Իր ապրած օրերի անկողմնակալ, ապրեցնող թարգմանը


Մարդ արարածի երկրային կեցությունը ամենից առաջ իմաստավորվում է նրա հանրօգուտ հասարակական գործունեությամբ, որն արդյունավետ է լինում միայն այն դեպքում, երբ նա, հավատարիմ իր ներքին ձայնին, նախասիրություններին ու կոչմանը, անկեղծ ու անմնացորդ նվիրումով հարստացնում է սեփական բովանդակությունը ընտրած ոլորտի կարևորությունը հաստատող կոնկրետ գործերով` մասնագիտական պարտքի սրված զգացողությամբ: Ահա ընդհանուր բնութագիրը Մարգո ՂՈՒԿԱՍՅԱՆ Լրագրողի` ըստ վեց բեղուն տասնամյակ ձգվող անխոտոր աշխատանքի պտուղների` մոտ 500 հրապարակախոսական պրոբլեմատիկ հոդվածների, ակնարկների, պամֆլետների, որոնցից շատերը տեղ են գտել առանձին հրատարակված 10 գրքերում, արժանացել հանրապետական, միութենա կան, միջազգային մրցանակների, ընթերցողական լայն լսարան գտել թարգմանաբար: Նորաթուխ լրագրողների նախանձոտ, զարմացական հիացմունքը մեղմելու համար ասեմ, որ այսօր մեծ ճանաչում ու հարգանք վայելող Մարգո Ղուկասյան մտավորականի կայացման ընթացքը ամենևին էլ դյուրին չի եղել: Տխրակունք մանկություն` ներծծված 1915-ին Էրզրումի բանտում նույն օրը, Սասունի Գուլի բաբա գյուղի 126 զենք բռնող տղամարդկանց թվում, սպանված պապերի գենետիկ ցավով: Պատանեկություն` Լենինական գաղթած մոր` Բասենի վերջին շառավիղ հայուհու, ժողովրդական հավաքական առակախոս սուր մտքով կարգավորվող ավելի քան համեստ կենցաղով. Մեծ Հայրենականի ծանր օրերին, աշխատանքի ու բաներիտ երեկոյան դպրոցում ուսման համատեղում 14 տարեկանից: Ամենամեծ, անհագ հոգևոր պահանջը մինչ օրս էլ մնացել է ընթերցա նությունը. Սարոյանը, Սևակը, Մորուան, Չեխովը, Տոլստոյը և գրական մյուս հսկաները կրթել են միտքը, իրենց թևավոր խոսքերով օգնել գտնելու ասելիքը բացահայտելու բանալին, երբ Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո, Մկրյանի մասնագիտական ակամա կողմնորոշմամբ, սկսել է զբաղվել լրագրությամբ: Մի բնագիտության դասի մասին պատմող առաջին հոդվածից («Պիոներ կանչ», 1950) մինչև իգդիրցի հայդուկին ներկայացնող վերջինը («Նորք»` շուտով): Աշխատանքային 17 տարիները «Կանչ»-ում գործնական մասնագիտական բարձրակարգ կրթարանի արժեք են ունեցել Մարգո (Սեդա) Ղուկասյանի լրագրական կյանքում` նախապատրաստելով մտքի թռիչքը «Գարուն»-ում: Բարեհաջող ինքնահաստատման անհրաժեշտ նպաստավոր նախադրյալները` բարոյակամային անձնական տվյալներ, ժամանակի մտավոր հզոր ներուժի կրող գործընկերներ (Վարգես Պետրոսյան, Մուշեղ Գալշոյան, Ալեքսանդր Թոփչյան և ուրիշներ), ընտանեկան փոխըմբռնում ու խթանիչ աջակցություն, գործուղումներ ու ճամփորդություններ, հասարակ, անվանի մարդկանց ու պետական պաշտոնյաների սրտապնդող ուշադրություն. - միագումարվելով` վերջնակա նապես ուղղորդեցին ու ձևավորեցին, աճեցրին ու հասունացրին Մարգո Ղուկասյան մտավորականի բազմաշերտ նկարագիրը, որն ավարտուն ու ակնածալի ամբողջակա նության հասավ նրա կյանքի ութ տասնամյակների ընթացքում իր իսկ պրպտուն ու անկեղծ, մարտաշունչ հրապարակումներով` «միաժամանակ 2 մլն հասցեով առաքվող բաց նամակներով»: Այսօր այդ «նամակներից» շատերը դիպլոմային աշխատանքի հիմք են դառնում լրագրողի մասնագիտությունն ընտրած երիտասարդների համար շնորհիվ իրենցում պարփակված թեմատիկ ծանրակշիռ փաստագրական տվյալների մանրակրկիտ ուսումնասիրված հարուստ բովանդակության: Ապշեցնում ընդգրկումների մասշտաբայնությամբ` բնապահպանական խնդիրներ, անչափահասների հանցագործություններ, հայկական շինարարական և ճարտարապետական արվեստ, հնավանդ քարակերտ ու ձեռակերտ հուշարձաններ... Իր ապրած ժամանակի ոչ մի հրատապ խնդիր դուրս չի մնացել Մարգո Ղուկասյանի տեսադաշտից: Այսօր էլ ինքնակիզվող տքնանքով ու կյանքի արատները ձաղկող սկզբունքայնությամբ նա շարունակում է «նամակներ» առաքել հայրենակիցներին` սթափ մտքով, կատարելության անթաքույց ձգտումով, ուսանելի կենսափորձով ներթափանցված պատկերաոճ գեղարվեստական հրապարակումներ: Տպագրության ներկայացված «Սպանել խավարը» նոր ժողովածուն յուրատեսակ կենսապատումն է մեր ապրած բեկումնային վերջին 10-15 տարիների: Կարողանար նրա ծավալուն հրապարակագրության հասուն պտուղներից շռայլորեն օգտվող լրագրողների նոր սերունդը նաև հարկավոր դասեր քաղել մասնագիտական հագեցած զինանոցից, հնարավոր կլիներ արդի հայ մամուլը թոթափել հոգեփլուզող սնամեջ, բամբասկոտ, ստահոդ հրապարակումներից ի նպաստ համատարած հոգևոր-բարոյական զարթոնքի, նորանկախ պետականության արժանապատիվ ու մշտակայուն առաջընթաց գոյատևման: Ամենագլխավորը` սերունդներին ավանդվող իր «նամակ»-վկայագրերով դառնար անկողմնակալ ու ապրեցնող թարգման-խոսափողը ապրած օրերի, ինչպես Մարգո Ղուկասյանն ու իրենց բարձր կոչմանն ու անբասիր մարդկային նկարագրին չդավաճանած նրա սերնդակից մտավորականներից շատերը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ