ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՌՈՄԱՆՏԻԶՄ
ՀՅԴ Գերագույն ժողովում հրավիրված հյուրի կարգավիճակով մասնակցող ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հորդորել էր դաշնակցականներին` պահպանել իրենց մեջ եղած ռոմանտիզմը: Դեռևս ամռան սկզբին, կոալիցիայի հետ համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո ՀՅԴ-ն հայտարարեց, թե Հանրապետության նախագահի ընտրությանը մասնակցելու է սեփական թեկնածուով: Իսկ Գերագույն ժողովում Վազգեն Մանուկյանի հորդորը, ինչպես երևում է, շատ է դուր եկել ՀՅԴ-ին, և դաշնակցականներն այնքան են տարվել այդ ռոմանտիզմով, որ ընկել են ծայրահեղությունների գիրկը: Ինչ-որ առումով, թերևս, կարելի է հասկանալ ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի պարզաբանումները Գերագույն ժողովի ընդունած որոշման մասին: Վ. Հովհաննիսյանը հավաստիացնում է, թե իշխանության թևերի միջև փոխադարձ վերահսկողություն իրականացնելու առումով նույնիսկ օգտակար կարող է լինել, երբ խորհրդարանական մեծամասնությունը և երկրի նախագահը տարբեր կուսակցություններ ներկայացնեն, ինչպես այսօր ԱՄՆ-ում է: Լավ, 16-ամյա` անցումային կոչված փուլը դեռ չհաղթահարած պետությունը 200 տարեկան հզոր պետության հետ համեմատելը դեռ մի կերպ կարելի է բարի ու անմեղ ռոմանտիզմի դրսևորում համարել: Բայց իրենց երազներում դաշնակցականներն անչափ հեռու են գնում` նույնիսկ մոռանալով իրականությունը: Մեկ անգամ չէ, որ ՀՅԴ-ն վկայակոչել ու հասարակության աչքն է խոթել իր տարիքը, այդպիսով իրեն վեր դասելով քաղաքական մյուս բոլոր ուժերից: Այսօր իր իսկ ռոմանտիզմին կուլ գնալով` դաշնակցությունը հավակնում է այն պատվանդանին, որին ֆրանսիացիները բազմեցրել են Շառլ դը Գոլին: Համենայն դեպս, Վահան Հովհաննիսյանն ինքը, ոգևորվելով կուսակցության քաղաքական մտավոր ներուժը փառաբանող իր իսկ ձևակերպումներից, հայտարարեց, թե ՀՅԴ-ն այլընտրանք է և° իշխանություններին, և° ընդդիմությանը, ինչպիսին էր դը Գոլը, որը եկավ ու փրկեց Ֆրանսիան… Անցած շաբաթվա ընթացքում դաշնակցականները սովորականից հաճախ էին հայտնվում հեռուստաէկրաններին ու փորձում բարձրացնել (իհարկե` դաշնակցական շեշտադրումներով) հասարակության քաղաքական կրթվածության մակարդակը: Հարյուրամյա ՀՅԴ-ն լավ գիտի` մենք` հայերս, քրիստոնյա, հալածյալին կարեկցող ու ձեռք մեկնող ժողովուրդ ենք: ՀՅԴ-ն դա լավ գիտի, և դաշնակցականների խոսքում վիրավորվածության երանգներ կային: ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը դժգոհում էր, որ չի հիշատակվում, թե քանի¯ ծնողազուրկ երեխաների է օգնել ՀՕՄ-ը, չի հիշատակվում, որ Շուշիի առանձնակի գումարտակը դաշնակցական գումարտակ էր, չի հիշատակվում Շուշիի ազատագրմանը ՀՅԴ ներդրումը, մոռացվում է, որ Պետոն ու Բեկորը… իրենց` դաշնակցականների դաշնակցական ընկերներն են, մոռացվում է… Ասել կուզի` հայրենիքի համար ինքնազոհաբերության մասին քարոզչությունը զուտ դաշնակցական բարբաջա՞նք էր և նյութապաշտ այսօրվան բնորոշ ժարգոնով ասած` հայ ժողովուրդը «քցե՞լ է» դաշնակցությանը… Բայց եթե իրատեսական լուրջ հաշվարկ կատարենք, բոլորովին հակառակ տպավորությունը կարող ենք ստանալ: Ալվարդ Պետրոսյանն ասում էր, թե ՀՅԴ-ին են վստահվել ամենածանր, մշտապես հասարակության տեսողության դաշտում գտնվող ոլորտները. «Խեղճ Դավիթ Լոքյանն ամեն օր կռիվ է տալիս Աստծո դեմ, սոցիալականը, գիտությանն ու կրթությանը…»: Դավիթ Լոքյանը` չգիտեմ, բայց որ այս շարքերից Աստծո դեմ հակամարտողներ կան` հաստատ է: Մի փոքր ևս շարունակենք «քցելու» թեման: Խորհրդարանական նախորդ ընտրությունների արդյունքում, մեծամասնություն կազմելով, ՀՀԿ-ը, այնուամենայնիվ, նախարարական պորտֆելներ տվեց ՀՅԴ-ին: Առավել ևս այս տարի. ՀՅԴ-ի օգնության կարիքը բոլորովին չունենալով, ՀՀԿ-ը դարձյալ երկրի կառավարումից չմեկուսացրեց դաշնակցությանը: Փոխարենն այսօր ՀՅԴ-ն իրեն համեմատում է Շառլ դը Գոլի հետ… Ըստ Դաշնակցության սույն տրամաբանության, կարելի է օգտագործել գործընկերներիդ կարողությունները և հարմար տեղավորվել իշխանական կերակրատաշտին մոտ բազմոցներին… Ստամոքսի կարիքները բավարարելուց հետո իրեն ձեռք մեկնած գործընկերոջից բամբասել, թե մոռացել է իր ծառայությունների մասին նշել… Մեծարել օտարներին` փառաբանելով նրանց քաղաքական մշակույթի մակարդակը, հայտարարել, թե ինքն, այդ մշակույթի հետևորդը լինելով, այլընտրանք է իշխանությանն ու ընդդիմությանը… Այսինքն, բոլորից բարձր դասել ինքն իրեն: Մոդեռն ժարգոնով ասած` «քցել» բոլորին… Ի վերջո, Հայաստանում քաղաքական մշակույթի առումով, և° իշխանություններին, և° նրանց հասցեին սին հոխորտանքներ ու լուտանքներ թափող ընդդիմությանը Շառլ դը Գոլի պես այլընտրանք առաջարկող` ժողովրդավար ՀՅԴ շարքերի մասին: Նրանք` ՀՅԴ շարքերը, նույնպես միանշանակ չեն ընդունել կառավարությանը մաս կազմելու պարագայում Հանրապետության նախագահի սեփական թեկնածու առաջադրելու ՀՅԴ վերնախավի որոշումը: Փոքր չէ շարքային այն դաշնակցականների թիվը, որոնք այսօր առանձին զրույցներում հավաստիացնում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում կքվեարկեն նրա օգտին: Լ. Տ.-Պ.-ն էր, որ 1994 թ. դեկտեմբերի 28-ի հայտնի հրամանով (ՀՅԴ գործունեությունն արգելելու մասին) միանգամից զգալի չափով բարձրացրեց ՀՅԴ վարկանիշը: Ի՞նչ ասես… հալածյալին սիրող ժողովուրդ ենք… Մեր օրերում որքան այժմեական է հնչում ժողովրդական ասույթը, թե մարդուն փորձելու, նրա իրական էությունը տեսնելու համար նրան պաշտոն տուր: Մի ժամանակ հայրենիքում հալածական ՀՅԴ-ին պաշտոն տվեցինք ու տեսանք` ինչ կատարվեց նրան վստահված մեր ապագայի` երիտասարդության կրթության բնագավառում… Բայց ՀՅԴ վերնախավի համար դա կարևոր չէ. կարևորը ֆրանսիացիների կուռք համարվող Շառլ դը Գոլին, թեկուզև առերես, թեկուզև միայն խոսքերով, նմանվելն է: Սա էլ նախընտրական խոստում կարելի է համարել, չէ՞ որ նախընտրական բոլոր խոստումները չեն, որ պարտադիր կատարվում են: Կարևորը խոստանալն է և դրանում եղած ռոմանտիզմը… առանց ռոմանտիզմի ի՞նչ հեղափոխական, ի՞նչ դաշնակցություն… Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Ինչպես ամեն տարի, մեր վերհառնումի տարելիցի օրը շատերը սկսում են Եռաբլուր պանթեոնից` անկախության «փրկագին» դարձած հերոսների հիշատակի խնկարկումով: Եռաբլուր են գալիս նրանք, ովքեր անցել են այն պատերազմի բովով, որը փորձության նման մեզ պարտադրվեց ինքնորոշման ճանապարհին: Եվ իհարկե նաև պետական այն պաշտոնյաները, ովքեր 16 տարի առաջ ու դրանից հետո էլ թրծվել են պայքարի բովում. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, բարձրաստիճան սպաներ և պետական պաշտոնյաներ: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՀ վարչապետ - Իրականացվել է անկախ և իրավական պետություն կերտելու մեր երազանքը: Պայքարը Արցախյան գոյամարտում նշանավորվեց անկախության հաղթանակով, ինչը դարձավ երաշխիք երկրի կայունության: Մեր ամենամեծ ձեռքբերումն այսօր երկրի զարգացումն է: Մենք հետագայում ունենալու ենք ավելի լավ Հայաստան, քան այսօր է: Իսկ ձեռքբերումների մասին առավել հանգամանորեն կարող ենք խոսել, երբ 2008-ի բյուջեն Կառավարությունը ներկայացնի Ազգային ժողով: ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԼՂՀ նախագահ - Անկախությունը մեր ժողովրդին թույլ է տալիս արարելու, ստեղծագործելու, կերտելու նաև հզորացնելու մեր զինված ուժերը: Անկախության հիմնական խորհուրդը մեր միասնության մեջ է: ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Պաշտպանության նախարար - Մենք այսօր հավաքվել ենք Եռաբլուր պանթեոնում խնկարկելու հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայ քաջորդիների հիշատակը: Մեր սերունդները երբեք չպետք է մոռանան, թե ինչ գնով է ձեռք բերվել Անկախությունն ու երկրի խաղաղությունը: ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. գեներալ-մայոր, Ռազմական ոստիկանության վարչության պետ. - Անկախությունը ինքնադրսևորումն է ազգի, ժողովրդի: Այն նվաճելու երազանքն ու պահպանելու վճռականությունը մշտապես ուղեկցել են մեզ դարերի հոլովույթում և սխրանքների մղել: Անկախությունը հաստատումն է մեր արժանապատվության: Մեր ներկան ու ապագան է, որ կյանք է դառնում` սկսած ընտանիքից մինչև պետականության 16-ամյա ընթացք: Անկախությունը հիմքն է մեր գոյության, պատվանդանը մեր ներկայի և հոյակերտը ապագայի: Մնացածը մեր ձեռքերում է, մեր սերնդի ձեռքերում: Յուրաքանչյուրս իր սրբազան պարտքը պիտի համարի` պահպանել այն: Ազգային վերհառնումի տոնն այս թող հարատևի իբրև հայոց պետականության արժեհամակարգի վերընթաց խորհուրդ: ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ. - Անկախությունը ինքնին մեծագույն արժեք է` ազատություն: Մեր երկիրն այս 16 տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Իհարկե, ամենամեծ նվաճումը բանակն է: Իսկ այսօրվա խորհուրդն այն է, որ բացի պետականություն ունենալու իրավունքից, պետք է անընդհատ հիշենք և պարտավորվենք` առօրյա բարեխիղճ աշխատանքով, անբասիր ծառայությամբ փայփայել, պահպանել մեր անկախությունը, ապահովել նրա հետագա առաջընթացը դարերում: ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ. գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության նախարարի տեղակալ. - Մեր` դարերի երազանքն է անկախությունը, մեր ազգի, մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը: Մենք հպարտ ենք, որ մեզ վիճակվեց լինել անկախության առաջամարտիկ, լինել անկախ Հայաստանի քաղաքացի, հպարտությամբ կրել այդ իրավունքը: Դա մեծ պատիվ է, նաև պատասխանատվություն` կարողանալ պահել-պահպանել այդ իրավունքը, մեր անկախ երկրի սահմանների անառիկությունն ապահովելով: