Ո՞վ, թե՞ ինչպես. Վիկտոր Դալլաքյանը ԻՆՉՊԵՍԻ-ի կողմնակից է


Նախագահի ընտրությունների նախա և հետընտրական քաղաքական գործընթացները անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դիտարկում է ինչպես սահմանադրա կան բարեփոխումների համատեքստում, այնպես էլ անձնապես: Հայաստանի ներքաղաքական կյանքի կարևոր իրադարձությունը համարելով Նախագահի առաջիկա ընտրությունները` Վիկտոր Դալլաքյանն անդրադառնում է նաև Ազգային ժողովին: Պատգամավորը մտահոգ է, որ այս կազմն ի վիճակի չէ կատարելու այն խնդիրները, որոնք դրված են մեծ լիազորություններով օժտված խորհրդարանի առջև: - Ես ցավում եմ, որ այս ԱԺ-ն իր պրոֆեսիոնալ և այլ որակներով էապես զիջում է նախորդին, որը նույնպես աչքի չէր ընկնում իր որակներով: Ահա արդեն որերորդ անգամ, թերևս առաջին գումարման ԱԺ-ից հետո, համեմատության մեջ մենք հետընթաց ենք փաստում: Նախագահի ընտրությունների երկու տարբերակ է տեսնում պատգամավորը: Եթե ընտրությունների արդյունքում Նախագահ դառնա խորհրդարանական մեծամասնության թեկնածուն, ապա Հայաստանում կձևավորվի մոնոլիտ իշխանություն: Երկրորդ տարբերակը բացառելու դեպքում Նախագահի իր թեկնածուին կարող է ներկայացնել կամ ընդդիմությունը, կամ չեզոք դաշտը, և Հայաստանում կարող է ստեղծվել մրցակցային իշխանություն: Հանրապետականը, ըստ էության, փորձում է ձևավորել մոնոլիտ իշխանութ յուն` խորհրդարանում ունենալով քանակային առումով որակյալ մեծամասնություն: - Վերջին հաշվով Հայաստանում իշխանության կոնցենտրացիան տեղի է ունենում հենց խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Խորհրդարանական մեծամասնության և վարչապետի պարագայում կա իրական իշխանություն, որը բացարձակ դարձնելու համար պետք է մասնակցել Նախագահի ընտրություններին,- նկատում է Վ. Դալլաքյանը: Որքանո՞վ է այն շահեկան երկրին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին` սա արդեն այլ խնդիր է: Մի բան հստակ է. - Միշտ չէ, որ մոնոլիտ իշխանությունը արդյունավետ է: Ավելի արդյունավետ է մրցակցային իշխանությունը: Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, ապա քաղաքական գործչի դիտարկմամբ` - Դա շատ տեսական լուծվող (՞-Ս. Մ.) խնդիր է: Քաղաքական դաշտում կարող են ձևավորվել երեք բևեռ. ընդ որում` առնվազն երկուսը` իշխանական դաշտում. Հանրապետական և Դաշնակցություն: Երրորդ բևեռն ընդդիմությունն է` իր հնարավոր տարատեսակներով: Այս դաշտում Վիկտոր Դալլաքյանը տեսնում է քաղաքական կենսափորձ ունեցող լուրջ գործիչների` ի դեմս Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արթուր Բաղդասարյանի, Արամ Կարապետյանի: Վիկտոր Դալլաքյանը հնարավոր է համարում նաև չեզոք բևեռի ձևավորումը, որը կներկայացնի ընդդիմությունը` միասնական թեկնածուի տեսքով: Այդպիսի թեկնածու, նրա կարծիքով, կարող է լինել Հանրապետության առաջին նախագահը: Տասնամյա լռությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի, իրավիճակով մտահոգվելու և «կոշտ գնահատական» տալու տրամաբանությունը հուշում է, որ առաջին Նախագահը առաջադրելու է իր թեկնածությունը: Ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի ինքը` Վիկտոր Դալլաքյանը, ո՞ւմ կուզենա տեսնել ՀՀ նախագահի գահին: Նա առայժմ կսպասի առաջադրումներին և ապա միայն կարտահայտի իր տեսակետը: Սակայն` - Ինձ համար կարևորը թեկնածուի ծրագրերն են ու գաղափարները: Որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար շատ ավելի կարևոր է` ինչպես, քան թե ով կընտրվի: Արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներ ունեցող երկրի համար սա առաջնային է. Նախագահի լեգիտիմության աստիճանը թե° ներսում, թե° դրսում կասկածի առիթ չպիտի տա: Ազատ, արդար և օրինական ընտրությունների միջոցով Նախագահի ընտրվելու պարագայում կշահի երկիրը, պետությունը: Վիկտոր Դալլաքյանը հույս է փայփայում, որ բոլոր քաղաքական ուժերի, նախևառաջ գործող Նախագահի կողմից, իշխանությունների կողմից քաղաքական կամք կդրսևորվի` նման ընտրություններ կազմակերպելու համար: - Եթե Ռոբերտ Քոչարյանը մտածում է երկրի ապագայի մասին, նա պիտի օգտագործի բոլոր հնարավորությունները, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, արդար և օրինական: Վիկտոր Դալլաքյանը Նախագահին առաջարկում-խորհուրդ է տալիս պատմության մեջ մնալու և դրականորեն հիշվելու համար մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնավորա պես, նա կարող է Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկ անել, որի համաձայն իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը ընտրական հանձնաժողովներում ներկայացված կլինեն հավասարաչափ: Իրական և կարևորագույն քայլ կարող է լինել նաև նախկին ընտրությունների ընտրակեղծարարներին հրապարակավ պատասխանատվության ենթարկելը:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ