ԱՆՈՐՈՇ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ


Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին այնքան քիչ ժամանակ է մնացել, որ ոմանք արդեն այն հաշվում են ժամերով: Առանց բեկումնային ցնցումների սահող քարոզարշավի ընթացքը ենթադրում է, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները հաշտվել են առկա իրավիճակի հետ կամ էլ իրականության վրա ներազդելու տարբերակներ չեն տեսնում: Ասվածի հավաստիքն է նաև հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ հատկապես արմատականների շրջանում հեղափոխական շարժում սկսելու մտայնությունը: Ասել է թե` քարոզարշավի ընթացքից ընդհանուր առմամբ խիստ դժգոհ չլինելով, ընդդիմությունը քվեատուփերի մայիստասներկուսյան պարունակության հետ մեծ հույսեր չի կապում: Նրանք ավելի շատ հակված են հավատալու, թե ձայն վաճառող ընտրազանգվածը ևս բարեգործական կուսակցությունների հետ քվեարկության օրը հաշիվները փակելուց հետո կմիանա իրենց: Արմատականներն իրենք իրենց ներշնչում են, թե ընտրություններին հաջորդող օրերն այնքանով խորհրդանշական կդառնան, որ և° ստացված ընտրակաշառքը վաղուց ծախսված կլինի, և° գոյության հետագա միջոցներ հայթայթելու հեռանկարները մշուշոտ կթվան: Սա` ընդհանրապես: Իսկ կոնկրետ դեպքում ընտրակաշառքը սպառած ընտրազանգվածը ոչ մի դեպքում արմատականների հանրահավաքներին չի մասնակցի: Չթաքցնենք, որ հայրենի ընդդիմությունը այս պահին ավելի, քան երբևէ, չափազանց անմխիթար վիճակում է: Նախ. առանձին-առանձին մասնակցելով ընտրություններին` նրանք արդեն իսկ ինքնաբերաբար փոշիացրել են պոտենցիալ տոկոսների առյուծի բաժինը: Բացի այդ, հետընտրական հնարավոր որևէ ձևաչափ գոնե այս պահին չի ուրվագծվում... Ավելին, սկզբունքային համարվող «Հանրապետություն», «Նոր ժամանակներ», «Իմպիչմենտ», գուցե նաև «Ժառանգություն» կուսակցությունների հավանական միավորու մը, ինչպես արմատականներն են սիրում կրկնել, կրիտիկական զանգված հրապարակ չի հանի: Դժվար չէ նկատել նաև, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ միայն Ա. Գեղամյանը հրաժարվեց ընդդիմության հետ միավորվել, այս դեպքում շատ մեծ է ՀԺԿ-ի և այլ մանր քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև իրենց ընդդիմադիր համարող «Օրինաց երկիր» և «Դաշինք» կուսակցությունների պասիվության հավանականությունը: Այսպիսով, չկա այնպիսի գործիչ կամ քաղաքական ուժ, որը կարողանա համախմբել և առաջնորդել ընտրազանգվածի առնվազն պարզ մեծամասնությանը: Ահա թե ինչով է պայմանավորված քարոզարշավի հանդարտ ընթացքը: Իրոք որ, ընդդիմությունը պառակտված է ու խեղճ, իշխանական կուսակցությունները եղածը պահպանելու հարցում որևէ խնդիր չունեն, իսկ մյուսներն էլ ո°չ ասելիք ունեն, ո°չ անելիք: Նման իրավիճակում մինչև ընտրություններ մնացած ժամերը հաշվելն էլ թերևս անիմաստ է: