ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ


Երաժշտական կրթություն ստանալու ձգտումը մեր հասարակության մեջ արմատավորված է բոլոր ժամանակներում: Թերևս այդ ձգտումն էլ նպաստեց երաժշտական կրթօջախների դերի բարձրացմանը: Սակայն եկավ մի պահ, երբ հասարակարգի փոփոխումը բարդ և դժվարին կացության մեջ դրեց նաև երաժշտական կրթօջախներին: Սակայն այս բնագավառում առաջացած վակուումը չէր կարող այդպես շարունակվել, և ահա քայլեր ձեռնարկվեցին նմանատիպ դպրոցների վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Մատաղ սերնդի հոգեկերտվածքի ձևավորման վրա այս աստվածային արվեստի ազդեցության գիտակցումով Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը ձեռնամուխ եղավ թիվ 17 երաժշտական դպրոցը մոռացումից փրկելու շնորհակալ գործին: Կրթօջախի գոյությունը վտանգված էր, և ահա երկար ժամանակ «ցնցումների» մեջ գտնվող դպրոցի պահպանմանն ու կայացմանը մեծապես նպաստում է թաղապետի կողմից այն Կենտրոնի զարգացման ծրագրերում ներառելու որոշումը: 1986-ից գործող կրթօջախը գեղագիտական դաստիարակության իսկական դարբնոց է եղել սաների համար, ովքեր այսօր արդեն վարպետ երաժիշտներ են, մանկավարժներ ու փորձում են մեկ այլ տեղ երաժշտությունը հասանելի դարձնել մանուկների հոգուն, ինչպես ավանդել է դպրոցի հիմնադիր Էմմա Հարությունյանը: 2000-ից դպրոցն անվանակոչվեց լիբանանահայ երաժշտական-հասարակական գործիչ, կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանի անունով և դարձավ Հալեպում ու Բեյրութում գործող անվանակից դպրոցների բարեկամը: Կրթօջախի երբեմնի փակված ժողգործիքների վերաբացման և մի շարք նոր բաժինների (պարարվեստ, կերպարվեստ, թատերական, վոկալ-էստրադային) ստեղծման արդյունքում հետզհետե ավելանում էր սաների թվաքանակը. այսօր 17 բաժիններում սովորում են շուրջ 200 երեխաներ: - Մեզ մոտ ուսման 7 տարիների ընթացքում երեխաները ստանում են ոչ միայն երաժշտական կրթություն,- ասում է Արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանը,- մեր նպատակն է նաև կրթել և դաստիարակել գրագետ ունկնդիր: Անշուշտ, բոլորը չէ, որ կդառնան երաժիշտներ, սակայն նրանց բոլորի հոգում ձևավորված գեղագիտական ճաշակը կօգնի ընկալել, զգալ արվեստի վեհությունը: Երաժշտասեր ունկնդիրն արդեն ծանոթ է հանրապետական և քաղաքային մրցույթներում հաղթանակած Արվեստի դպրոցի սաների վարպետ կատարումներին: Հաստատության ազգանվեր գործի մասին Դամասկոսի հայկական գաղթօջախը տեղեկացավ Գագիկ Բեգլարյանի հովանավորությամբ 2004-ին համերգային շրջագայության մեկնած, այսօր արդեն Կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող, շվիահար Կարեն Գրիգորյանի ելույթներից: Դիպլոմների և նոր հրավերների արժանացած Կարենի, Ալ. Սպենդիարյանի անվան հանրապետական 1-ին մրցույթում դափնեկրի կոչմանն արժանացած, կոմպոզիցիայի բաժնի սան Թաթոս Հակոբյանի, ինչպես նաև բազմաթիվ սաների ու համույթների համերգային ելույթները վկայում են մանկավարժների բարձր վարպետության ու աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվության մասին: Դեռ 20 տարի առաջ, երբ երաժշտականն իր գիրկն ընդունեց առաջին սաներին, նրանց դեպի արվեստի աշխարհ առաջնորդում էր շվիի դասատու Մնացական Չալիկյանը, քանոնահար Նարինե Թարվերդյանը, դաշնակահարուհի Կարինե Անանյանը և դպրոցի կոնցերտմայստեր Նելլի Հակոբյանը: Այդ նվիրյալների շարքերն այսօր համալրվել են նորերով, ովքեր իրենց կատարողական վարպետությունը սիրով փոխանցում են վաղվա թառահարին, դաշնակահարին, հաղորդավարին, ջութակահարին ու բոլոր նրանց, ովքեր նախընտրած երաժշտական գործիքով փորձում են հնչյունների աշխարհում հասնել կատարելության: Դպրոցի հպարտությունն են նաև լարային և ժողգործիքների նվագախումբը, երգչախումբը, լարային քառյակը, պարային համույթը, որոնք բարեգործական համերգներով բազմիցս հրճվանք են պատճառել մանկապարտեզների, դպրոցների, ծերանոցների, զորամասերի ունկնդիրներին: Սաների հաջողություններն ակնառու են նաև Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային մրցույթներում: Եվ պատահական չէր, որ Քաղաքապետարանի նախաձեռնած մրցույթ-ստուգատեսի ժամանակ դպրոցն արժանացավ դիպլոմի և ընդգրկվեց մայրաքաղաքի երաժշտական դպրոցների լավագույն տասնյակի շարքում: Արվեստի դպրոցի յուրաքանչյուր հաղթանակ ուրախություն է նաև համայնքի ղեկավարի և կրթության ու մշակույթի բաժնի աշխատակիցների համար, ինչն, անշուշտ, անարձագանք չի մնում: Թաղապետի հովանավորությամբ բեղուն ստեղծագործական կյանքով ապրող սաների ամառային հանգիստն անցնում է Սևանում, Մոսկվայում, Դամասկոսում, Իտալիայում: Վերջերս դպրոցի 20-ամյա հոբելյանի տոնակատարությանը հրավիրված էին նաև Հալեպի և Բեյրութի համանուն կրթօջախների ներկայացուցիչներ, որոնք Երևանի իրենց եղբայրակից դպրոցի հետ արձանագրեցին միջմշակութային համագործակցության սկիզբը: Յուրաքանչյուր նորի ու լավի ջատագով Արմինե Մուրադյանը ձգտում է իրականացնել դպրոցի հաջողությունները երաշխավորող յուրաքանչյուր նախաձեռնություն և ծրագիր: Դա նրան հաջողվում է: - Դպրոցի 20-ամյա տարելիցը, հանդիսավոր արարողությունից օրեր առաջ, նշանավորվեց շուրջ 15 համերգային ելույթներով: Մեր նպատակն է ուսուցումն իրականացնել նոր մեթոդներով: Միօրինակությունից խուսափելու համար համերգային ծրագրերը զուգակցում ենք բեմականացումներով: Անչափ կարևորում եմ արվեստի անվանի գործիչների հետ սաների անմիջական շփումը: Այդ նպատակով ցանկանում եմ ժամ հատկացնել «Վարպետաց դասերին», ինչի կարիքը զգացվում է: Կրթօջախի կոլեկտիվը շարունակ ստեղծագործական որոնումների մեջ է: Ցանկալի է, որ մատաղ սերնդի երաժշտական կրթության գործում մեզ աջակցեն նաև հեռուստատեսությունն ու ռադիոն:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ