Համբերության շղթայակիրը


«Սիրելի ընթերցող, որևէ պետության ներքին քաղաքականությունը հասկանալու, նրա օրենքների խստության չափը ճանաչելու և նրա իրական դեմքը տեսնելու համար պետք է գտնվել տվյալ երկրի բռնության օջախներում ու զորանոց ներում: Նման վայրերում պետությունը բացահայտ կերպով է դրսևորում իր վերաբերմունքը իրեն հպատակ քաղաքացու և մարդու նկատմամբ ընդհանրապես»: Սա սոսկ ասելիքին ծանոթացնող հեղինակային նախախոսք չէ, այլ ապրված դառնություններից արված եզրահանգում: Դառնություններ, որոնք կոփել են անկախություն որոնողների կամքը, և նրանց պայքարն անշրջելի դարձրել խորհրդային «զնդաններում»: Մտավորական, բանաստեղծ Մերուժանը անցել է փորձությունների ճանապարհով, տառապել խորհրդային համակենտրոնացման ճամբարներում` «ժողովրդի թշնամի» «խարանը» որպես հավատո հանգանակ կրելով: Եվ այսօր, երբ պատմում է Սովետմիության տարբեր ազգությունների ներկայացուցիչ քաղկալանավորների հետ ապրած օրերի մասին, ավելի հստակ է դառնում նրանց բոլորի հերոսական համառությունը. այլախոհ լինելն ու անկախություն որոնելն այն տարիներին խենթություն էր թվում: Մինչդեռ մթին զնդանում բանտված անորոշության ճիրաններում անգամ Մերուժանին ու իր բախտակիցներին չի լքել հույզը` եթե անգամ վերջին հույսն իսկ կորած է եղել. Քո ապրած կյանքի բոլոր օրերից Այն է ավելի հիշարժան ու վեհ, Երբ սիրտդ խոցող բախտի սրերից Տանջանքը միայն կոչեցիր նվեր: Շղթան ոտքերիդ սև աշխարհներում Դու չմոռացար ո°չ Աստծուն, ո°չ քեզ Եվ աղոթեցիր ապաշխարելու Նրանց, որ սիրտդ արին երկու կես: Եվ ոչ միայն հույզը, նաև սթափ եզրահանգումների կենսափիլիսոփայությունն է եղել «քաղբանտարկյալ» պիտակավորյալների անդավաճան ուղեկիցը: Հենց այս առումով էլ Մերուժանի «Առանց նրանց» վիպակը (վիպակ` ըստ եղելութ յանց) շահեկանորեն դադարում է սոսկ հուշագրություն մնալ. «Վերջապես հանգեցի այն եզրակացության, որ կալանավորը առաջնեկն է արհամարհվածների ու մերժվածների դասում: Զրկանքները նրա հոգում էլ ավելի շոշափելի են դարձնում անձնական որբության զգացումը, նրան չարացնում են աշխարհի հանդեպ, մղում անաստվածության: Ուստի ազատազրկումից հետո քաղաքացիական կյանք մտած մարդուն չի կարելի վստահել երկրի ճակատագիրը, հակառակ դեպքում նախկին բռնադատվածը կարող է վերածվել արդիական բռնակալի: Ուրեմն, ելքը միակն է` օրենքները պետք է գրվեն խղճի մտոք, որպեսզի դրանցից միաժամանակ օգտվեն ժողովուրդը, պետությունը և եկեղեցին: Միայն այս պարագայում մարդը կարող է ապրել արժանավայել»: Իսկ ժամանակը, ինչպես միշտ, փաստագրում է իրենից առաջ նայողների իրատեսությունը: *** Ի ԴԵՊ. նորերս Մերուժանը ընթերցողին է հանձնել նաև բանաստեղծությունների նոր` «Կիրակի» ժողովածուն, որը հեղինակի իսկ պնդմամբ, նրա անտիպ գործերի և մի քանի տպագրված բանաստեղծությունների ինքնատիպ համաձուլ վածքն է: Նպատա՞կը… Մերուժանի ձևակերպմամբ` - …Մռայլ տեսարանների ֆոնի վրա ես արձանագրում եմ ցնորքի տողեր` երազելով մարդու ներաշխարհում վերածնել աստվածահաճո զգացմունքներ: Թե որքանով ուշադրության կարժանանան և կընդունվեն դրանք, թողնում եմ բարի ժամանակներին: Իսկ ցանկացած վերլուծությունից ավելի պերճախոս է բանաստեղծությունն ինքը: Նախերգանք Կարդա և հիշիր, որ ապրել եմ ես Որպես հեռավոր ճամփորդ կարոտի, Գերի չեմ եղել կրքին կավատի, Այլ իմ ցնորքում նկարել եմ քեզ` Իբրև ապավեն վերջին հավատի: Իբրև ապավեն վերջին հավատի, Հույսի հանգրվան մեղավոր հոգու, Ես ընդունում եմ փրկությունը քո Եվ սպասում իմ կյանքի ավարտին, Որ պիտի լինի միայն քո կամքով: Որ պիտի լինի միայն քո կամքով, Միայն քո խոսքի զորությամբ ահեղ, Թե խոստանում ես քո ներսում պահել Իմ արյան լույսը քրոջ խնամքով, Եվ հարազատի սիրով փայփայել: Եվ հարազատի սիրով փայփայել Ինձ, որ ըղձում է քո ձայնին անսալ, Դու` կանանց դասում գեղեցիկ դարձյալ, Եվ փառահեղ քո անվանը վայել, Եվ իմ աղոթքում հար պայծառացյալ: