Ուտե՞լ, թե՞ չուտել. այս է խնդիրը


Հունիսի վերջին, երբ թեժ ամառը մտնում է իր իրավունքների մեջ, ինչի՞ց կարող է խոսել Քաղաքապետարանը: Հռետորական հարցադրումը հնչեցնողը Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Կարեն Գևորգյանն է, ով անդրադառնում է սպասարկման ոլորտի դժվարագույն խնդրին` փողոցային առևտրին: Ավելի քան տասը տարի առաջ Առողջապահության նախարարության կողմից մի որոշում բերվեց հրապարակ, որով արգելվում էր բացօթյա սննդամթերքի վաճառքը: Եթե տարեթիվը ստույգ հիշելը դժվար է, ապա հաստատ հիշելի է որոշման ուժի մեջ մտնելու օրը` ապրիլի 1: Եվ մարդիկ, կատակով, թե լուրջ, այն որպես ապրիլմեկյան կատակ ընդունեցին: Հակառակ դեպքում, խոստովանենք, սակայն և° սկզբում, և° որոշմանը հաջորդող ժամանակաշրջանում, երբ այն ի կատար պիտի ածվեր, պարզապես անհնար էր այն լուրջ ընդունել: Կատակն ու լուրջը` մի կողմ, խնդիրն այն է, որ տասը և ավելի տարիներ փողոցային առևտուրը շարունակում է մնալ լուրջ և իրական սպառնալիք մարդու առողջության համար: Մենք կերել ենք, ուտում ենք սննդարտադրության, նաև վաճառքի համար սահմանված նորմերին չհամապատասխանող սնունդ և այսօր էլ շարունակում ենք ուտել-խմել ապօրինի արտադրվող, նույն կարգով իրականացվող, ավելին` Առողջապահության նախարարության ուսումնասիրությամբ առողջության համար ոչ ապահով համարվող սնունդ-ըմպելիքներ: Եվ որպեսզի այսուհետ չշարունակենք փողոցում սնվել` վտանգելով սեփական առողջությունը, Քաղաքապետարանը ցուցում է տալիս առաջին հերթին կամավոր հրաժարվել կասկածելի ծագման, ոչ սանիտարական (ոչ սառնարանային) պայմաններում արտադրվող ուտելիք-խմելիքից: Պահանջարկը մերժվելու դեպքում, առաջարկողն իր փեշերը կհավաքի ու ասպարեզից դուրս կգա: Իսկ մինչ մենք, սեփական առողջության գինը գիտակցելով, կհրաժարվենք փողոցում ուտել-խմելուց, Քաղաքապետարանը նամակներ է ուղարկել ինքնակոչ ձեռներեցներին` ի հիշեցումն և ի դադարեցումն իրենց գործունեության: Նրանցից շատերն, ի դեպ, իրավաբանական սուբյեկտներ չեն, հետևաբար` ենթակա չեն տույժ ու տուգանքի. այսպիսի դեպքերում պիտի գործի դրվեն ուժային և միայն ուժային մեթոդները` քշել ու վերջ: Իսկ եթե նա մի պատի տակից մյուս պատի տակ կանգնի՞, էնտեղ էլ կամ քշող չգտնվի կամ էլ քշողի հետ լեզու գտնվի՞… Չէ, ոնց գցում ենք, էլի մենք պիտի մեր առողջության տերը լինենք: Եվ մինչև իսկ պետական հսկողության մարմիններին չենք կարող ապավինել: Հակահամաճարակային տեսչության հետ հսկողության պատասխանատվությունը վերջերս սկսել է կիսել Գյուղնախարարության համապատասխան տեսչությունը: Զավեշտն այն է, որ նրանք չունեն սննդարտադրությունը վերահսկելու իրավունք: Էլ ավելի զավեշտալի է և թերևս վերահսկողությունը դարձնում է ինքնանպատակ այն իրողությունը, որ ստուգումներ անցկացնել նրանք իրավունք ունեն տարվա մեջ մեկ օր: Մնացած 365 օրը արտադրողներն ազատ են` ծավալվելու նորմերի խախտումների մեջ: Զավեշտն իր գագաթնակետին կհասնի, եթե հավելենք, որ այս կամ այն օբյեկտ այցելելուց առաջ ստուգվողներն այդ մասին ստուգողների կողմից տեղեկացվում են: Ի՞նչ մի դժվար բան է ստուգման պատրաստվելը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ