2008-ի բյուջեն` բարեփոխումների մեկնարկի հայտ


Երեկ հրավիրված և այսօր շարունակվող ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին օրակարգում ընդգրկված Քաղաքացիական դատավարության, Դատախազության, ՀՀ Քրեական, ՀՀ Դատական, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պետտուրքի, Զինապարտության մասին և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկները: Դրանց հետ մեկտեղ այսօր հավանաբար կհաստատվի նաև 2008-ի պետական բյուջեն: Մինչ այդ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հավաստիացրեց. - Չնայած առկա որոշակի խնդիրներին, Հայաստանի Հանրապետության վերջին տարիները ավելի հավակնոտ առաջընթացի հայտ են: Այդ առումով խորհուրդ կտայի հիշել Պըլ-Պուղու հայտնի անեկդոտը: Սակայն չէի ուզենա Պուղու ասածը վերադարձնել մեր ընդդիմախոս ներին, քանզի Հայաստանի Հանրապետությունը, կրկնում եմ, չնայած առկա որոշակի խնդիրներին, այնուամենայնիվ, այս տարիներին արձանագրել է լուրջ առաջընթաց, իսկ 2008-ի բյուջեն ավելի հավակնոտ և հիմնավոր հայտ է` երկրորդ սերնդի բարեփոխումների մեկնարկի համար: Պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, արտահայտվելով Քաղաքացիական դատավարության մասին օրինագծում փոփոխությունների մասին, մտահոգություն հայտնեց, որ առաջարկվող ոչ բոլոր լրացումներն են հիմնավոր, և ինչպես նշեց նա, միշտ չէ, որ քանակը արդարացվում է. - Չլինի այնպես, որ այս օրենքի բարեփոխումները վաղը չարափոխումներ դառնան ժողովրդի գլխին:

Մ. Ծ.