Այսպես խոսեց Ալեքսանդր Արզումանյանը
Թեժ ամառներ, գարուններ ու աշուններ քաղաքական դաշտում շատ անգամ է կանխատեսվել, բայց դրանք այդպես էլ մնացել են կանխատեսումներ: 2007-ի աշունը «խախտեց» ստանդարտները, որ երկար ժամանակ իշխում էին քաղաքական դաշտում: Իսկ քաղաքական գործիչները շարունակում են տալ նման թեժացումների գնահատականը` ամեն մեկը` յուրովի: Հասարակական կարծիքի, հանրային վերաբերմունքի ու պահանջարկի առումով բեկում նկատվո՞ւմ է. - 88-89 թվականներից հետո նման քանակի ժողովուրդ չի հավաքվել: Ինչ-որ փոփոխությունների պահանջարկ կար 88-ին, փոփոխութ յունների պահանջարկ կա այսօր: Սա նախորդ շարժման շարունակությունը չէ: Այս ալիքը նախաձեռնել է երկրի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև սեպտեմբերի 21-ը մենք ապրում էինք մեկ այլ Հայաստանում: Ստեղծվել էր մի իրողություն, որ ընդդիմությունն այլևս անելիք չուներ: Եվ այդ իրողության մեջ հասարակությունը գիտակցելով, որ արդեն որերորդ անգամ ընդդիմությունը կանգնում է նույն փոցխի վրա և ստիպում հետևել իրեն, հանդես եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարճ մի ուղերձից հետո Հայաստանում քաղաքական դաշտ ստեղծվեց, և դրանից ի վեր տեղի են ունենում ակտիվ քաղաքական գործընթացներ: Այնպես որ, այսօրվա և 2 ամիս առաջվա Հայաստանը երկու տարբեր Հայաստաններ են: Ժողովուրդը մտահոգ է հրապարակ հանված այն կարծիքներով, թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն նշանակում է հանձնել Ղարաբաղը: -Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով` մատնանշելով այն հնարավոր լուծումները, որ նա պատկերացնում էր` ենթադրելով, որ կծավալվի քաղաքական բանավեճ: Փոխարենն այսօր տարածվել է այն զրպարտանքը, թե իբր Տեր-Պետրոսյանը երբևէ համաձայնել է Արցախը տեսնել որպես ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Եթե կա նման փաստաթուղթ, պահանջեք Օսկանյանից: Նման փաստաթուղթ գոյություն չունի: Ավելին, ՀՀՇ-ի իշխանավարման օրոք ԱԺ-ի կողմից որոշում է ընդունվել առ այն, որ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթղթի մեջ, որտեղ ԼՂ-ն նշվում է որպես Ադրբեջանի մաս: Այդ նրանք` այս իշխանություններն են ստորագրել Ստամբուլյան խարտիան, որով և ներկա Նախագահն իր հայրենի Արցախն ամրագրել է Ադրբեջանի կազմում: - Վազգեն Մանուկյանը մի առիթով ասել է, թե եթե ոչ առաջին Նախագահը, ապա նրա շրջապատի մարդիկ բազմիցս այսպես են արտահայտվել. «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»: Այսինքն` գլխից էլ պրծնենք, գլխացավանքից էլ: - Վազգեն Մանուկյանն իմ կողմից հարգված անձնավորություն է, բայց երբևէ չեմ տեսել, որ ԱԺՄ-ն հանդես գա Լեռնային Ղարաբաղի կարգավորման որևէ առաջարկով, բացի դեկլարատիվ բնույթի ընդհանուր հայտարարություններից: - Նախագահի որևէ թեկնածու արդյո՞ք կընդունի միավորվելու մասին առաջին Նախագահի կոչը և քաղաքակիրթ բանավիճելու առաջարկությունը: - Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Առաջարկը հնչել է, սպասենք պատասխաններին: Ընդդիմադիր դաշտի հետ բանավիճելու ցանկություն մենք չունենք: Ինչ վերաբերվում է միավորմանը, ապա որևէ քաղաքական ուժից որևէ պաշտոնական պատասխան չի ստացվել: Պարզապես որոշ քաղաքական գործիչներից առաջին էմոցիոնալ արձագանքներն են եղել: Եվ քանի որ հնչած պատասխանները էմոցիոնալ հարթության վրա են, չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ: Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի խորաթափանց ուսումնասիրութ յունից և համապատասխան խորհրդատվություն անցկացնելուց հետո կարելի է քննարկել մոտեցումները: