ԱՅԼԸՆՏՐԱ՞ՆՔ, ԱՐԴՅՈՔ


ՀՅ Դաշնակցության աննախադեպ ակտիվացումը, Նախագահի սեփական թեկնածուների կոնկրետ անունների հրապարակումից հետո էլ կարող է դեռ մի քանի շաբաթ սպասվածից ավելի զգոն պահել ընտրական երկրորդ փուլ երազող որոշ քաղաքական ուժերի առաջնորդներին: Ուշագրավ է, որ հիմնական հարցին վերջնական ձևակերպում տալ պատրաստվող Ղարաբաղում հրավիրված համադաշնակցական մեծ հավաքն ըստ էության ոչինչ էլ չփոխեց: Համենայն դեպս Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին առաջադրելու մասին մինչ այդ էլ պտտվող շշուկները այդպես էլ որևէ մեկի շուրջ չկոնկրետացան: Այսպես թե այնպես, արտառոց ոչինչ չէր պատահելու, քանի որ եթե Վ. Օսկանյանի առաջադրվելուն միտված ավելի վաղ հնչած պնդումները բոլոր դեպքերում կյանքի չէին կոչվելու, ապա ՀՅԴ-ին ոչինչ էր մնում, քան կենտրոնանալ Հովհաննիսյանի կամ Ռուստամյանի թեկնածության շուրջ: Անառարկելի է, որ կուսակցությունը և ոչ մի դեպքում չէր առաջադրելու կուսակցության տարածքային կառույցներից մեկի ղեկավարին: Մեծատաղանդ դերասան Սոս Սարգսյանին առաջադրելով` ՀՅԴ-ն մեկ անգամ արդեն չի շահել` իր իսկ սխալի վրա համոզվելով, որ նման քայլերով հնարավոր չէ քաղաքական պայքարի լուրջ հայտ ներկայացնել: Ինչևէ, սա անցած-գնացած ժամանակներին է վերաբերում: Իսկ ներկայումս «չեմուչումով» իշխանության մաս կազմող քաղաքական ուժն սկսել է, չգիտես թե հանուն ինչի, «սպառնալ» կուսակից նախարարներին հետ կանչելու մասին հայտարարություններով… Թերևս դա անհնարին լինելու չափ դժվար է, քանզի նույնիսկ նվեր ստացած նախարարական պորտֆելից հրաժարվելը ինքնասպանություն գործելուց զորեղ մի քայլ է: Առավել ևս, որ դրա անհրաժեշտությունը պարզապես չկա: Իշխանական կոալիցիան դաշնակցական սեթևեթանքներին, ճիշտ է, ջերմությամբ չի վերաբերվում, բայց նրանց քայլերը կարծր դիմադրության էլ չի ձգտում արժանացնել: Վերջին հաշվով իշխանության համար դժվար չէ նկատել, որ նույնիսկ 120-ամյա պապիկի ինտրիգները չեն կարող փոխել իրերի դրությունը, և պոտենցիալ նախագահացուների երկար շարանում ևս մեկ թեկնածուի ավելանալը կամ պակասելը բացարձակապես որևէ բանի վրա ազդել չի կարող: Տվյալ դեպքում ԱԺ ընտրություններից հետո ձևավորված կոալիցիայի դիրքերն են չափազանց ամուր: ՀՀԿ-ն մամուլի իր պատասխանատուի միջոցով օրերս հայտարարեց, որ իրենց համար դաշնակցական թեկնածուի ի հայտ գալը բնավ էլ սենսացիա չէր: Իսկ կոալիցիայում ընդգրկված Գ. Ծառուկյանն էլ, հիշեցնելով ամեն ինչ ունենալու և պաշտոնի չձգտելու իր խոստման մասին, վերահաստատեց այս հարցում Հանրապետականի վերջնական որոշմանը միանալու «Բարգավաճ Հայաստանի» պատրաստակամությունը: Կարծեք թե ամեն ինչ պարզ է ու հստակ: Սակայն եթե ՀՅԴ-ն այնուամենայնիվ որոշի որևէ մեկին առաջադրել, ապա կարող է գործել մի շատ պարզ, բայց լավագույնս հաշվարկված սցենար… Դաշնակցության թեկնածուն կարող է հօդս ցնդեցնել շատ ու շատ ընդդիմադիրների` Սերժ Սարգսյանի հետ ընտրությունների երկրորդ փուլում մրցելու երազանքը: Իսկ այն հարցը, թե, ընդդիմադիրներին լուսանցք մղելով, ի՞նչ կշահեն իրենք` դաշնակցականները, դարձյալ հստակ պատասխան ունի… Եթե պորտֆելներն է°լ ավելի ամուր պահելու հարցն էլ մի կողմ դնենք, ապա երկրորդ փուլում պարտվելով` ՀՅԴ-ն կրկին կմնա ՀՀԿ-ԲՀԿ գերհզոր ալյանսի համագործակիցը` դրանից բխող իր համար բոլոր ցանկալի հետևանքներով: