Առաջին փուլը ավարտվեց
Վերջին սոցհարցումների տվյալները սառը ցնցուղի տպավորություն թողեցին քաղաքական այն ուժերի վրա, որոնք օր ու գիշեր զբաղված են չգիտես իրենք իրե՞նց, թե՞ մարդկանց համոզելով, որ ՀՀԿ միակ հենարանը ադմինստրատիվ ռեսուրսն է: - Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ վարկանիշը ամենաբարձրն է կուսակցությունների ցուցակում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Հարցին ի պատասխան, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել ՆԻԿՈՅԱՆԸ փաստում է. - Հասարակության մեջ կա որոշակի թերահավատություն այդ հարցումների նկատմամբ, որովհետև հաճախ դրանք օգտագործվում են քաղաքական նպատակներով: Բայց հաճախ նույն խնդրի վերաբերյալ տարբեր սոցհարցումներ են անցկացվում և տարբեր արդյունքներ ստացվում: Այսպիսի տարբերություն կա վերջերս «Գելափի»-ի և Ահարոն Ադիբեկյանի ստացած տվյալների միջև: Այս պատասխանը հստակ է: Ժամանակներն են տարբեր: Քարոզարշավի ընթացքում կարող են տեղի ունենալ պրոցեսներ, որոնք կարճ ժամանակում ի վիճակի կլինեն փոխել ամբողջ պատկերը: Մենք ուղղակի սկսեցինք քարոզարշավի ակտիվ փուլը` ճիշտ ընտրված տակտիկայով. այսինքն` ժողովուրդը մեզանից լսում է այն, ինչը հետաքրքրում է իրեն: Ի դեպ, մեր գրագետ ու ճիշտ կազմակերպված քարոզարշավի միակ օրինակը չի սա: Եթե հիշում եք` 1995-ի քարոզարշավի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի հարցն էր: Հիմա մի քիչ փոխվել է վիճակը: Ամենաառաջնահերթը սոցիալական իրավիճակին առնչվող հիմնախնդիրներն են: Երբ ընթանում էր Արցախյան պատերազմը, իշխանությունները կարողանում էին դիմել ժողովրդին, հորդորելով` սեղմել գոտիները: Եվ սեղմեցինք: Բայց սա չի կարող անվերջ շարունակվել, ուստի բնական է, որ այսօր բոլոր կուսակցությունների ծրագրերում առաջնահերթություն են ստացել կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը, աշխատանքային ապահովվածության խնդիրը և այլն: Քարոզարշավում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք գրագետ ու արժանահավատ լուծումներ կառաջարկեն ընտրողին: Խոսելով նախընտրական այս փուլի առանձնահատկության մասին, Ս. Նիկոյանը նկատում է. - Ինձ հաճելիորեն զարմացնում և ուրախացնում է այն դրական մթնոլորտը, որում իրականացվում է քարոզարշավը: Չկա փոխադարձ ատելություն, չկա դաժան մրցակցություն, չկա իրար միայն ցեխոտելու, վիրավորելու, բամբասելու մղում: Իհարկե, որևէ քարոզարշավ չի կարող խուսափել այսպիսի երևույթներից, բայց ամեն դեպքում գոնե մինչև հիմա, իմ կարծիքով, շատ քաղաքակիրթ պայմաններում է ընթանում արշավը: Ասեմ, որ հիմնականում այս կարծիքի է նաև ընդդիմադիր թևը: Ըստ մեր զրուցակցի, դրական այս մթնոլորտը չի խախտվում նույնիսկ ԲՀԿ գրասենյակների մոտ լսված պայթյունների, ինչպես նաև Էրեբունիում հնչած կրակոցների փաստով, քանի որ դրանց ետևում չկան քաղաքական ուժեր. - Փորձել այս հանցագործությունները կապել նրանցից որևէ մեկի հետ` անիմաստ է: Սակայն կարծում եմ` հասկանում եք, որ իմ տպավորությունը վերջնական վերդիկտի բնույթ չունի, և վերջնական եզրակացության իրավունքը իրավապահ մարմիններինն է: