Գիտակցությունների հանգրվան. ո՞րն է այն
Մենք ինքնակամ ժողովուրդ ենք` շարքային քաղաքացուց մինչև վերջին չինովնիկը: Այնքան ինքնակամ, որ մեր շինարարական նախասիրությունների զանազան դրսևորումները քաղաքաշինության մեջ տերմինավորվել է հենց այդ բառով` ինքնակամ շինություն: Այնքան ինքնակամ, որ քաղաքային իշխանությունները քանի տարի է` պայքարում են, պայքարում ինքնակամության և ինքնակամների դեմ, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը հաղթահարել չի լինում: Թաղային համայնքներն ու քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները գիշեր-ցերեկ շրջում են քաղաքում` հայտնաբերելու-կանխարգելելու-կասեցնելու կամ էլ քանդելու ինքնակամ շինությունները: Այո°, այո°, գիշեր-ցերեկ: Որովհետև կառուցողը գիշերն էլ է կառուցում, քանդողն էլ գիշերն էլ է քանդում: Ինչպես ասում են` ձեր ցերեկվա կառուցած տեղերը մենք գիշերն ենք քանդում: Քաղաքային իշխանությունները հույս են տածում, թե այսպիսի հետևողականությամբ, ինչպես նաև 200 հազար դրամից 2,5 մլն դրամի հասնող տույժուտուգանքներ սահմանելով, հնարավոր կլինի չափավորել երևանցիների ինքնակամ կառուցապատման ախորժակը: Ինքնակամ կառուցապատումն ու դրա հետ կապված այլ անօրինությունները չեն ներվելու ոչ ոքի` առանց վերապահումների: Նման հավաստիացումներին կարելի է վստահել միայն առասպելական լավատեսություն ունենալու դեպքում: Կամո Արեյանի լավատեսությունը հենց այդպիսին է: Նա համոզված է, որ հետևողականորեն տարվող վերահսկողությունը մարդկանց կստիպի հասկանալ, որ պետական հողատարածքի վրա կառուցապատումը ոտնձգություն է պետական սեփականության նկատմամբ, ինչը չի հանդուրժվելու: Իսկ ա°յ, քաղաքացիների տարրական իրավունքների նկատմամբ ոտնձգությունը հանդուրժել կարելի է: Ոչ միայն հանդուրժել, ավելին` արտոնել կարելի է: Այսպես. այսուհետ քաղաքապետի կողմից ընդունված որոշումներին խստագույնս համապատասխան պիտի իրականացվի նաև շինհրապարակների կազմակերպումը: Կառուցապատողը շինարարության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերից ու թույլտվություններից բացի պարտավոր է նախապատրաստել հիշյալ որոշմամբ անհրաժեշտ բոլոր պայմանները` շրջապատի վրա շինարարության ազդեցությունը նվազեցնելու համար: Դժվար է վստահություն տածել պաշտոնյայի ջանադիր հավաստիացումների նկատմամբ, երբ աչքիդ առջև կա ճիշտ հակառակի օրինակը` ցցո°ւն օրինակը, երբ «ապահովված» են բոլոր պայմանները` շրջապատի վրա շինարարության ազդեցությունը մեծացնելու համար: Խոսքը «Եռաբլուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության մասին է, որի ստեղծած անհարմարությունները պարզապես տեսնել և զգալ է պետք: Կառուցապատվող տարածքը, որն օր-օրի ընդարձակվում է, անգամ պաստառապատված չէ: Մայթ ու կանգառ շինարարության բերան են: Իսկ, այսպես ասած, օբյեկտը, լիուլի փոշի է «մատակարարում» շինարարությունից ընդամենը փողոցով բաժանվող բնակելի զանգվածին: Փոշին քիչ էր, նույն այս օբյեկտում ցեմենտ է ստացվում և պարկավորվում, և բնակիչները փոշու հետ բոլ-բոլ ցեմենտ են շնչում: Գիշեր-ցերեկ քաղաքում շրջող քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն, անշուշտ, տեղյակ են այս իրավիճակից: Փոխքաղաքապետը մեր ոչ մի դիտարկմանը չի առարկում, սակայն ասում է, որ հարմարության առումով այլ տարբերակ չտեսնելով` իրենց կողմից թույլատրվել է առայժմ բաց-բացահար շինարարությունը: Իսկ բնակիչների հարմարությո՞ւնը, ավելի ճիշտ` անհարմարությո՞ւնը. այս մասին մտածողն ո՞վ է: Կամո Արեյանը հուսադրում է` ամեն բան կկարգավորվի օրենքով: Իսկ մինչ այդ (ինչպես դրանից էլ շատ առաջ) բնակիչները կշարունակեն շնչել ցեմենտ ու փոշի, փողոցի կեստեղում տրանսպորտի սպասել` խճճվելով փողոցը պաշարած ավտոտեխնիկայի արանքներում: «Հասարակության գիտակցությունը դեռևս չի հասել այն մակարդակին, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքնակամ շինարարությունը ոտնձգություն է պետական ունեցվածքի նկատմամբ»,- ասում է փոխքաղաքապետը: Լավ կլինի, իհարկե, որ հասնի: Իսկ ի՞նչ մակարդակի է հասել այն պաշտոնյաների գիտակցությունը, ովքեր հանգիստ խղճով ստորագրում են հսկայական կանաչ զանգվածը, տվյալ դեպքում քաղաքի լավագույն ու կարևոր կանաչ տարածքներից մեկը ոչնչացնելու հաշվին և ոմանց կառուցապատման անհագ տենչը բավարարող նման թույլտվության տակ: Այդպիսի որոշումը կարող է լինել պաշտոնյայի գիտակցական մակարդակի ցուցիչը: Հոդվածը բարի նոտայով ավարտելու համար մեջբերենք ԵՐԿՐԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԻ մի հղումը. Երբ դու բռնում ես ձեռքը, որն անտեղի կտրում է ծառը, պոկում դաշտային ծաղիկը… գեղատեսիլ կիրճը դարձնում է աղբանոց, ապա ԴՈՒ ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ՀԶՈՐ ՄԱՐԴ ԵՍ: