ՀՌԱԿ-ի «պայքարը» դրսում և ներսում


Վերջերս Եվրոպայում որպես եվրոպական կառույց գրանցված Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ, պատգամավորության թեկնածու Հարություն Առաքելյանի համոզմամբ` կուսակցությունն իր կառույցներով այսուհետ առավել մեծ գործունեություն է ծավալելու: Տարօրինակ է, որ հանկարծ ՀՌԱԿ-ն այդպիսի որոշում է կայացրել: Որպես քաղաքական կազմակերպություն այն աջակցում էր անգամ Ֆրանսիայի նախագահի ընտրություններին Նիկոլա Սարկոզիի` 2-րդ փուլ անցնելու գործընթացին: Ատենապետի հավաստիացմամբ` եվրոպական երկրներում քաղաքացիություն ընդունած հայրենակիցներին իրենց շարքերում անդամագրելու ՀՌԱԿ-ի ջանքերն ապարդյուն չեն: Մշակութային տարբեր միջոցառումներ, բարեգործություններ- սա հայրենիքից դուրս ծավալած գործունեության մի մասն է: Իսկ ինչո՞վ է զբաղվում ՀՌԱԿ-ը հայրենիքում և ընդհանրապես, այստեղ նա ունի՞ որևէ առաքելություն: Խորհրդարանի ընտրություններին մասնակցող կուսակցություն ների շարքում անգամ նրա անունը չի հիշատակվում: Եվ դա օրինաչափ է: Իր անգործությամբ ՀՌԱԿ-ը հասարակությանը «օգնել» է մոռանալ կուսակցության մասին: Նա չէր էլ կարող հույսեր փայփայել նույնիսկ քարոզարշավների ընթացքում զանգվածներ հավաքել: Հարություն Առաքելյանն այսօր ասում է, որ ՀՌԱԿ-ին սրտամոտ է «Դաշինք»-ի մարտավարությունը: Ի դեպ, այդ մարտավարությունը բնութագրվում է իբրև «դռնեդուռ ընկած, մարդկանց հետ անմիջական զրույց...»: Ընտրական այդ տեխնոլոգիան ատենապետը բավական արդյունավետ է համարում: Բայց դռնեդուռ պետք է ընկնել ոչ թե քարոզարշավի օրերին, այլ գործունեության ընթացքում, կոնկրետ քայլերով: Քավ լիցի, մեր ժողովուրդը լավ էլ նկատում ու ճիշտ գնահատում է քաղաքական գործընթացները: Մինչդեռ «չձևավորված ընտրական մշակույթի» բացակայությունից դժգոհող Հարություն Առաքելյանը մի հարցում ճիշտ է: - Պարզից էլ պարզ է, որ գործարարները ԱԺ են մտնում իրենց իսկ պաշտպանության և մանդատի տեր դառնալու համար, քավոր-սանիկային հարաբերությունների շնորհիվ ուզում են գործունեություն ծավալել: Ահա թե ինչու երկրում այդպես էլ չի ձևավորվում ընտրական պայքարի մշակույթ: Մինչդեռ երկրին խելացի, կիրթ քաղաքական գործիչներ են պետք: Իսկապես պետք են, բայց ո՞ւր են նրանք, և այս հռետորական հարցն իրեն քաղաքական միավոր համարող առաջնորդը չէ, որ պետք է հայտարարի: Իսկ տարբեր անհատների սատարելով` կուսակցություն չես կայացնի, պարոն Առաքելյան:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ