Չհնչած գնահատականի հետևանքները
Երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության նախագահ դարձավ, թվում էր, թե Դաշնակցության հետևողական պնդումների հետևանքով շուտով հանրության դատին է ներկայացվելու նախորդ իշխանության քաղաքական գնահատականը: Ինչ-որ իմաստով դրա անհրաժեշտությունը մեծ չէր, քանի որ նախկինների նախկին դառնալուց հետո նրանց իշխանությունը գնահատելու գործնական փորձերի կարիքն արդեն չկար: Հասարակության մտապատկերում հավուր պատշաճի պահպանվում էին նախորդ տարիների հիշողությունները, և դրանց քաղաքական ձևակերպում տալը նշանակալի ոչինչ չէր փոխելու: Այս գործի երբեմնի առաջամարտիկը` ՀՅԴ-ն, այսօր արդեն մեղադրում է գործող իշխանություններին` հիշեցնելով նույն առիթով ժամանակին հրավիրված իրենց հանրահավաքի մասին: «Հրատարակեցինք կանոններ, կոնկրետ մեղադրանքներ,- նշում է Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով,- մեր հույսն այն էր, որ իշխանությունը կշարունակի այդ գործը, և առնվազն քաղաքական գնահատական կհնչի»: Այլ հարց է, որ Դաշնակցությունը ժամանակին սկսել էր մի գործընթաց` ակնհայտորեն դրա շարունակությունը առկախ թողնելով: Արդյունքում ստեղծվել է մի բավական հետաքրքիր իրավիճակ, երբ այդպես էլ գնահատականի չարժանացածներն արդեն իրենք են գնահատականներ հնչեցնում: Ընդ որում, հետաքրքիր ընտրությամբ և վարպետորեն նախկիններն առանձնացնում են այն ձեռքբերումները, որոնք ցանկացած իշխանության միմիայն պատիվ ու հեղինակություն կբերեն: Անկախություն, պատերազմ և հաղթանակ, պետականության կայացում… Սրանք արժեքներ են, որոնց փայլը ժամանակն անգամ չի կարող խամրեցնել: Այլ խնդիր է, որ ժողովրդի շնորհիվ ձեռք բերվածը ներկայացվում է իբրև իշխանության նվաճում, ավելին` մենաշնորհ և սեփականություն: Ահա թե ինչու են ասպարեզում վերահայտնված նախկիններն այդչափ ինքնավստահ կեցվածքով ձգտում վերատիրանալ իշխանության ղեկին: Հիմա արդեն Դաշնակցության ճակատագրական բացթողումը ձգտում է շտկել մեկ Հանրապետության նախագահը, մեկ` Վարչապետը: Հերթական շինարարական կառույցի բացման արարողության ժամանակ, անշուշտ, որևէ պաշտոնյայի հաճելի չէ անդրադառնալ քաղաքական-նախընտրական հարցերի: Առավել ևս` գնահատականներ տալ հանրահավաքներում ներկայացվող ինչ-ինչ «մեղադրանքների»: Եվ իրոք, ՀՅԴ-ի հապաղումն ու խուսանավումը ողջ իշխանությանը կանգնեցրեց պատմություն դարձած սխալն ուղղելու անհրաժեշ տության առաջ: Եթե չլինեին նախկինների վերադարձի փորձերը, ավելի հավանական է` այս թեման ընդհանրապես կորցրած լիներ հրատապությունը, քանի որ, անկախ ամեն ինչից, մարդիկ ավելի շատ նախընտրում են ապրել ներկայով ու ապագայի հույսերով: Անցյալը փորփրելը, առավել ևս, երբ խոսքը հնացող քաղաքական հարցերի է վերաբերում, անկարևոր զբաղմունք է: Բայց երբ նման հարցերի հանդեպ անտարբերությունը կամ միգուցե մեծահոգությունը բումերանգի էֆեկտ է ունենում, իշխանության առաջ ինքնաբերաբար ծառանում է և ոչ մի բացթողում չհանդուրժելու խնդիրը: Այլապես դժվար չէ համոզվել, որ հապաղելն, ինչպես այս դեպքում, կարող է նույնիսկ ճակատագրական հետևանք ունենալ: