքները և դրանք այս Ամանորի հեքիաթային գիշերը բոլորս միասին ուղարկենք Երկինք... Այս առաջարկին արձագանքել էին հազարավոր երիտասարդներ, և ինչպես խոստացվել էր ամենաինքնատիպ ցանկությունների 12 հեղինակներն արժանացել են խրախուսանքների: Ընդ որում խրախուսական մրցանակներից զատ, ոմանց ցանկությունը նույնիսկ կատարելու պատրաստակամություն է հայտնել «Հանգույց» ակումբը (հիմնադիր` Մհեր Աբրահամյան), որն առաջիկայում կտպագրի նամակագիրների մի քանի գրքեր ու կձայնագրի նրանց երգերը: Ներկայացնենք հատվածներ լավագույն նամակներից: Հետաքրքիր է, չէ՞. որքան մեծանում ենք, այնքան մանկանալ ենք ուզում: Ես ուզում եմ գոնե մի քանի րոպեով մանուկ դառնալ, որպեսզի ամբողջովին քեզ հավատամ: Որպեսզի ես` այս խենթ ու խելառ մանչուկս, ընկնեմ երազանքների գիրկն ու… սպասեմ ամանորյա հրաշքին: Բարև°, Ձմե°ռ պապիկ: Ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո ստեղծած հրաշքին: Խնդրում եմ, այնպես արա, որ մարդիկ հավատան քեզ, հավատան ու սպասեն Ամանորին, որովհետև այս տոնին սպասում են միայն երջանիկներն ու նրանք, ովքեր ուզում են դառնալ երջանիկ, նրանք, ովքեր անմեղ են և ուզում են Նոր տարվա հետ դառնալ անմեղ: Սպասում են մեծերն ու փոքրերը, բայց… չեն սպասում հուսահատվածները, չեն սպասում նրանք, ովքեր չեն հավատում, որ այս աշխարհում հրաշքներ դեռ լինում են: Խնդրում եմ, օգնի°ր, որ նրանք հույսով լցվեն ու չվախենան: Արա° այնպես, որ չլինեն պատերազմները ո°չ միայն աշխարհում, այլև երկրի ներսում, ընտանիքներում, չլինեն վեճերն ու անհամերաշխությունները: Օգնի°ր, որ հարազատները միմյանց հասկանան: Հրա°շք գործիր, որ եղբայրը եղբորը, քույրը քրոջը, ծնողը երեխային չարհամարհի, թո°ղ որ սիրեն միմյանց բոլորը, թո°ղ որ բոլորը սպասեն այս տոնին: Ձմե°ռ պապիկ, թող Նոր տարվա գիշերը հրաշք լինի, ու բոլոր սիրող սրտերը միանան, թո°ղ որ բոլոր նրանք, ովքեր չեն մայրացել, զգան մայրության բերկրանքը, նրանք, ում սրտում չարն է բույն դրել, հավատան, որ կա նաև բարի, և բարին այդ չարից ուժեղ է, չարից մաքուր է ու գեղեցիկ: Ձմե°ռ պապիկ, ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո ստեղծած հրաշքին ու սպասում եմ, որ այս տարի այդ հրաշքն ինձ հետ էլ կկատարվի: Ն. ՄԱԿԱՐՅԱՆ Տոնական զարդարված փողոցներ, լույսերով պատված խանութի ցուցափեղկեր, ամենուր եղևնիներ ու Ձմեռ պապիկներ… Բայց այս ամենը մի վայրկյանում խավարով պատվեց ու անշքացավ, երբ հանկարծ լսեցի մոր և որդու խոսակցությունը (անկեղծ եմ ասում` ականջ չէի դնում. դա պատահեց ակամա): Որդին հարցնում էր մորը. - Մայրիկ, ինձ ի՞նչ նվեր ես տալու Նոր տարուն: Փոքր ինչ զայրացած` հնչում է մոր պատասխանը. - Ոչինչ, փող չկա: - Ինչո՞ւ պիտի մեր հարևան Գոռիկը ստանա նոր հեռախոս, իսկ ես` ինչպես միշտ մի փոքրիկ տոպրակ Ձմեռ պապիկի կողմից` լի մրգերով, ընկույզներով ու կոնֆետներով: Վե°րջ: Չեմ ուզում, այլևս չեմ վերցնի այդ անիծյալ տոպրակը: Սակայն խեղճ փոքրիկը չգիտեր, որ նրանցից քիչ հեռու` մետրոյի անցումի մոտ, ցնցոտիներով մոր կրծքին փարված փոքրիկը կերազեր այդ «անիծյալ» տոպրակի մասին: Աշխարհին խաղաղություն, բոլորին երջանկություն միշտ էլ ցանկացողներ կլինեն, իսկ ես թերևս կցանկանամ փող (որքան էլ տարօրինակ հնչի) բոլոր-բոլոր մարդկանց, անգամ հարուստներին ու միլիոնատերերին, որ էլ երբեք չհնչի «փող չկա» արտահայտությունը: