Ռուսաստանը կողմնորոշվել է. ԱՄՆ-ի խաղաքարտերը դեռ փակ են
Ըստ երևույթին, ԲՀԿ-ն բավական խանդոտ է «ընկալել» Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստանում արտահայտած ջերմ վերաբերմունքը Սերժ Սարգսյանին: Թերևս, դրանով կարելի է բացատրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հապշտապ այցը Մոսկվա և շփումները տեղի քաղաքական շրջանակների հետ: Գ. Ծառուկյանի` որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ընդունելությանը չարժանանալու փաստը մի ավելորդ ապացույց է այն իրողության, որ Կրեմլն իր ընտրությունը կատարել է հօգուտ ՀՀԿ-ի և այս հարցում իր դիրքորոշումը փոխելու մտադրություն չունի: Հավանական է` Ռուսաստանը լուրջ հաշվարկների արդյունքում համոզվել է, որ չնայած աննախադեպ տեմպերով «բարգավաճմանը», ԲՀԿ-ն ընտրություններում մեծամասնության քվեն, այնուամենայնիվ, չի կարող ստանալ: Անպատճառ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ սույն կուսակցությունն իր շարքերում չունի այնպիսի վառ անհատականություններ, որոնք հետագայում` ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ կարողանային լուրջ մրցակից դառնալ Սերժ Սարգսյանին: Փաստացի մերժվելով Ռուսաստանի կողմից, զրկվելով վերջինիս խիստ անհրաժեշտ աջակցությունից, չի բացառվում, որ ԲՀԿ-ն անթաքույց ռևերանսներ անի Եվրոպային և ԱՄՆ-ին: Առավել ևս, որ Արևմուտքը, կարծես թե, դեռ չի ճշգրտել իր վերաբերմունքը ԱԺ ընտրություններում հաղթելու ֆավորիտ հանդիսացող քաղաքական ուժերի նկատմամբ: Սակայն, ԱՄՆ-ից «եկող» առայժմ «թույլ ազդակները», որոնք հիմնականում նշմարվում են ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հաճախակի հնչող հայտարարությունների տողատակերում, ենթադրել են տալիս, որ Նահանգները առանձնակի համակրանքներ չունի իշխանական ու իշխանամետ որևէ քաղաքական ուժի նկատմամբ: Դեռ վաղաժամ է պատճառների մեջ խորամուխ լինել, քանզի այս հիպոթետիկ ենթադրությունը կարող է լինել խիստ խաբուսիկ: