Մեր թանապուրը ուրիշի ոչնչից լավ չէ՞


Կոսովոյում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ողջ շաբաթ մնում էին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրութ յան կենտրոնում: Արևմտյան ԶԼՄ-ները ցնծությամբ, ռուսականները` ակնհայտ հեգնանքով նշում էին, թե Եվրամիության անդամների մեծ մասը կոսովյան ընտրություններն անվերապահորեն գնահատում է իբրև «ժողովրդավարական»: Արտաքուստ իրոք այդպես էր` կոսովյան ընտրությունների լեգիտիմությունը կասկածի ենթարկելու որևէ հիմք կարծես թե չկար: Ասում եմ «կարծես թե», քանզի այս պարագայում կա շատ ավելի լուրջ մի պարադոքս: Կոսովոյում, փաստորեն, պետական կազմավորում կամ անկախ պետություն, թեկուզև միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված պետություն, դեռ չկա, իսկ ահա այդ առայժմ գոյություն չունեցող պետության օրենսդիր մարմինը…ընտրվե¯լ և միջազգայնորեն արդեն ճանաչվե¯լ է: Համեմատության համար նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չնայած միջազգային հանրության կողմից ճանաչված չէ, փաստորեն կա°, գոյություն ունի°: Բայց այդ նույն միջազգային հանրությունը փարիսեցիաբար հրաժարվո¯ւմ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի լեգիտիմությունը, չնայած այդ մարմնի ընտրություններն անցել են ոչ պակաս, միգուցե նույնիսկ շատ ավելի ժողովրդավարական ձևով, քան կոսովյան ընտրությունները: Պատճառաբանությունն այն է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն, իբր, «օրինակա¯ն չէ», հետևաբար` նրա Ազգային ժողովն էլ «օրինական համարվել չի¯ կարող»: Պատկերավոր ասած` արցախահայությունը թանապուր է եփել` չեն հավանում, իբր «դա ի¯նչ ճաշ է»: Իսկ Կոսովոյի ալբանները նույնիսկ թանապուր էլ չունեն` ձայն չեն հանում: Արցախահայության թանապուրը չեղավ-չեղավ` ալբանների ոչնչի՞ց էլ լավ չեղավ: Այս անհեթեթությունը պարզ բացատրություն ունի: Եվրոպական երկրների մեծ մասը Կոսովոյի խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական բնույթը և նորընտիր խորհրդարանի օրինականությունը ընդունում է… հետին դիտավորությամբ: Շատ հավանական է, որ վաղն այդ «օրինակա¯ն» խորհրդարանը հռչակի Կոսովոյի անկախությունը Սերբիայից, և նույն երկրները… ընդունե՜ն այդ «օրինակա¯ն» խորհրդարանի «օրինակա¯ն» որոշումն ու ճանաչեն Կոսովոյի անկախությունը: Այս երկդիմի մոտեցումն իբրև թե «արդարացնելու» համար եվրոպական կառույցները հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական (և ոչ միայն խորհրդարանական, այլև մյուս բոլոր ընտրություններին) Արցախի երբեմնի ազերի բնակիչները, բա չե¯ք ասի, մասնակցելու հնարավորություն չե¯ն ունեցել: Կոսովոյի սերբերը կոսովյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունեցե՞լ են, ա°յ ոչ հարգելի պարոններ: Այդ դեպքում ինչու՞ ԼՂՀ խորհրդարանն «ապօրինի» է, իսկ Կոսովոյի խորհրդարանը` «օրինական»: Մանավանդ այն պարագայում, երբ Կոսովոյում հաղթանակ տարած «դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Հաշիմ Թաչին հանրահայտ ահաբեկիչ է, Սերբիայում օրենքից դուրս հայտարարված վայրագ մարդասպան ու ցեղասպան, որին սպասում է Հաագայի միջազգային դատարանի մեղադրյալի աթոռը: Հազիվ թե նա այդ աթոռին հայտնվի, քանզի… սե°րբ չէ, ալբա°ն է: Իսկ ալբանները Արևմուտքի բնական դաշնակիցն էին և են` Բալկաններում սլավոնական ծագմամբ սերբերի ողնաշարը կոտրելու գործում: Ամբողջ բալկանյան ողբերգությունը հրահրվեց և խաղացվեց Եվրոպայում ուժերի նոր վերաբաշխման համատեքստում` Ռուսաստանի ազդեցությունը ողջ աշխարհում, առաջին հերթին Բալկաններում թուլացնելու նպատակով: Ահա ինչո°ւ Սերբիան, որպես Բալկաններում Ռուսաստանի հնարավոր հենարան, դեռ այսօր էլ բոլորի աչքի փուշն է: Աշխարհի քաղաքական վերաբաժանման ճարտարապետները ձգտում են Սերբիային թուլացնել` նրանից պոկելով Կոսովոն: Արևմուտքի համար դա ռազմավարական խնդիր է: Եվ այդ խնդրի լուծման ճանապարհին անտեսվում է ամեն ինչ` թե° պետությունների տարածքային ամբողջականության պահպանում, որն այլ պարագաներում մատի փաթաթան է դարձվում ճնշված ժողովուրդների, այդ թվում արցախահայության ազգային-ազատագրական ձգտումները խեղդելու համար, թե° բարոյականություն, թե° արդարություն, թե° միջազգային իրավունք և նման «հեքիաթներ»: Ողբերգազավեշտն այն է, որ փորձ է արվում այդ մերկապարանոց աշխարհաքաղաքական նկրտումներին տալ…օրինականությա¯ն պատրանք` հարցը մտցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այսօր դժվար է ասել` Մոսկվան կարո՞ղ է խափանել նման բանաձևի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի բանը «վետոյի» չհասնի: Եվ եթե նույնիսկ հասնի էլ` ի՞նչը կխանգարի երկրների մեծամասնությանը, որ Կոսովոյի անկախությունը ճանաչեն: Չի բացառվում, որ Մոսկվան սպառնա (ավելի ճիշտ կլինի ասել` արդե°ն իսկ սպառնում է), թե Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում ինքն էլ կճանաչի Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի անկախությունը (չեմ կարծում, թե ռուսները այս ցուցակում ընդգրկեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու փաստարկը, քանզի իրենք էլ երբևէ աչքի չեն ընկել բարձր բարոյականությամբ և հազիվ թե ուզենան Ադրբեջանին «նեղացնել»): Ամեն դեպքում, թեկուզև սեփական դեմքը փրկելու համար, ռուսները ընդդիմանում են Կոսովոյի անկախության ճանաչմանը: Ընդսմին, անձամբ մեզ համար ամենևին վատ չէր լինի, եթե Կոսովոյի անկախությունը իսկապես ճանաչվեր: Եվ այդ պարագայում, որքան էլ անձամբ իմ համակրանքը սերբերի կողմն է, մե°նք էլ, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, պիտի միանանք Կոսովոյի անկախությունը ճանաչողներին: Ինչու՞: Որովհետև որքան էլ միջազգային կառույցներն ու նրանց բարձրաստիճան ղեկավարները հայտարարում են, թե Կոսովոյի անկախության ճանաչումը մյուս հակամարտությունների լուծման համար նախադեպ համարվել չի կարող, ինքնըստինքյան հասկանալի է, որ կամա-ակամա` համարվելո°ւ է: Այլապես ինչպե՞ս են բացատրելու մյուս ճնշված ժողովուրդներին, թե Կոսովոյի ալբանները իրավունք ունե¯ն անկախության, իսկ դուք` ոչ: Ալբանների արյունն ուրիշներից կարմի՞ր է, ի՞նչ է: Եվ այդ հարցադրումն ով-ով, բայց ռուսներն անպայման անելու են: Սակայն կհամարձակվե՞ն իրոք ճանաչել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների հետևանքով առաջացած նոր ազգային-պետական կազմավորումների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դա արդեն շատ լուրջ հաշվարկի, նաև` հնարավոր քաղաքական առևտրի հարց է: Այս աշխարհի հզորների պրակտիկայում փոքր ազգերի կամ թույլ ժողովուրդների արյունով ու ազատությամբ առևտուր անելը սովորական բան է: Աչքներիս առաջ Վաշինգտոնը անամոթաբար հրաժարվեց իրաքյան քրդերին սատարելու իր հանձնառությունից և ակնհայտորեն անցավ Անկարայի կողմը` իրաքյան քրդերի դեմ մղվող նրա անբարո ու անարդար պատերազմում: Որևէ մեկը զարմացա՞վ դրանից: Ոչ, թերևս, միայն քրդերը հերթական անգամ դառնացան ու հուսախաբ եղան: Հետո՞ ինչ: Այս մոլորակում քաղաքական եղանակ ստեղծող պետությունները, այդ թվում նույն Վաշինգտոնն ու Մոսկվան, քչերի՞ն են այդպես դառնացրել ու հուսախաբ արել: Սերբերը, վրացիները, աբխազները, օսերը, մյուսները, այդ թվում մենք` հայերս, նրանց համար ինչու՞ պիտի բացառություն լինենք: Կոսովոյի անցյալ շաբաթվա խորհրդարանական ընտրությունները, փաստորեն, այս աշխարհի հզորների միջև նոր քաղաքական «առևտրի» հնարավորություններ են ստեղծել: Եվ դա տագնապների տեղիք է տալիս, քանի որ, անկախ մեր իսկ ցանկությունից` հզորների առաջիկա քաղաքական առևտրի մեջ, վաճառքի հանվողի կարգավիճակով, Աստված մի արասցե, կարող ենք հայտնվել նաև… մե°նք: Որքան հասկանում եմ` այս խմորը դեռ բավական ջուր է վերցնելու, այս անբարո առևտուրը դեռ երկա¯ր է շարունակվելու և զանազան դրսևորումներ է ստանալու: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ