Շվիահարը հարթեց ինքնահաստատման ուղին
«Գարուն-2007» հանրապետական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում դասական երաժշտության համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, հանրապետական մրցույթի դափնեկիր, «Գրան Պրի»-ի մրցանակակիր, շվիահար Կարեն Գրիգորյանը: Նվագակցում էր ճանաչված դաշնակահար Լևոն Հարությունյանը: Համերգի հովանավորներն էին «Հայաստանի դիզայներների միությունը» և «Հույս և իրավունք» բարեգործական կազմակերպությունը: Շնորհաշատ երաժիշտ-շվիահարը յուրովի ներկայացրեց հանրահայտ կոմպոզիտորներ Բախի, Մոցարտի, Շուբերտի, Վագների, Կոմիտասի, Սպենդիարյանի և այլոց ստեղծագործությունները: Սրնգի հոգեթով հնչյունները կախարդել էին դահլիճը: Յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էր ջերմ խոսքերով և ուժգին ծափահարություններով: Կարեն Գրիգորյանը երաժշտական տաղանդով աչքի է ընկել դեռ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի (նախկին երաժշտական) դպրոցում սովորելու տարիներին: Մասնակցել է մի շարք փառատոների, շրջագայել Եվրոպայում, եղել Դամասկոսում` ըստ արժանվույն ներկայացնելով հայ արվեստն ու երաժշտությունը: Սա Կարենի երկրորդ ելույթն էր, որով նա հարթեց ինքնահաստատման ուղին: