Տոնական ու հավակնոտ ակնկալիքներ` մշուշոտ ապագայով
Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան անցած շաբաթն իրենց համար նշանավորեցին Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության սկիզբն` ազդարարելով այն ռազմավարական երեք գործընկերների ծածանվող պետական դրոշներով, վրացական երգ ու պարի հնչյունների ներքո, «Վրաստանի գոզալների» մատուցած աղ ու հացով: Դեռևս այն ժամանակ, երբ այդ երկաթգծի կառուցման մասին խոսակցություն ները նոր էին սկսվել, պաշտոնական Երևանն Անկարային առաջարկեց վերագործարկել Կարս-Գյումրի երկաթգիծը, ինչն ավելի քիչ ծախսատար կլիներ, քան նոր երկաթուղու կառուցումն է: Բայց Թուրքիան մերժեց` ղարաբաղյան հակամարտության պատճառաբանությամբ: Եվ հենց այդ արարողության ժամանակ Վրաստանում Աբդուլլա Գյուլը հայտարարեց, թե այս նախագծին կարող են միանալ տարածաշրջանի բոլոր երկրները, եթե լուծեն գոյություն ունեցող հակամարտությունները: Ակնարկն ավելի քան թափանցիկ էր: Այսպիսով, առաջին հայացքից թվում է` իրականանում են ղարաբաղյան հակամարտության լուծման և ընդհանրապես արտաքին քաղաքականության` Հայաստանի ներկայիս իշխանությունների որդեգրած դիրքորոշման ընդդիմախոսների չարագուշակ կանխատեսումները: Ըստ այդմ, Հայաստանը հայտնվում է արտաքին մեկուսացման մեջ` դուրս մղվելով տարածաշրջանային համագործակցության նախագծերից: Եվ իսկապես, Կարս-Ախալքալաք երկաթգիծը շրջանցում է Հայաստանը` միմյանց կապելով Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Կառուցվող երկաթուղուց այս եռյակի տնտեսական ակնկալիքները շատ հավակնոտ են: Մասնավորապես, Սահակաշվիլին հպարտութ յամբ հայտարարում է, թե երկաթուղու շնորհիվ կզարգանա և անկլավային վիճակից դուրս կգա Ախալքալաքը: Սակայն, միայն ենթադրել կարելի է, թե ազգամիջյան ինչպիսի զարգացումներ են հնարավոր` հիմնականում հայերով բնակեցված Ախալքալաքում թուրքերի հայտնվելով: Հատկանշական է, որ Վրաստանում քիչ չեն ընդդիմադիր այն գործիչները, ովքեր պնդում են, թե չի կարելի հարևան Հայաստանի շահերին հակասող երկաթգիծ կառուցել: Իսկ առջևում Վրաստանի նախագահի ընտրություններն են, որոնց ելքն այսօր կանխատեսելը դժվար է: Խնդրո առարկա երկաթգծի կառուցմանը դեմ են արտահայտվել Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները` միևնույն պատճառաբա նությամբ. այն է` Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաքը հակասում է տարածաշրջանային համագործակցությանը: Ավելին` պաշտոնական Վաշինգտոնն արգելել է ամերիկյան բանկերին և ընկերություններին` ներդրումներ կատարել այդ երկաթուղու շինարարությունում: Հանգամանք, որի բացասական ազդեցությունն անդրկովկասյան եռյակի այս նախաձեռնության վրա այսօր արդեն իրեն զգացնել է տալիս: Խնդիրն այն է, որ երկաթուղու կառուցման հովանավորությունը ստանձնել է Ադրբեջանը և 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ առաջարկել Վրաստանին: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը երկաթուղու շինարարության համար անհրաժեշտ գումարի միայն մեկ քառորդ մասն է կարողացել հատկացնել: Ֆինանսական պակասը լրացնելու համար պաշտոնական Բաքուն փորձել է նախագծում ներգրավել Համաշխար հային բանկին: Սակայն վերջինիս շահագրգռելու Ադրբեջանի կատարած հինգ փորձերն էլ անհաջողության են մատնվել: Երկաթուղու շինարարության սկիզբը հանդիսավորությամբ նշելն ու այն տոնախմբության վերածելը, թերևս, զուտ քարոզչական նպատակ էր հետապնդում: Իրականում այդ նախագծի երեք համահեղինակների համար կարծես արդեն տեսանելի է երկաթգծի շինարարության, դրա` կյանքի կոչման անհնարինությունը: Ակներև է, որ մասնավորապես Ադրբեջանը խուճապի մեջ է ակնհայտ դարձող ձախողման վտանգից: Այդ է վկայում այն փաստը, որ վերջինս նախագծին միանալու առաջարկով դիմել է նաև Չինաստանին, որի շահերը մեր տարածաշրջանում համընկնում են Հայաստանի շահերին: Հետևաբար, Չինաստանը չէր կարող ոգևորվել Հայաստանը տարածաշրջանային համագործակցութ յունից դուրս թողնող երկաթգծով: Իսկ դասագրքային մակարդակի այս ճշմարտությունը Ադրբեջանի քաղաքագետներին դժվար թե հասու չլիներ: Ուրեմն, մնում է միայն ենթադրել, որ Ադրբեջանն, իրոք, խուճապի մեջ է և հուսահատ քայլեր է անում Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը տապալումից փրկելու համար: Պակաս դժվարություններ չունի նաև Թուրքիան: Վերջինս ԱՄԿ-ի` Առևտրի միջազգային կազմակերպության անդամ է, ինչպես Հայաստանը: Իսկ ԱՄԿ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպությանն անդամակցող երկիրն իրավունք չունի շրջափակման ենթարկել հարևաններին: Իհարկե, առաջին անգամը չէ, որ Թուրքիան անտեսում է միջազգային պայմանագրերն ու իրավունքները: Բայց միջազգային հանրության համբերությունն ու հանդուրժողականությունն էլ իր սահմաններն ունի: Հակառակ դեպքում, այսքան երկար չէր ձգձգվի, օրինակ, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Այսպիսով, ստացվում է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության սկզբի ազդարարումը` որքան տոնական ու հավակնոտ, նույնքան և դեռ ավելի մշուշոտ է շինարարության և ընդհանրապես այդ երկաթուղու գլուխ գալու հարցը: