ԱՅՍՈՒՀԵՏ` ԱՎԵԼԻ ԼԻԱՐԺԵՔ


2008-ի պետական բյուջեով 98 միլիոն դրամ է հատկացվել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վերանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: 2004 թ. հունիսի 16-ին ստեղծված այս կառույցը զբաղվում է ոչ միայն երկրի ներքին և արտաքին, այլև տարածաշրջանային ու միջազգային քաղաքական հետազոտությունների վերլուծություններով` ակտիվ մասնակցություն ունենալով նաև ազգային անվտանգության հայեցակարգի և ռազմական դոկտրինի աշխատանքներին: Ինստիտուտի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը փաստում է. - Այս տարի հայերեն և ռուսերեն հրատարակվել է «Թուրքիա. Անվտանգության և պաշտպանության հիմնախնդիրներ» գիրքը: Մինչև հունվար կհրապարակվեն ևս 4 գիրք, ուր կներառվեն մեր հարևան երկրների քաղաքական վերլուծությունները: Խոսելով ինստիտուտի ձեռքբերումների ու հաջողությունների մասին` Գ. Իսագուլյանը ընդգծում է. - Գոյության 3 տարիների ընթացքում ՀՀ նախագահին, Կառավարությանը, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարություննե րին են ներկայացվել 218 զեկուցագրեր: Ի դեպ, մեզ երբեմն մեղադրում են, թե մենք չենք հրապարակում մեր նյութերը: Դրա համար կա շատ պարզ պատճառ. զեկուցագրերն ունեն կոնկրետ հասցեատերեր և դրանցից շատերը որոշ նկատառումներով հրապարակման ենթակա չեն: Ցանկացած թղթակից` դիմադիր, թե ընդդիմադիր, կարող է գալ ինստիտուտ և եթե որևէ զեկուցագրի ծանոթանալու խնդիր ունի, մենք որևէ արգելանք չենք տեսնում…

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ