Դպրոցը, ինչպես ԵՎ համայնքը, զորավոր է


Անկեղծ մի խոստովանություն անեմ: Գյուղական դպրոց մտնում եմ առանձին երկյուղածությամբ ու ակնածանքով: Գյուղական ուսուցչի հանդեպ խոնարհումի զգացումս ավելի է: Բոլոր ժամանակներում ուսուցիչը հարգված և մեծարված անձ է եղել: Գյուղական վայրերում դա առավել քան այդպես է: Եթե քաղաքում երեխայի կրթական և հոգևոր պահանջները կարող են լրացվել այլևայլ օջախներում, զանազան շփումների արդյունքում, ապա գյուղում դրա հնարավորությունները, մեղմ ասած, նվազ են, և հոգևոր սննդի գրեթե միակ աղբյուրը ուսուցիչն է: Նկատենք նաև, որ մշակութային օջախների բացակայության պայմաններում գյուղական դպրոցն այդպիսին լինելու առաքելություն ունի: Եթե ասվածին հավելենք, որ այսօր գյուղն է մեր ազգային նկարագրի ու ավանդույթների պահող-պահպանողը, հասկանալի կդառնա, թե որքան կարևոր է մարզերում բարձրակարգ մանկավարժական ներուժի առկայությունը ինչպես կրթական, այնպես էլ ազգային դաստիարակության առումով: Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Արևիկ գյուղի դպրոցում այս իմաստով իրավիճակը բավական գոհացուցիչ է: Սկսենք տնօրենից: Հակոբ Թորոյանը պատմական գիտությունների թեկնածու է, հանրակրթության ոլորտին լավատեղյակ մարդ, մանկավարժության մեջ ամենայն նորին հետամուտ ղեկավար: Պրն Թորոյանը ուսուցիչնե րից շատերի մասին է գոհունակությամբ խոսում: Հայերենի ուսուցիչներ Գայանե Կարապետյան, Մելանյա Կարապետյան. նրանց սաների մասնակցությունը օլիմպիադաներին արդեն իսկ որակի ցուցիչ է: Մինչ ամենուր դժգոհում են, թե աշակերտները չեն կարդում, նրանց հաջողվում է ծրագրային գրականությունը բոլորին ընթերցել տալ: Եվ առհասարակ, դպրոցում մայրենիի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա: «Լեզուն ազգի գոյատևման հիմքն է, գիտելիքի հիմնաքար»,- դիտարկում է տնօրենը: Մանկավարժների բույլի մեջ են Կարինե Գաբրիելյանը, Լիդա Թաթոյանը, Լուսինե Պիջոյանը, Գայանե Բաղդասարյանը: Տարեցների հետ կողք-կողքի անվարան քայլում են երիտասարդ ուսուցիչներ Նունե Հովհաննիսյանը, Անահիտ Նահապետյանը, Լիլյա Պողոսյանը, Ստյոպա Մելքոնյանը: Իսկ ավագները` Լյուդվիգ Մելքոնյանը, Ջուլիետա Նազարեթյանը, Վալենտինա Մխոյանը 40 տարվա մանկավարժներ են և, ինչպես հայտնի կինոնկարի հերոսը, «մի պարզ ճշմարտություն գիտեն». դպրոցին տալու բան իրենք դեռ ունեն: «Նրանք դպրոցի սյուներն են»,- ասում է տնօրենը, ով ամեն անգամ գտնում է վաստակ ու փորձ ունեցող ուսուցիչներին դպրոցում պահելու հնարը: 29 ուսուցչից 6-ն է տղամարդ: «Ազգային փոքրամասնություն ենք»,- կատակում է մեր զրուցակիցը: «Մեծամասնության» և «փոքրամասնության» աշխատանքը հրաշալի համակարգում է փոխտնօրեն Թեղո Մելքոնյանը: Իսկ դաստիարակության ճակատն Ալվինա Մանուկյանի տնօրինության տակ է: Ուսուցիչների մեջ մի կարմիր ծաղիկ կա: Երիտասարդ ուսուցչուհի Հասմիկ Թորոյանը կարմիր դիպլոմով ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտը և վերադարձել հարազատ դպրոց` անգլերեն լեզու դասավանդելու: Այսպիսի իմացության և գիտելիքների տեր ուսուցիչ ունենալն, անշուշտ, դպրոցի համար մեծ արժեք է, կրթանպաստ արժեք: Դասվարներին չմոռանանք: Լուսինե Նազարյանը, Սոնիկ Բաղդասարյանը, Լյուբով Պողիկյանը ամուր վերնաշենքի կայուն հիմք ստեղծողներն են եղել տարիներ շարունակ: Այսօր փոքրաթիվ զրո դասարանցիների հետ Սվետլանա Մանուկյանն է պարապում: Դա դեպի դպրություն տանող մեծ ճանապարհի սկիզբն է, և հարկ է, որ փոքրիկները, մանկությունից դեռ նոր կտրված, սիրով սկսեն այդ ճանապարհը: Ճիշտ է, դասարանի կահավորմանն աջակցել է «Կարիտասը», սակայն դասվարը ներդրել է ամեն ինչ` մասնագիտական հմտությունից մինչև մայրական ջերմություն ու հոգատարություն` դասասենյակը դարձնելու մանկան համար հրապուրիչ և հարմար: Ամեն տանտիրուհի պիտի երազեր, որ իր տան տղամարդն այդպես սրտացավ ու ուշադիր լիներ տունուտեղի նկատմամբ, ինչպես դպրոցը պահում-պահպանում է աշխատանքի ուսուցիչ Վարդան Մկոյանը: Ինչպես գոհունակությամբ նշում է Հ. Թորոյանը, կոլեկտիվում ինչպես աշխատանքին, այնպես էլ միմյանց նվիրվել գիտեն, մարդկայնորեն միմյանց սատարել ու հոգսը կիսել գիտեն: Ե՞րբ է, որ մարդիկ համաձայն են պակաս դասաժամեր ունենալ, ավելի քիչ վաստակել, միայն թե գործընկերներն անաշխատանք չմնան: «Սա փոխադարձ սիրո և հարգանքի վրա խարսխված հարաբերությունների վկայություն է»,- փաստում է տնօրենը: Ի դեպ, դպրոցից առաջին տպավորությունը մենք ուսուցիչներից ստացանք: Դասամիջոցին շատերը ուսուցչանոց մտան, ուր սպասում էինք տնօրենին: Աշխատանքային տրամադրություն, լուսավոր դեմքեր, մտերմիկ խոսք ու զրույց: Եվ բնավ ոչ մայրաքաղաքային լրագրողին ներկայանալու կեցվածք: Իրենց համայնքն է, իրենց դպրոցը և իրենք` իրենց երեխաների կրթության և դաստիարակության հոգսն ուսած: Դաստիարակության հարցում տնօրենի համոզմունքները հստակ շեշտադրումներ ունեն. «Այսօր մենք ավելի քան խնդիր ունենք դաստիարակելու հայրենասեր, պետություն պահող, մեր հաղթանակած բանակը զորացնող, հանուն այս ամենի անձնազոհության պատրաստ սերունդ: Ոչ թե այս երկիրը, այլ մե°ր երկիրը, ոչ թե այս հողը, այլ մե°ր հողը. ահա այսպիսի գիտակցություն պետք է ներարկել սերունդներին: Այս գաղափարաբանության մի դրսևորումը պետք է դիտել ռազմագիտություն առարկայի նկատմամբ հատուկ ուշադրությունը: Ռազմագիտության ուսուցիչ Ապետ Գրիգորյանը տարիների ընթացքում խնամքով ձևավորել է այն` համալրելով նոր ուսումնական նյութերով և այդպիսով երիտասարդներին լավագույնս նախապատրաստելով բանակային ծառայության: Պատահական չէ, որ գյուղն անմասն չի մնացել հայոց նորօրյա ազատամար տում, և դպրոցն այսօր էլ բազմաթիվ շնորհակալագրեր է ստանում այն զորամասերից, որտեղ ծառայում են այս կրթօջախի սաները: Ավարտենք էլ ավելի պայծառ մի իրողությամբ: Արևիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անահիտ Մանուկյանը հաղթող է ճանաչվել Հայոց բանակի տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթի մարզային փուլում: Դպրոցին նոր հաղթանակներ ու հաջողություններ ենք մաղթում:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ