Խոսքը հողից եմ քաղում


«Գրողն իր ճանապարհի կերոնը պիտի լինի: Գրողի անգամ նահանջող-հուսահատ բառերի մեջ պիտի հավատի լույս լինի»: Սա արձակագիր, հրապարակախոս ու լրագրող Հրաչօի (Հրաչյա Մաթևոսյան) դավանանքն է: Գրող, ում ըմբոստ ոգու վարակիչ պաթոսն ընթերցողին է փոխանցվում առաջին իսկ տողերից: Ու էջերից հորդացող` հասկի նման հասունացած բառերը, թափանցելով արյան մեջ, կրկնապատկում են նրա եռքը: Սրտի ցավն անտեսել անհնար է: Ախր գյուղը դատարկվում է, նա է մեր շնչառությունը, հիշողությունը, որից փորձում են զրկել մեզ: Ապրված տարիները ստիպում են ետ նայել: 55 տարի առաջ հրաժեշտ տվեց հայրենի Ծմակուտին ու եկավ մայրաքաղաքի «ասֆալտը շնչելու»: Եկավ, որ մարդամեջ մտնի, գրի սևն ու սպիտակը ջոկի, որ եղբոր` Հրանտի պատվիրանով երբևէ կեղծ բան չգրի: Թե չէ գյուղի 7-ամյա դպրոցի` ամեն ինչ դասավանդող մի դասատուի տվածը քիչ կլիներ` լավն ու վատը տարբերելու համար, մանավանդ երբ համագյուղացի Աշխարհաբեկը հաճախ դպրոցի տնօրենին խնդրում էր, թե. - Գերասիմ ջան, ինչ կլինի, էրկու բոյով տղա տաս, օգնեն` գութանս լծենք: Աշխարհաբեկի խնդրանքն անպատասխան չէր մնում, ու քանի որ բոյով տղաներից մեկն անպայման Հրաչյան էր, ուստի նրա անվան դիմաց հինգը կար ու կար: Հանդ ու դաշտից շատ բան սովորեց: Այստեղ ավելի մոտիկից էր զգում հողի ջերմությունը. հող, որում Հրաչօյի ընկալմամբ ամփոփված էր Աշխարհի լեզուն ու խոսքը: - Եթե կյանքում սխալներ եմ թույլ տվել, ապա ամենամեծ սխալը Երևան գալն էր: Ես պիտի մնայի գյուղում, շենացնեի պապենական տունը, որ Հրանտ եղբայրս գար, հանգստանար ու գրեր, գրեր: Բայց դե Երևան չգալով` Հրաչյան Հրաչօ չէր դառնա: Պիտի շնչեր տպարանի ներկահոտը, 26 տարեկանում պիտի ստանար դպրոցի ատեստատը, թեև և° «Ավանգարդի», և° «Ոզնու» ընթերցողին վաղուց արդեն Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ստորագրությունը ծանոթ էր ու… սիրված: Մոր կաթի հետ մտած հայրենասիրությունը խռովվեց, երբ երկու տարի առաջ տեսավ Արևմտյան Հայաստանը, ու այդ պահից թունդ առավ նախնիների ստվերների հետ անհաշտ ապրելու որոշումը: - Էլ էն բորբոքված սիրով չեմ սիրում մեզ: Ախր մենք իրավունք չունեինք կորցնել մեր երկիրը: Ես ինձ համարում եմ հայրենազրկված, թեև թոռներիս հետ ապրում եմ այստեղ: Մեծ վտանգ կա այս հողի վրա: Մեզ հայրենասեր նախագահ է պետք, որ չունենք: Ես անհանգիստ եմ: Ականջներում մշտապես դատարկվող գյուղի արձագանքն է, հոգում` չպատժվող հանցագործի ու դատավորի հանդեպ զայրույթը, ինչն ավելի է բորբոքվում, երբ վերջիններս պատգամավորի մանդատով դառնում են ավելի անխոցելի: - Ամայանում ենք. սա է ցավը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ