ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ ԵՎ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ
Ամենագեղեցիկ բանը արևածագն է, իսկ արևածագը լինում է Արևելքից. Ն. Ռերիխ Ամեն ժողովրդի պատկերը իր կուլտուրան է (կուլտ-պաշտամունք, ուր-լույս): Հսկայական է և իմաստուն հնդկական կուլտուրան, ինչպիսին հնդիկ ժողովրդի ոգին է: Խորն ու անսպառ է հայկական կուլտուրան: Եվ նրանք միավորվեցին, ինչպես արիական մեր միասնության ժամանակ, երբ մեր նախնիները խոսում էին նույն լեզվով և ունեին նույն կուլտուրան: Հինդի բաժնի բոլոր ուսանողները մանկուց սիրել են Հնդկաստանը և երազել, որ կլինեն հինավուրց Հնդկաստանում: Մինչ այդ, նույնքան հինավուրց մեր Հայաստանի սրտում, Երևանի ժողովրդական արվեստի թանգարանի սրահում ստեղծել էին Հնդկաստանի պատկերը` իրենց աչքերով: Ռուս մեծ մտածող, նկարիչ, փիլիսոփա, Արևելք-Արևմուտք կապի մեծ ջատագով Նիկոլայ Ռերիխի Հիմալայան շարքը և Հնդկաստանի հետ կապված այլ նկարներ, որոնք զարդարել էին թանգարանի ցուցասրահներից մեկը, միանգամից գրավում էին մարդկանց ուշադրությունը: Հայ-հնդկական հարաբերությունների աշխուժացմամբ աճում է և հետաքրքրությունը հնդկական մշակույթի նկատմամբ: Երբ խոսում ենք ժողովուրդների բարեկամության մասին, ապա այն պետք է լինի անշահախնդիր, մաքուր, ինչպես Հիմալայների և Արարատի հավերժական սպիտակ ձյունը: Այդ երկու սուրբ լեռները այն հիմնասյուներն են, որոնց վրա կառուցվում է հայ-հնդկական բարեկամության կամուրջը: Արարատ-Հիմալայ ծիածանաձև կամրջի մասն են կազմում նաև Հայաստանի և Հնդկաստանի կրոններն իրենց գաղափարական ընդհանրություններով: ՉԷ՞ որ դրանք տրվել են մարդկության եղբայր-Ուսուցիչների` Քրիստոսի և Բուդդայի կողմից: Հնդկաստան աշխարհ` հարազատ սրտիս. Քո մաքուր ջրով, քո արդար հացով, Հարատևության քո առեղծվածով, Հավերժես պիտի լեռներում այդ լուրթ, Սիրում եմ քեզ շատ, հնդիկ ժողովուրդ..... - սրտաբուխ ստեղծագործում է I կուրսի հայ ուսանողուհի Արմինե Բարխուդարյանը` նաև այս կերպ ստեղծելով կամուրջ հայ-հնդկական բարեկամության: Պատմությունը վկայում է, որ հայ-հնդկական հարաբերությունները եղել են բավականին սերտ: Հատկանշական է, որ ամեն անգամ, անգլիացիների դեմ տարած հաղթանակից հետո Ագրայում հնդկական դրոշի հետ բարձրացվել է նաև հայկականը` որպես հայ-հնդկական համատեղ պայքարի խորհրդանիշ: «Որոգայթ Փառացը» Շահամիր Շահամիրյանը 1773 թ. գրել է Մադրասում` որպես ապագա Հայաստան պետության Սահմանադրություն: Հնդկաստանում հրատարակվել են «Շտեմարան», «Ազգասեր», «Ազգասեր Արարատյան» և այլ հայկական պարբերականներ: Երկու հնագույն քաղաքակրթությունների սերտ կապն ու համագործակցությունը հիմնավորող փաստեր կան, որոնց շարունակականության վկայությունն էր նաև այս միջոցառումը, որը կազմակերպել էին «Մշակույթի Հայկական լիգա» հասարակական կազմակերպության «Ջահակիրներ» երիտասարդական խորհուրդը և Երևանի հումանիտար ինստիտուտի հնդկերեն բաժնի ուսանողները` «Հնդկաստանը մեր աչքերով և մեր սրտում» խորագրով: Ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն իրենց աջակցությամբ: * Երևանի պետական բժշկական համալսարանի IV կուրսի հնդիկ ուսանող Վիջեյի «Մեր արիական արմատները» թեմայով գիտական զեկույցը հիմնավորում է, որ հայերը և հնդիկները ունեն նույն արիական արմատները և պատկանում են միևնույն հնդեվրոպական լեզվախմբին: Սա նշանակում է, որ մեր նախնիները խոսել են միևնույն նախալեզվով (պրոտոլեզվով): Այս փաստերը ևս ամրացնում են հայ-հնդկական կապերը որպես երկու եղբայր երկրներ: *Հնդկական փիլիսոփայական միտքը ամենահնագույնն է աշխարհում: Նրա պատմությունը սկսվում է արիական ռասայի առաջին գրական հուշարձանից` վեդաներից (սանսկ.` իմանալ, գիտելիք), որը ապագայում բնագրով` սանսկրիտերենով ուսումնասիրելու մեծ ցանկությամբ ներկայացրեց I կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը իր «Հնդկական փիլիսոփայություն: Յոգայի դպրոցը» գիտական զեկույցում: Յոգան (ճանապարհ) փիլիսոփայության դպրոց է, որը հիմնադրել է Պատանջալին մոտ մ.թ.ա. 700 թ.-ին: Յոգաներն ունեն տարբեր աստիճաններ: Կարմա Յոգայի, այսինքն, պատճառի և հետևանքի օրենքի գաղափարները պահպանված են բոլոր ժողովուրդների մոտ. դրանք արտահայտված են ժողովուրդների ազգային կրոններում, ավանդապատումներում, ասացվածքներում: Մենք բոլորս էլ միշտ օգտագործում ենք. «Ինչ կցանես, այն կհնձես», «Ով ինչ անի, իրեն կանի», քրիստոնեության մեջ` «Մի արա այն, ինչ չես ուզի անեն քեզ»: Բհակտի Յոգան մարդուն կատարելության տանող ամենաբնական և իրական ճանապարհն է, համենայնդեպս, այդպես են պնդում Բհակտա Յոգերը, որովհետև այն Սիրո Յոգան է: ժնանա Յոգա բառացիորեն նշանակում է գիտելիք, էզոթերիկ իմաստով` «բարձրագույն կամ աստվածային գիտելիք` ձեռք բերված Յոգայի միջոցով»: Այս Յոգան քննում է տիեզերքի և մարդու առաջացման հետ կապված հարցերը, որոնց պատասխանները, ինչպես ցույց տվեց պատմությունը, մարդիկ այդպես էլ չգտան և մինչև այսօր էլ փնտրում են: Ռաջա Յոգան առաջարկում է ուսումնասիրել էությունը` դուրս գալով ներքին աշխարհից և նրա միջոցով ղեկավարել և ներքին, և արտաքին աշխարհները: Ամենացածր աստիճանն է Հաթհա Յոգան, որը շատ ավելի է հայտնի: «Այն զբաղվում է առանձնապես ֆիզիկական մարմնով: Հաթհա Յոգայի վարժությունները դժվար են և կարևորը այն է, որ նրանք չեն հասցնում հոգևոր կատարելագործման: Այդ Յոգայի արդյունքը երկարակեցությունն է: Բանյան ծառը ապրում է 5000 տարի, բայց նա այնուամենայնիվ միայն ծառ է: Եթե մարդը ապրում է երկար, նա նույնպես միայն և միայն առողջ կենդանի է»,- այսպես է ասում Սվամի Վիվեկանանդան: Ագնի-Յոգան (Ագնի` սանսկ.- Կրակ)` Յոգաներից ամենաբարձրը, որը սինթեզեց բոլոր Ուսմունքները և Յոգաները, ասում է. նրանք նույնն են, նրանք բոլորը Միասնական Տիեզերական Իմաստության հատվածներն են: Ժամանակն է նրանց միավորել, որպեսզի միավորված լինի և մարդկանց մտածողությունը, և մարդն էլ իր ոգին պատկերացնի Տիեզերական ոգուն համաձույլ, Ամբողջի մեջ և կլինի Ներդաշնակություն, Խաղաղություն, Իմաստություն: Ագնի-Յոգան շեշտը դնում է մարդու գիտակցության ընդլայնման և բանականության զարգացման վրա` պահանջելով կամքի մեծ դրսևորում, որոնք հետո կմիավորվեն զգացաիմացության մեջ: Ճշմարտությանը հասնելու այս միակ ճանապարհը պետք է համընթաց լինի բարոյագիտության-էթիկայի հետ, այն էլ Կենդանի: Մարդու ողջ գործունեութ յունը ուղղված է ի բարօրություն մարդկանց: Այն մարդկությանը որպես փարոս տրվեց Նիկոլայ Ռերիխի, նրա կնոջ` ռուս մեծ մտածող Ելենա Իվանովնա Ռերիխի և Մահաթմաների համագործակցության արդյունքում 20-րդ դարի 20-ական թվականներին, և մարդկությունը սկսեց տիեզերական պարույրի մի նոր գալար: Այն կոչվեց նաև «Կենդանի Բարոյագիտություն», հենց այն, ինչի պակասը մենք հիմա զգում ենք: Գունագեղ, շքեղ և խորիմաստ է հնդկական արվեստը: Եվ առավել հետաքրքիր, երբ ներկայացվում է հայ ուսանողի կողմից և հնչում նրա շուրթերից: Հինդիով հնչեցին հնդիկ մեծ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծություններից, պարեցին հնդկական պարեր և երգեցին ազգային երգեր: Հնդկական հիմնը երգեցին հնդիկ ուսանողների հետ միասին: Միջոցառմանը ներկա Հնդկաստանի փոխդեսպանը բարձր գնահատեց հայ ուսանողների այս նախաձեռնությունը: Զարմացած լինելով I կուրսի ուսանողների հնդկերենի իմացությամբ և գիտելիքի խորությամբ, նա խոստացավ աջակցել նրանց, հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն: Մնում է, որ շատ լինեն հնագույն քաղաքակրթությունների չափանիշով գեղագիտական ճաշակ զարգացնող, ուսուցողական ու բարոյագիտական միջոցառումները, որպեսզի երիտասարդ սերունդը մակերեսային, միօրինակ ու ձանձրալի սերիալների, ինտերնետամոլության ու թափառելու փոխարեն ծանոթանա ու հաղորդակցվի հնագույն պատմություն ունեցող երկրների (այդ թվում նաև հայկական, քանզի շատերս մեր կուլտուրան չգիտենք) մշակույթներին: Դրա համար էլ «Մշակույթի հայկական լիգա» հ/կ-ն և նրա «Ջահակիրներ» երիտասարդական խորհուրդը առաջարկեցին ստեղծել Հայաստանում «Հայ-հնդիկ ուսանողի ընդունակությունների և նրա ունակությունների, կարողությունների զարգացման կենտրոն»` տրամաբանության հիմքի վրա, որը կհանդիսանա երկու երկրների երիտասարդների փոխհաղորդակցման յուրօրինակ կենտրոն: Հ. Գ. Ցավալի է միայն արձանագրել, որ մեր հեռուստաընկերություններից ոմանք, փոխանակ իրենք լուսաբանելու այսպիսի գիտամշակութային միջոցառումները, ուսանողի գրպանին անհարիր գնացուցակ ներկայացրեցին: Չեն ուզո՞ւմ հասարակությանը հաղորդակից դարձնել հինավուրց մշակույթներին…