ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹԻՑ ԱՌԱՋ


Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը հենց առաջին օրից աչքի ընկավ մի շարք հետաքրքիր առանձնահատկություն ներով: Նախ` աստիճանաբար սկսում է խիստ երկարաշունչ թվալ օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը… Թե° հանրությունը և թե° առավել ևս քաղաքական շրջանակները, ինչպես ասում են, շունչները պահած, սպասում են ձևավորվելիք ամփոփ պատկերին: Եվ մինչ վերջնական տեսքի կգա թեկնածուների տասնյակը, անցնող շաբաթն էլ բավական էր համոզվելու, որ միասնական թեկնածու հայտնաբերելու կողմնակից ընդդիմադիրները նկատելիորեն շտապում են: Արդյունքում` անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու յուրաքանչյուր օրը փաստում է, որ ընտրապայքարում մրցելու են բազմաթիվ ընդդիմադիր թեկնածուներ, ձևավորվելու են թույլ ու համեմատաբար ուժեղ բևեռներ: Հետաքրքիր է, որ երկրորդ պարագան առարկայացված տեսնելու նպատակով ոմանց ընդհուպ մինչև փորձ է արվում «արհեստական շնչառություն» հաղորդել: Մասնավորապես ռամկավարների շուրջ մի քանի այլ քաղաքական ուժերի միավորումը (որոշ պնդումների համաձայն` ավելի ուշ Վազգեն Մանուկյանին սատարելու նպատակով) ուրիշ ոչնչի, քան հերթական պայմանական այլընտրանքը ներկայացնելու նախագծի մասին է վկայում: Նույն գործընթացն է շարունակվում նաև մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի` Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Վերջինիս սատարել պատրաստվողների թիվն օրերս ավելացավ ևս մեկով: Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ը, հաշվելով վերջին հանրահավաքում ներկայացված քաղաքական ուժերի «գլխաքանակը», եզրակացրեց, թե… նախկին Նախագահը ընդդիմադիրներից ամենամիասնականն է: Ի դեպ, գլխավոր ԺՈՒԿ-ի վերջին հայտարարությունը ակամայից հիշեցնում է մետելիցյան հանդիպաշարի` վաղուց կանխատեսելի ձախողման թեման: Նախաձեռնության գլխավոր կնքահայրերից մեկը` Պարույր Հայրիկյանը, անպտուղ վերջաբան ունեցած և այդպես էլ չկայացած միավորման պատմությունն այսպես է ամփոփում. «Քանի որ բոլորի հետ ենք խոսել, շատ հանգիստ կարելի է ասել, թե ով է ծախված, ով է սրիկա, ով է հոգեկան հիվանդ, ով է տականք…»: Փաստորեն, բազմափորձ Հայրիկյանը նույնպես, ով միշտ հպարտացել է իր անուղղելի լավատեսությամբ, աննկարագրելիորեն հիասթափված է իր գործընկեր-ընդդիմադիրներից: Ավելի անորոշ ու անհեթեթ իրավիճակ իսկապես չի լինում: Միասնական ընդդիմադիր թեկնածուի հարցը սկսեց խմորվել դեռ նախորդ ընտրություններից անմիջապես հետո, սակայն հերթական քվեարկության մեկնարկային փուլը նշանավորվում է հատկապես նույն այդ ընդդիմադիրների առաջադրումների հեղեղով: Ակնհայտորեն երկու կարևոր հանգամանք դարձյալ չեն համակցվում. յուրաքանչյուրի դեպքում Նախագահ դառնալու ցանկությունը կարևորվում է ընդդիմադիր միասնական թեկնածուի հեռանկարից: Հենց այդ պատճառով էլ նախկին ենթադրությունների փոխարեն այլևս կարելի է փաստել, որ ընդդիմությունը Նախագահի ընտրություններին մասնակցելու է տարբեր թիմերով, և նախորդող դառը փորձերից հայրենի արմատականների ճնշող մեծամասնությունը դարձյալ հետևություններ չի արել: Ինչ խոսք, ինքնադրսևորումների սպասվող շքերթն էլ իր հերթին հնարավո րություն կտա` բոլորի ասածներն էլ հերթով ծանր ու թեթև անել: Մինչ այդ արդեն սկսել են ավելի ընդգծվել բոլոր այն ներքին հակասությունները, որոնք սուր բախումներ են առաջացնելու հենց ընդդիմադիր թեկնածուների շրջանում: Օրեր առաջ, երբ պարզ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման հարցը լուծում չի ստանալու, իսկույն ևեթ պայքար սկսվեց նախկին արտգործնախարարի քվեներին տիրանալու համար: ԱԺ ընտրություններում նրա ստացած տոկոսները, որքան էլ համեստ լինեն, այդուհանդերձ «Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, որի առաջնորդի համակրանքներն ու հակակրանքները կամ կոնկրետ հայտարարությունը նշանակալի ազդեցություն կարող են ունենալ մի քանի տոկոսի համար պայքարող շատ ու շատ թեկնածուների համար: Եվ նման իրավիճակում այլևս կասկածից վեր է, որ նման հայտարարության հրապարակ գալու պահից սկսած` Րաֆֆիի աջակցությունն ակնկալողները նրան սկսելու են մեղադրել իշխանության հետ համագործակցելու և ընդդիմության հաջողությունը տապալելու գործում: Սակայն պարզ է, որ ցանկացած չգրանցվող կարող է ընդամենը մեկ այլ թեկնածուի սատարել: Այլ հարց է, որ չի բացառվում, թե այդպիսիք էլի կարող է լինեն: Եվ միգուցե նման պարագայում արդեն իրողություն դառնա չգրանցվողների տոկոսները համամասնորեն բաշխելու հեռանկարը: