«Զորաց պանթեոնը»` չվերադարձած սերմնացանների հանգրվան
Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող մի կոթող էլ ավելացավ հայոց հողի վրա: Պռոշյան ավանի ազատամարտիկ, ներկայումս համայնքա պետ Հրաչ Մուրադյանի ուխտը կատարվեց, իհարկե, ոչ առանց բարերարներ Նիկոլ Աբրահամյանի և Լուսաբեր Բերբերյանի աջակցության: Այսուհետ պռոշյանցի որդեկորույս ծնողները կարող են նույնիսկ մտովի զրուցել հենց գյուղի դիմաց, ճամփեզրի բլրին հառնած` տուֆակերտ «Զորաց պանթեոնում» ննջող իրենց զավակների` Պետրոս Ղևոնդյանի (Պետո, Արցախի հերոս), Մնացական Բաղդասարյանի, Ազնավուր Հովհաննիսյանի, Արտաշ Գրիգորյանի, Սերոբ Արշակյանի, Ազատ Պարսամյանի և 1992-ից անհետ կորած, Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանների ասպետ Կարոտ Մկրտչյանի հետ: «Զորաց պանթեոնի» բացմանը ներկա էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, զինվորականներ, զոհվածների հարազատներ, համագյուղացիներ և բազմաթիվ այլ հյուրեր: Հրավիրված էր նաև Պռոշյան գյուղի վաղեմի բարեկամ, Երևանի պետհամալ սարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Յուրաքանչյուրի երախտիքի խոսքում առկա էր խորը հարգանքը, կորցրածի և գտածի գիտակցումը և նահատակների կյանքը մատաղ սերնդի դաստիարակության համար ուղենիշ դարձնելու համոզմունքը: - Այս պանթեոնում ննջող ազատամարտիկները զոհվեցին հանուն պետականության,- ասաց համայնքապետ Հրաչ Մուրադյանը,- տասնամյակներ առաջ մեր սահմանները սկսվում էին ծովերից: Մեր խոցված անկախությունից հետո դրանք սկիզբ առան գետերից: Ձեռք բերածը պիտի աչքի լույսի պես պահենք, այլապես մեր սահմանները կսկսվեն առուներից: ՊՆ բանակի շտաբի պետ Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց. - Այս կոթողը զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մյուս բոլոր կոթողների նման իր մեջ մի քանի խորհուրդ ունի: Նախ` հիշատակի խորհուրդ: Այսօր մենք հիշում ենք ոչ միայն այս 7 նահատակներին, այլև բոլոր զոհված ազատմարտիկներին: Այս օրն ամփոփում է մեկ այլ խորհուրդ. մենք չպետք է մոռանանք մեր ընկերների սխրանքը, որը քարեղեն կոթողների միջով պետք է փոխանցվի մատաղ սերնդին: Այս կոթողն, ինչպես ասում են, ոչ այնքան զոհվածներին է պետք, որքան` մատաղ սերնդին: ...Արցախյան գոյապայքարում, ռազմական գործողությունների ողջ ժամանակահատվածում հրամանատարը միշտ եղել է իր զինվորի կողքին, նա միշտ առաջնորդել է իր զինվորին ու իրեն զինվոր է զգացել: Այստեղ էլ նա պառկած է իր զինվորի կողքին: Այս խորհուրդը բոլորիս` հրամանատարներին և գեներալներին մղում, որպեսզի մենք զինվորի նման կատարենք մեր այսօրվա պարտականությունները: Արցախյան մարտերի բովում թրծված, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, ով երբևէ չի շրջանցել նահատակների հիշատակի խնկարկումը, այստեղ էլ երախտիքի խոսքերով սփոփեց որդեկորույս ծնողներին: - 1995-ից սկսած այստեղով ամեն անգամ անցնելիս աչքներս հառել ենք այս բարձունքին և ահա 15 տարի հետո այն հառնեց մեր առաջ ու պիտի դառնա սրբավայր` յուրաքանչյուրիս համար: Ներկաները ճանաչում էին ուսանող, ազատամարտիկ, շարքային, իսկ հետո` հրամանատար Պետոյին, ճանաչում էին ըմբոստ Կարոտին, մարտական ոգի ունեցող Կարոտին: Հիշում ենք ու գիտենք, որ նրանք երբեք չեն երազել ունենալ այսպիսի կոթող: Այսօր նման կոթողներ կառուցում ենք ոչ թե նրանց, այլ մեզ` ապրողներիս համար: Թեև վերքը տիրոջն է ցավ պատճառում, սակայն այն կարող է մեղմանալ քեզ հետ քո ցավը կիսողների շնորհիվ: Կարոտի հոր` Հովհաննես Մկրտչյանի դողդոջուն ձայնի մեջ առկա էր մխիթարանքը. - Հարգելի ժողովուրդ, բոլորդ բարով եք եկել: Խոնարհություն բոլորից այն մայրերին, ովքեր հայրենասիրությամբ են սնել իրենց որդիներին, զինել ու նվիրել են հայ ազգին: Բոլորիդ ներկայությունը հպարտություն է մեզ համար: Հետմահու այս միջոցառումը մեր ընկած քաջերի համար է: Մարդը մեկ անգամ չէ, որ ծնվում է, շատերը երկու անգամ են ծնվում, իսկական, հետմահու ծնունդ են: Ու եթե հետմահու ծնունդ լինի, ես կուզեմ նորից հայ ծնվել, Հայաստանում, որպեսզի նորից սերունդ մեծացնեմ ու դաստիարակեմ: Այն, ինչ ձեռք բերվեց մեծ զոհերի գնով, այսօրվա երիտասարդը վաղը պիտի զորացնի, եթե, իհարկե, այսօր իր հոգում փայփայի թանկ գնված ազատության ծիլերը: Իսկ դա այդպես էլ կլինի,- հուսադրում է ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը: - «Զորաց պանթեոնում» ամփոփված է նաև ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, 1994 թ. փետրվարի 14-ին Քելբաջարի շրջանի Եղեգնուտ գյուղի մոտ զոհված Պետրոս Ղևոնդյանը: Այս արարողությանը չմասնակցել չէինք կարող: Հիշողությունը ջնջել չի լինի, նրանով է գնահատվում ներկան, և իմաստավորվում ապագան: Չհիշել նրան, կնշանակի ուրանալ նրա սխրանքը: Սակայն վստահ եմ, որ համալսարանականների գիտակցության մեջ Պետոյի և իր ընկերների պայքարը կարժեվորի այն հանունը, որը երիտասարդության և առհասարակ մարդկության առաջմղիչ ուժն է: