Ադրբեջանը նույն երգն է երգում. նոր մարտահրավեր


Մինսկի խմբի համանախագահները Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անարդյունավետ ելքից հետո էլ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը սպառված չեն համարում: Նրանք նույնիսկ չեն բացառում աշնանը Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հնարավորությունը: Սակայն միջնորդ եռյակի անկոտրում լավատեսությանը համահունչ չեն Ադրբեջանի շարունակվող նույնքան անկոտրում ռազմատենչ հայտարարությունները` նավթի շնորհիվ տնտեսության զարգացման, բանակի հզորացման ու Ղարաբաղը զենքի ուժով հետ նվաճելու մասին: Ըստ երևույթին, Իլհամ Ալիևին ոգևորել էր անցած շաբաթ Բաքվում ՎՈՒԱՄ գագաթնաժողովում կայացած համաձայնությունը` մասնավորապես, Ռուսաստանը շրջանցող նոր նավթամուղի կառուցման վերաբերյալ: Հատկանշական է, որ այդ համաձայնությանը դրական արձագանքը չուշացավ. Միացյալ Նահանգները շտապեց հայտնել նավթամուղի կառուցմանն աջակցելու իր պատրաստակամութ յունը: Հարկ չկա մանրամասնել, թե ԱՊՀ տարածքում և, մասնավորապես, Հարավային Կովկասում ազդեցության ինչ կորուստ կարող է ունենալ Ռուսաստանն այդ նավթամուղի կառուցման դեպքում: Այս առումով, թերևս չի բացառվում, որ Ռուսաստանը կանի հնարավորը` նոր նավթամուղի մասին ՎՈՒԱՄ երկրների երազներն ի դերև հանելու համար: Վերջիվերջո, մի քանի ամիս առաջ էր, որ Ռուսաստանը հաջողեց Ղազախստանի և Թուրքմենստանի հետ ձեռք բերել առայժմ բանավոր համաձայնություն` թուրքմենական նավթն իր նավթամուղով տանելու: Բացի այդ, ՎՈՒԱՄ երկրներից մեծ է հատկապես Մոլդովայի կախվածությունը Ռուսաստանից. 1992 թ. ռուսական զորքերը մտան Մերձդնեստր և այնտեղ են մինչ օրս: ՎՈՒԱՄ գագաթնաժողովում էր, որ Իլհամ Ալիևը դարձյալ կարևորեց երկրի տարածքային ամբողջականությունը` խոսելով անջատողականների հետ (նկատի ուներ Ղարաբաղը) հաշիվները սեփական ուժերով մաքրելու մասին: Բայց միայն ՎՈՒԱՄ գագաթնաժողովով չպրծանք: Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ, Ադրբեջանում հերթական անգամ դժգոհություններ հնչեցին Մինսկի խմբի հասցեին, ընդհուպ, պահանջելով փոխել համանախագահների ձևաչափը: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի ղարաբաղյան հիմնահարցը մտցնել ԵԱՀԿ գագաթնաժողով, որտեղ կունենա Թուրքիայի գործուն աջակցությունը: Եթե Ադրբեջանի հարուցած խնդիրների ու ռազմատենչ հայտարարությունների հանդեպ ինչ-որ իմաստով արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, ապա անցած շաբաթվա վերջին օրերին Հայաստանի առջև ծառացած մեկ այլ մարտահրավերի մասին նույնը չես ասի: Այն կապված է մեր մյուս հարևանի` Վրաստանի հետ: Ըստ էության, այդ մարտահրավերը նոր չէ, դրա մասին խոսվել է տարիներ առաջ, և Վրաստանին մինչ այսօր հաջողվել է այդ խնդիրը սառեցնել: Խոսքը մեսխեթցի թուրքերի վերադարձի մասին է: Բանն այն է, որ Վրաստանը Եվրախորհրդի առջև պարտավորություն ունի լուծելու Ջավախք մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը: Տարիների ընթացքում Վրաստանն այն տարբեր պատճառաբանություններով հետաձգել է: Բայց ինչպես երևում է, այլևս հնարավոր չէ ձգձգել, և անցած շաբաթ վրաց խորհրդարանն անդրադարձավ այդ հարցին: Ինչպես նշում են ընդդիմության ներկայացուցիչները` լեյբորիստները, հարցը խորհրդարանի քննարկման առարկա դարձնելու գործում խառն է պանթուրքական կազմակերպությունների մատը: Այդ կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են գործի դրել` մեսխեթցի թուրքերին Ջավախք տեղափոխելու համար: Ըստ վրացական աղբյուրների, Թուրքիայում և Ադրբեջանում բնակվող շատ մեսխեթցիներ են այսօր ցանկանում վերադառնալ Ջավախք: Իրենք` Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, զգուշացնում են իշխանություններին, որ հայաբնակ Ջավախքում մեսխեթցի թուրքերին բնակեցնելը ազգամիջյան բախումներ կառաջացնի: Բարդությունների առջև են հայտնվում նաև Հայաստանի իշխանությունները: Մի կողմից` Ջավախքի խնդիրները Վրաստանի ներքին գործն են, բայց մյուս կողմից` Հայաստանը բարոյական իրավունք չունի անտարբեր մնալ, չսատարել Վրաստանում ապրող հայրենակիցներին: Ընդհանրապես, Հայաստանի և Վրաստանի ազգային, պետական շահերը հատկապես վերջին տարիներին հակադրվել են, սակայն երկու երկրներին մինչ այժմ, մեծ հաշվով, հաջողվել է մեղմել այդ հակադրությունը: Բայց այս մի հարցում արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել, մանավանդ, եթե սկսվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի շինարարությունը: Այս պարագայում, թերևս, չի կարելի բացառել նաև սադրանքները` ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Ինչպե՞ս դուրս կգա հայ դիվանագիտությունն այս լրջագույն փորձությունից` դժվար է ասել… Համենայն դեպս, ղարաբաղյան խրամատներում անհամեմատ դյուրին էր. թշնամին բացահայտ կանգնած էր առջևդ…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ