«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը


Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը բազմիցս դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Միաժամանակ նա նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն է, ով իր պաշտոնավարման ժամանակ ու դրանից հետո ծառայել է մեր երկրին` սիրով, պարկեշտությամբ եւ հավատարմությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական տեւական մղումը Նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով վերջապես իրականություն դարձավ, սակայն ոչ թե 1991 թվականից, այլ` 2001-ից: Համապատասխան բոլոր մանրամասների կրկնությունն ավելորդ համարելով` նշենք միայն, որ այս տարիների ընթացքում, ինչպես վկայում են խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներն ու ցայսօր իրականացված հարցումների տվյալները, Հովհաննիսյանը եղել եւ մնում է առավել բարձր հասարակական համարում ունեցող գործիչներից մեկը: Այժմ Հայաստանը կանգնած է Նախագահի ընտրությունների նախաշեմին` գործընթաց, որով պայմանավորված է լինելու Հայոց պետության առաջանցիկ զարգացումը հաջորդ հինգ տարիներին: Ընտրողներին ազատ կամքի արտահայտման լիարժեք հնարավորություն ընձեռելու համար մեծ պատասխանատվություն է դրված իշխանության բարձրագույն կրողի վրա: Այսօր ՀՀ նախագահն օժտված է արդարությունը վերականգնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում բախտորոշ նշանակության առաջիկա ընտրապայքարում համահավասար մրցակցային իրավիճակ ստեղծելու լիազորությամբ: Ելնելով վերոշարադրյալից` «Ժառանգություն» կուսակցության վարչությունը ակնկալում է, որ նա անմիջապես կվերանայի ու կբավարարի Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին Հանրապետության հռչակումից բխող քաղաքացիություն շնորհելու հանրային պահանջը: