Տեր կանգնենք երկրին
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` 1999 թ. հանրապետությունում ծնվել է 80 հազար երեխա, 2000-ին այդ թիվը կտրուկ նվազել է, մինչև 32.500: Հետագա տարիներին ծնելիության ցուցանիշը չնչին տարբերությամբ ավելացել կամ նվազել է: Ցավոք, ծնելիությունն անկում է ապրում ոչ միայն քանակապես, այլև որակապես: Վիճակն անմխիթար է հատկապես գյուղերում, ուր «յոթ որդով սեղան նստելն» այսօր նույնքան դժվար է, որքան գանձ գտնելու երազանքն իրականություն դարձնելը: Գեղարքունիքի մարզի երբեմնի շեն Վարդենիկ գյուղում այսօր արդեն 5000-6000 մարդ է ապրում. նույնքանն էլ տարիների ընթացքում լքել է հայրենի գյուղը: Հեռացել են հատկապես երիտասարդները: Անցած 8 ամիսների ընթացքում Վարդենիկում ծնվել է 70 երեխա: Վիճակագրական այս ճամփորդությունն ամենևին նպատակ չունի հավելել լքված գյուղերի տխուր ու միօրինակ կենցաղային նկարագրությունների շարքը, պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ Վարդենիկի չքավոր ընտանիքներից մեկում սեպտեմբերի 12-ին ծնվեց գյուղի միակ բազմանդամ ընտանիքի 12-րդ երեխան: 3-րդ կարգի հաշմանդամ Սոնա Սարգսյանին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել մանկաբարձ-գինեկոլոգ, նաև լրագրող Ֆեդյա Գսպոյանը: Իր կեսդարյա աշխատանքային փորձով և գիտելիքներով երևանաբնակ թոշակառու բժիշկը ցանկացել է օգտակար լինել գյուղին և արդեն 2 տարի է, ինչ ինքնակամ աշխատում է տեղի ծնարանում: Ընտանիքի 12-րդ երեխայի` աղջնակի առողջ և անվտանգ ծնունդը երջանկացրել է ոչ միայն Սոնա և Սողոմոն Սարգսյաններին, այլև մարդասեր բժշկին: Ֆեդյա Գսպոյանի հավաստմամբ` բազմանդամ ընտանիքն (5 տղա, 7 աղջիկ) առ այսօր չունի սեփական տանիք և ապրում է Սողոմոնի եղբոր տանը, ով «մի տուն լիքը մանուկների» պատճառով դժվարանում է ամուսնանալ: Բացի սեփական զավակներից, ծնողների սեփականությունը նաև 1500 մետր հողատարածքն է, 8000 մետր խոտհարքն ու Սոնայի 4700 դրամ թոշակը: - Որոշել էի ունենալ 12 երեխա, բոլորին ամուսնացնել, ունենալ մեծ գերդաստան, որպեսզի հետո դառնամ մեր գյուղի գյուղապետը,- կատակում է բազմանդամ ընտանիքի հայրը: Եթե չհաշվենք դպրոցահասակ երեխաներին անվճար գրենական պիտույքներով ապահովելու իրողությունը և այն, որ հեռուստատեսությամբ ցուցադրվել է ընտանիքն իր հոգսերով և անբարենպաստ պայմաններով, ապա առ այսօր նրանց որևէ փաստացի աջակցություն չի ցուցաբերվել: Ընտանիքի մայրն ամենևին չի տրտնջում իր վիճակից: Գուցե համոզված է, որ ականջ դնող չկա: Մինչդեռ. - 12 երեխան մի դասարանի, մանկապարտեզի մի խմբի քանակ է և հետո դա գյուղի միակ բազմանդամ ընտանիքն է: Խորհրդային տարիներին բազմազավակ մայրերը պարգևատրվում էին «Հերոսուհի մայր» շքանշանով, օգտվում էին բազմաթիվ արտոնություններից,- ասում Ֆեդյա Գսպոյանը և հավելում, թե քաջատեղյակ է, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մտահոգված է ազգաբնակչության թվաքանակի ավելացմամբ և կենսապայմանների բարելավմամբ, ուստի նամակով դիմել է նրան` այս ընտանիքին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Չէ՞ որ ընտանիքը և զինվորը պետության հենասյուներն են: