Մեր խնդիրն է օգնել նորակոչիկին`
Լուսակերտում տեղակայված ուսումնական զորամասի խնդիրը բանակի զինվորական ստորաբաժանումների համար հրետանավորներ պատրաստելն է: Դա մեծ պատասխանատվություն է, և զորամասի սպայակազմն աշխատում է պատվով կատարել իր առջև դրված ռազմավարական պահանջը: Գնդապետ Սևադա Հովհաննիսյանը 2006 թ. ապրիլից է ստանձնել զորամասի հրամանատարի պաշտոնը և անչափ կարևորում է հրետանավորի դերը բանակային առօրյայում: Ծառայության ընթացքում, ինչ խոսք, որոշակի խնդիրներ ի հայտ գալիս են, բայց Ս. Հովհաննիսյանը դրանք լուծելի է համարում: - Կարգապահական խնդիրներն իրենց զգացնել տալիս են, բայց հիմնականում` ծառայության առաջին 10-15 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր նորակոչիկ իր ընտանեկան, դպրոցական, ինչու չէ, նաև փողոցային դաստիարակությունն է բերում բանակ: Մեր խնդիրն է զրույցների (նաև` անհատական) միջոցով օգնել նորակոչիկին` հաղթահարելու այն հոգեբանական բարդույթը, որը ձևավորվել է բանակի մասին թյուր տեղեկությունների հիման վրա: Հիմնախնդրային հարց է նաև նորակոչիկների կրթամակարդակը: Միջնակարգ դպրոցի շրջանավարտը բանակ է զորակոչվում առանց մաթեմատիկական տարրական գիտելիքների, իսկ մաթեմատիկայի իմացությունը հրետանավորի մասնագիտության անհրաժեշտ նախապայմանն է: Այդ առումով դյուրին է աշխատանքը բուհական կրթությամբ երիտասարդների հետ: Մեր զորամասում կարևորվում է նաև զինվոր-հրամանատար հարաբերությունների կանոնակարգումը, հայ տղամարդու արժանապատվության ճիշտ ընկալումը, տարվող բացատրական աշխատանքներն` իրենց քույրերին ու մայրերին պաշտպանելու գաղափարին: Զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Բարեղամ Մուրադյանը հայրենադաստիարակչական աշխատանքների կարևոր գործոն է համարում կապը տեղի կրթօջախների հետ: - Ճիշտ է, այդ դպրոցների տղաները մեր զորամասում չեն ծառայելու, բայց լինելու են Հայոց բանակի զինվորը: Համակարգված աշխատանքում, ինչ խոսք, ուշադրությունից չեն վրիպում նաև սանիտարահիգիենիկ և առողջապահական խնդիրները: Ի դեպ, շուտով շահագործման կհանձնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժկետի և զորամասի վարչական նոր շենքերը: Մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունները շուքով են նշվում այս զորամասում, և Անկախության տոնը ևս բացառություն չէր: Հրամանատարի համոզմամբ` դա նույնպես ինքնանպատակ չէ և նպաստում է զինվորի ինքնագիտակցության ձևավորմանը: Սևադա Հովհաննիսյանի` հայ զինվորին ուղղված մաղթանքն էլ ինքնաբուխ է. - Անկախությունը հայ քաջորդիների արյան ու կյանքի գինն է: Եվ մենք էլ պետք է ամեն ինչ անենք այդ թանկ արժեքը պահպանելու համար: Հայ զինվորին և մասնավորապես մեր զորամասի զինվորներին մաղթում եմ կամք, արիություն և ձեռք բերած գիտելիքները միայն խաղաղ պայմաններում կիրառելու անհրաժեշտություն: