ՀՀԿ-ՀՅԴ ջուրը մինչև ե՞րբ կհոսի մի առվով
Անցած շաբաթ ասուլիսներով հանդես եկան կառավարող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը և նրա խորհրդարանական գործընկեր, ՀՅԴ գերագույն մարմնի Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ասուլիսները ուշագրավ էին այնքանով, որ հիշեցնում էին հրապարակային բանավեճ` մի կողմից կառավարող կոալիցիայի, մյուս կողմից այդ կոալիցիայի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրած Դաշնակցության միջև. այն էլ չափազանց նուրբ հարցի` Նախագահի առաջիկա ընտրությունների շուրջ: Ի պատիվ իրենց, չնայած միմյանց բոստանը քարեր նետելուն` երկուսն էլ մնացին պատշաճության շրջանակներում, միմյանց հանդեպ վիրավորական արտահայտություններ թույլ չտվեցին: Թեև զգացվում էր, որ իրարից լա¯վ էլ «նեղացած» են: Եթե այդ նեղացածութ յունը չլիներ, վեճին հրապարակայնություն չէին տա, աչքից հեռու մի տեղ կհանդիպեին-կզրուցեին, խնդիրը կհարթվեր-կգնար: Բայց վեճի առարկան այդքան հեշտ հարթվողներից չէ, վերաբերում է Նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու Դաշնակցության կեցվածքին: Ակնհայտորեն, այդ կեցվածքը դուր չի գալիս կառավարող ՀՀԿ-ին: Ուստի Գալուստ Սահակյանը թաքուն կշտամբանք էր հասցեագրում իրենց հետ համագործակցող և դրա շնորհիվ Կառավարության կազմում նախարարներ ունեցող ՀՅԴ-ին: Նա գտնում էր, թե Նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու դեպքում քաղաքական կոռեկտությունը պահանջում է սեփական նախարարներին ետ կանչել կոալիցիոն կառավարությունից և ընտրությունների գնալ բացահայտ ընդդիմադիր կեցվածքով: Ըստ Գալուստ Սահակյանի` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունը, թե «Դաշնակցությունը դրական ընդդիմություն է», ուղղակի քաղաքական սեթևեթանք է: «Դրական-բացասական ոչ ընդդիմություն է լինում, ոչ էլ` դիմություն,- գտնում էր Գալուստ Սահակյանը,- դաշտը գործում է ընդդիմության և իշխանական կուսակցությունների ճամբարների միջև»: Ուստի Գալուստ Սահակյանը շեշտում էր, որ իշխանական ճամբարի մաս կազմելով` Դաշնակցությունը պետք է ստանձնի իշխանությունների գործունեության թե° դրական, թե° բացասական արդյունքների պատասխանատվությունը, այլ ոչ թե դրականն իրեն վերագրի, իսկ բացասականը` կոալիցիայի մյուս գործընկերներին: ՀՅԴ-ի նման կեցվածքը Գալուստ Սահակյանն իրենց համար անընդունելի է համարում, այնուամենայնիվ, ընդգծելով, թե Հանրապետականը «չի պատրաստվում իշխանութ յունից հեռացնել ՀՅԴ-ին», քանի որ գտնում է, թե «ինչքան հնարավոր է` քաղաքական ուժերին պետք չէ օտարել իշխանական լծակներից…պետք է ձգտել, որ բոլորը մասնակից դառնան քաղաքական կյանքին»: Հակադարձելով Գալուստ Սահակյանին` Արմեն Ռուստամյանը շեշտում էր, թե կառավարող կոալիցիայի հետ իրենք համագործակցության համաձայնագիր են կնքել առաջին հերթին հենց այն նախապայմանով, որ Նախագահի ընտրություններին ունենալու են իրենց սեփական թեկնածուն: Եվ եթե Հանրապետականը այդ համաձայնագիրը վերանայելու հարց դնի, իրենք պատրաստ են Կառավարությունից ետ կանչել իրենց նախարարներին կամ համաձայնել, որ նրանք երկարատև արձակուրդի գնան: Սակայն բոլոր դեպքերում իրենք չեն հրաժարվի սեփական թեկնածուով Նախագահի ընտրությունների գնալու իրենց մտադրությունից: Ի դեպ, Դաշնակցության սեփական թեկնածուները երկուսն են` ինքը` Արմեն Ռուստամյանը և Ազգային ժողովի ներկայիս փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Թե այս երկուսից որի՞ն կառաջադրի կուսակցության համագումարը` կերևա ներքին ժողովրդավարական քննարկումների և ներկուսակցական վարկանիշային մրցակցության արդյուն քում, ինչը, ըստ Արմեն Ռուստամյանի, հատուկ է Արևմուտքի քաղաքական կուսակցություններին, և իրենք այս կերպ ցանկանում են այդ արևմտյան քաղաքական կուլտուրան նույնպես ներդնել հայ իրականության մեջ: Ինչ վերաբերում է Նախագահի առաջիկա ընտրություններում իրենց շանսերին, ապա, ըստ Արմեն Ռուստամյանի, դրանց արդյունքները ամենևին կանխորոշված չեն, իրենք հույս ունեն, որ իրենց թեկնածուն դուրս կգա 2-րդ փուլ, իսկ եթե ոչ` 1-ին փուլից հետո կորոշեն, թե եզրափակիչ մտած 2 թեկնածուներից ու՞մ են սատարելու: Առավել հետաքրքիրն այս վերջին հայտարարությունն էր, որն առնվազն 3 իմաստով կարելի է «վերծանել». ա) ՀՅԴ-ն լրջորեն պատրաստվում է մրցակցել կոալիցիոն դաշնակցի հետ, բ) ՀՅԴ-ն ամենևին այն կարծիքին չէ, թե Սերժ Սարգսյանի հաղթանակը կանխորոշված է, ուստի ակնկալում է ընտրությունների 2-րդ փուլ, գ) ՀՅԴ-ն ազդանշան է տալիս առայժմ դեռ ենթադրյալ 2-րդ փուլի մասնակիցներին, որ եթե դրանցից մեկն ինքը չլինի, ապա եզրափակիչ փուլում սրան կամ նրան սատարելու «գնի» դիմաց պատրաստ է քաղաքական սակարկության: Ի միջի այլոց, այս վերապահումը` «եթե 2-րդ փուլ մեր թեկնածուն չմտնի», նշանակում է, որ ՀՅԴ-ն ամենևին էլ վստահ չէ իր ուժերին: Ո՞վ է ճակատամարտից առաջ հնարավոր պարտության ու դրա հետևանքների մասին բարձրաձայնում: Իսկ եթե խոսում է, ապա նշանակում է, որ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ՀՅԴ-ի մտադրությունն էլ սեփական կշիռը ապագա հաղթողի աչքում բարձրացնելու քաղաքական հաշվարկի արդյունք է: Դաշնակցությունն այն կուսակցությունը չէ, որ Նախագահի ընտրություններին գնա զուտ նրա համար, որ հասարակությանը հիշեցնի` ես դեռ կա¯մ, ինձ չմոռանա¯ք: Այդ դրդապատճառներով այժմ Հայաստանում քիչ «նախագահացուներ» չկան, որ պատրաստվում են «շուրջպար» մտնել: Հերն էլ անիծած, թե «շաբաշ» տվող չի լինի, հո խնջույքի մասնակիցները կտեսնե՞ն, թե ի¯նչ հասուն, «մարդու տալու» աղջիկ է… Դաշնակցությունն այդ կարգի «գովազդի» կարիք իսկապես չունի: Բայց այդ դեպքում արժի՞, որ իր «ծանր տեղը թեթևացնի»` Նախագահի ընտրություններին ներկայանալով նախապես տանուլ տված թեկնածուով, անկախ նրանից` առաջի՞ն փուլում տանուլ կտա, թե՞ երկրորդ…