Հաղթանակը ոգու տոն է, տոկունության հավաստիք և ինքնորոշման վճռականություն
Արդեն 16 տարի է, ինչ ապրում ենք հաղթանակած անկախ երկրում և յուրովի նշում այդ օրը: Մեր հերոսների արյամբ նվաճված անկախությունը անմահության յուրօրինակ կոթող է նրանց համար, նրանց, ովքեր չհասցրին վայելել դրա պտուղները, բայց ոգեղեն իրենց անունները պահ տվեցին անմահությանը: Այդ անմահ քաջերից էր նաև Մոնթե Մելքոնյանը, ով վերադարձավ Հայաստան ու դարձավ մեր նորօրյա ազատամարտի առաջամարտիկներից մեկը: Նրան էր վստահվում ամենաբարդ ու պատասխանատու գործողությունների իրականացումը: Զորավարը լավ գիտեր, որ նախնիների կանչով սրբագործված հայրենասիրության ոգին է միայն, որ կարող է փրկել երկիրը հրոսակներից ու ապրեցնել: Գիտեր նաև, որ հայրենասիրության հիմնական չափանիշներից մեկն էլ հանուն ազգի ինքնազոհաբերման պատրաստակամությունն է: Այդ պատրաստակամությամբ նա մարտնչեց մինչև վերջ ու դարձավ ազգային խորհրդանիշ: Եվ ինչպես մի առիթով ինքը` Մոնթեն է ասել. - Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի, ես կդառնայի կորուսյալ մի թշվառական: Սեփական անձս հարգելու համար է, որ ես գործում և ապրում եմ… Ես այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու, Արցախը կորոշի հայության ճակատագիրը: Հիրավի, մի լուսապսակ առավ իր ճակատին հեռավոր Կալիֆորնիայի Վասիլիա քաղաքում ծնված Մոնթեն: Նրա` որպես մեծ անհատի, մասին ամբողջական պատկերացում ես կազմում` կարդալով իր իսկ հրապարակախոսական հոդվածներն ու նամակները: Իսկ Մոնթեի գիտական վաստակը ընթերցող լայն շրջանի համար, կարելի է ասել, գրեթե անհայտ է մնացել: Այնինչ, իր կոչումով նա նախևառաջ գիտնական էր, հնագետ ու պատմաբան: Այդ մասին սիրով է խոսում նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի տեղակալ, մայոր Կարեն Ավագյանը` չթաքցնելով իր հուզմունքն ու գոհունակությունը և° Ազգային գրադարանում Անկախության տարեդարձին, և° Մոնթեի 50-ամյա տարելիցին նվիրված գեղեցիկ հուշ-ցերեկույթի կազմակերպման համար: - Մենք հպարտ ենք, որ մեր վարժարանը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը և, բացի միջնակարգ դպրոցների համար պարտադիր գիտելիքներից, ուսուցանում է նաև Մոնթեի գաղափարները, ռազմական գործի այբուբենը, ունի մարզական ուղղվածություն: Կուրսանտներն ապրում են որոշակի ռեժիմով, և մեծ մաս է հատկացվում ֆիզիկական պատրաստությանը: Իսկ անկախությունը մեզ թույլ է տալիս ստեղծագործել, կերտել, արարել: Մոնթեի նման անհատների միջոցով էլ եղավ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը: Վարժարանի 2-րդ կուրսի կուրսանտ Արմեն Սարդարյանցի հավաստմամբ` - Մեզ համար պատիվ է ուսանել Մոնթեի անվան վարժարանում, ծանոթանալ պատմությանը, տեղեկանալ նրա անցած ճանապարհին, ով հայրենիքի կանչը լսելով եկել է հայրենիք: Մեզ ոգեշնչում է նրա հայրենասիրությունը: Իսկ Մովսես Դավթյանը հավելում է` - Մենք խոնարհվում ենք նրա շիրմի առջև: Պատիվ է ուսանել մի կրթօջախում, որը կրում է լեգենդար հայորդու անունը: Գիտակցաբար է ընտրությունը: Այո°, նրանք հարգանքի տուրք մատուցելուց զատ, ոգեկոչումի պահեր կապրեն` հրաշալի գիտակցելով Մոնթեի խոսքերը. «Եթե մենք կորսնցնենք Արցախը, մենք կդառնանք մեր ժողովրդի պատմության վերջին էջը…»: