ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱ՞Ջ
Հայկական երկաթուղին և հայրենի քաղաքական դաշտն աստիճանաբար սկսում են նմանվել իրար: Առաջինի դեպքում վատ աշխատանքի, իսկ ավելի կոնկրետ` պարբերական դարձած վթարների պատճառը պարզ է ու հասկանալի` համակարգը հին է, ու այստեղ նույնպես բարեփոխումների կարիք կա: Իսկ ի տարբերություն սովետահայ երկաթուղու` հայրենի քաղաքական դաշտին այդպես էլ իր նախընտրած ուղու ռելսերով անգամ երկար ընթանալ չի հաջողվում: Ահավասիկ ՍԻՄ կուսակցությունում դեռ ամիսներ առաջ ծայր առած` սկանդալային պատմությունների վերջակետը կարծես արդեն դրվել է… Երկար ժամանակ կուսակցության երկու թևերը, իրենց գրեթե նույնանուն թերթերով թվում էր` այլևս խաղաղ շարունակելու են իրենց ճամփաները` իրար չնկատելով կամ գուցե հատման ինչ-որ խաչմերուկում կրկին միասնականանալով: Հրանտ Խաչատրյանի վերջին ասուլիսը, սակայն, դարձյալ բեկեց իրավիճակը: Նա գրեթե սենսացիոն հայտարարություն արեց. «ՍԻՄ-ի ներքին հեղաշրջումը, նրա հիմնական դրդողը, իսկ հավանաբար նաև կազմակերպիչն ու սցենարի հեղինակը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանն է եղել»: Ավելին, այդ հեղաշրջմանն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև «Ազգային Միաբանություն» և «Դաշինք» կուսակցությունները: Կարելի էր կարծել, թե նշված եռյակն ամենամտահոգվածն է ՍԻՄ-ի շուրջ և նրա ներսում ծավալվող իրադարձությունների համար, և մինչև անգամ յուրաքանչյուրն իր հերթին որոշակի քայլեր է փորձում անել` իրավիճակը հարթելու, հաշտեցման կամուրջներ փնտրելու ուղղությամբ: Ակտիվություն, ըստ Հրանտ Խաչատրյանի, հատկապես ՕԵԿ-ի կողմից, իրոք, եղել է: Սակայն նպատակներն են ուրիշ եղել, և ամեն ինչ հանգեցրել է նրան, որ սրանք ձգտել են խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանում հեղինակություն ու մեծ տպաքանակ ունեցող «Իրավունք» թերթը ծառայեցնել սեփական շահերին: Նշյալ քաղաքական ուժերն, իհարկե, Խաչատրյանի մեղադրանքները շատ արագ հերքեցին` հատկապես նշելով, որ իրենք պակաս շահագրգռված չեն խնդրի լուծմամբ և ընդհանրապես միասնական ընդդիմադիր ճամբարի ձևավորմամբ, որտեղ իր կայուն և ընդգծված տեղն ու դերակատարությունը պետք է ունենա նաև ՍԻՄ-ը: Մյուս կողմից հարկ է հիշել, որ քարոզչության շրջանում «Իրավունքն» իսկապես սիրահոժար կերպով և բնականաբար կլորիկ գումարների դիմաց իր էջերը տրամադրում էր նշյալ քաղաքական ուժերին: Փաստորեն համագործակցության մասով ամեն ինչ արձանագրած է, ուստիև անհերքելի: Մի բան պարզ է. ՍԻՄ-ում ինչ-որ ժամանակ սկսել են մեծ փողեր պտտվել, որոնք արդարորեն չեն բաժանվել: Բացի այդ, բաբուխանյանական թևն էլ պնդում է, թե Խաչատրյանը խուսափել է հարկեր վճարելուց: Ավելին, նա, ասուլիսում կոնկրետ անուններ հնչեցնելով, ձգտում է Նախագահի ընտրություններից առաջ վարկաբեկել մի շարք գործիչների: Այսուհանդերձ, կարևորն այն է, որ նախագահացուների եռյակին այլևս չի հաջողվի «Իրավունքը» քարոզչական թերթոնի վերածել, իսկ նման իրավիճակում, թերևս, ՍԻՄ-ի երկու թևերն ավելի հեշտությամբ կկարողանան հաշտության եզրեր գտնել, և կուսակցությունը վերջնականապես տեղափոխել ավանդական «ռելսերի» վրա: