Ուրանն էլ տվեցին
Մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Ատոմային էներգիայի Ռուսաստանի Դաշնային գործակալության պատվիրակությունը` գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի գլխավորությամբ: Այցի ընթացքում քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող խնդիրներ: Իսկ համագործակցության հիմքը դրվել է դեռևս 2000 թվականին` համաձայնագրի ստորագրմամբ: Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման վերաբերյալ պայմանագիրը 2007-ին քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների կողմից: Քննարկումների արդյունքում կայացվել է քաղաքական որոշում. այն է` ստեղծել ուրանի մշակման համատեղ ձեռնարկություն և համատեղ ուժերով Հայաստանում սկսել բնական ուրանի արտահանում: Տարեսկզբին Դաշնային գործակալությունը հայկական կողմին ներկայացրել էր ուրանի հանքավայրերի երկրաբանական որոնման, հետախուզման և շահագործման համատեղ գործողությունների տարեկան ծրագիր: Համատեղ ձեռնարկությունը նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրերի նախնական արդյունաբերական գնահատման նպատակով: Հայկական կողմը կներկայացնի «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Այս ՊՓԲԸ-ն ունի ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն: Հայաստանն, այսպիսով, դառնում է ոչ միայն էներգիա, այլև էներգառեսուրսներ, տվյալ դեպքում ուրան, արտահանող երկիր` բնականաբար, նախ բավարարելով սեփական պահանջները: Նախնական տվյալներով Հայաստանում բնական ուրանի ծավալները կազմում են ավելի քան 30 հազար տոննա, թեև ենթադրվում է, որ դրանք կարող են կրկնակի անգամ ավելի լինել: Իսկ առայժմ պետք է որոշել դիտարկվելիք հանքավայրերի մեջ առաջնահերթ ուսումնասիրման և շահագործման օբյեկտները: Մեկ շաբաթից Հայաստան կժամանեն ռուս մասնագետները, և հայ մասնագետների հետ համատեղ կսկսվեն արդյունաբերական հումքի որոնման աշխատանքները: Իսկ տարեվերջին, ինչպես սահմանված է ժամանակացույցով, երկրաբանական հետազոտությունների արխիվները պետք է դիտարկված լինեն, և երկիրը պետք է սկսի ուրանի արդյունահանումը: Ս. Կիրիենկոն Հայաստանում գործող օրենսդրական դաշտը նման համագործակցության համար համարում է բարենպաստ: Կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատել է ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգը: Համատեղ ձեռնարկության ստեղծմամբ Հայաստանը միանում է Ուրանի հարստացման միջազգային կենտրոնին, ինչը, կողմերի գնահատմամբ, «ամբողջապես փոխում է Հայաստանի քաղաքական կշիռը աշխարհում, որպես ռադիոակտիվ հումք ունեցող և արդյունահանող երկիր»: Նշենք, որ վերջին տարիներին բնական ուրանի գինն աշխարհում բարձրացել է շուրջ 10 անգամ: Ինչ վերաբերում է ռադիոակտիվ հումքի տեղափոխմանը, ապա ռիսկային փոխադրման առումով այն համարվում է անվտանգ բեռ: