Շեքսպիրյան խճանկարի գույները


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊՀԹ գեղարվեստական ղեկավար Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հիմնադրած «Արմմոնո» ամենամյա թատերական փառատոնը ձեռք է բերել միջազգային հեղինակություն և դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Մենադրամայի ֆորումի կարևորագույն անդամներից: Գրավելով կայուն տեղ արդի թատերական կյանքում` «Արմմոնո»-ն Երևանի արվեստասեր հասարակայնությանը հնարավորություն է ընձեռում կենդանի պարբերական տպավորություններով մասնակի պատկերացում կազմել արտերկրում առկա թատերական գեղագիտության միտումների մասին, իսկ հայ դերասաններին` ճանաչվելու հայրենիքի սահմաններից դուրս: Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը սրելու նպատակով տնօրենը երբեմն մտահղանում է նորամուծություններ: Այդպես, մեկնարկից 2 տարի անց, «Արմմոնո»-ն դարձավ շեքսպիրյան: Վեցերորդում` ակնկալվում են փոփոխություններ, որոնք դեռևս հստակված չեն, բայց անխուսափելի են համարվում: Կարծում եմ, դրա անհրաժեշտությունը առաջացավ հոբելյանականի ընթացքում, որի ծրագիրը երևանյան հանդիսատեսի համար նախորդներից պակաս ուշագրավ էր այլազգի մասնակիցների սակավությամբ (18-ից` 8-ը): Մենաթատրոնի միջազգային ֆորումի նախագահ Վալերի ԽԱԶԱՆՈՎԻ համոզմամբ, այս «Արմմոնո»-ն առավել գրավիչ էր թատրոնի արտասահմանյան գործիչների համար, որոնց նպատակը հայաստանյան թատերական դաշտից հնարավորինս ամբողջական գաղափար կազմելն է: «Ցանկալի կլինի,- ասաց նա,- որպեսզի ձեր աշխատանքների ընտրությունը, նախնական փուլի անցկացմամբ, մրցակցական խիստ չափորոշիչներով արվի, և ներկայացված գործերը զերծ լինեն կիսատ-պռատությունից»: Մենաթատրոնի միջազգային շարժման հիմնադիր Վեցլավ Գերասն էլ տրտնջում էր լիարյուն մենաներկայացումների պակասից: Փառատոնի առաջին ներկայացումը` Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսի բեմադրությունը (հեղինակ` Հակոբ Ղազանչյան), Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի անզուգական վարպետներ Նինո Կասրաձեի, Մալխաս Քվրիվիշվիլու և Դավիթ Դարչիայի մասնակցությամբ, աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի կրթած արտիստական դպրոցի փայլուն դրսևորումներից էր, դերասանական արվեստի վարպետության բացառիկ «դասընթաց»: Խաղացած հերոսների գրական հիմքերը անթերի պեղելու, հյութեղ կենդանացնելու իրենց բազմաշերտ ունակություններով վրացի բեմականները տրագիֆարսային ուրույն հնչեղություն էին հաղորդել հայ դերասաններով միանգամայն այլ երանգավորում ստացած, հիմնական ասելիքի ամբողջացման չհասցված նույն գործի մարմնավորմանը: Նոր «Տրակտատ»-ի սրընթաց տեմպի մեջ անհնար էր չտրվել հատկապես Կասրաձեի ճկուն դերակերպավորման հիպնոսին: Մյուս ներկայացումները, բացառությամբ Իրինա Վոլիցկայի (Ուկրաինա) «Ռիչարդը` Ռիչարդից հետո»-ի, կարոտ էին բեմադրական ու արտիստական (որոշ դեպքերում` տեքստային) հավելյալ լրացման, ճշգրտման, կուռ ու դինամիկ դարձվելու: Բոլորից ավելի` Իշխան Ղարիբյանի «…Իսկ Պոլոնիո՞ւսը» և Դավիթ Հովսեփյանի` «Օմլետ»-ի վերածված «Համլետ»-ը: Առաջինը, կարծում եմ, կարելի է լավացնել թեմատիկ ընդգրկման ընդարձակմամբ: Արտասովորի ակնհայտ գերճիգով արված երկրորդը` պարզապես անհնար է: Անհարկի երկարաձգված ու ձախողված եմ գտնում ավելորդ ծամածռություններով, հանդիսատեսի հետ անմիջական երկխոսության չարդարացված միջարկումներով շեքսպիրյան իմաստուն ու սրաչք խեղկատակ ներկայացնելու փորձը: Բեմական կուլտուրայի, մանավանդ խոսքի հստակության բացակայությունը ձայնային կեղծ ինտոնացիաներում մշտառկա հեգնանքով մատուցվող «Ալ Զերոյի» կողմից անհարթ կարկատված ասելիքի խառնաշփոթում իսպառ կորցնում են երբեմն սպրդող մտքի հստակ շեշտադրումների հետագիծը: Իր տեսակի մեջ եզակի էր կոմպոզիտոր ու լիբրետոյի (ըստ Պաստեռնակի) հեղինակ Սոֆա Ազնաուրյանի «Համլետ» կոմպոզիցիան` նախատեսված բարիտոնի և մենակատարների գործիքային համույթի համար: Արդի հայ երգարվեստում հաստատուն տեղ գրավող, միջազգային երաժշտական նախագծերի մշտական մասնակից Հրանտ Խաչիկյանի թատերականացված մեկ ժամանոց դերերգը, ներգործած անսովոր տպավորությամբ հանդերձ, միայն պայմանականորեն կարելի է մենաօպերա համարել: Շնորհալի երգչին զգալիորեն պակասում էր դրամատիկական կերպավորման հմտությունը: «Համլետ»-ներից ամենաուշագրավը Հայկ և Էդվարդ Զորիկյանների բեմադրածն էր` «Արմմոնո»-ի թատերական խճանկարի վերջին գունագեղ վրձնահարվածը: Նորահնար արտահայտչամիջոցներով (չհաշված «Մատների» թատրոնից փոխառվածի ուրույն մատուցումը), նկարչական, երաժշտական և պլաստիկ լուծումների օրգանական փոխներթա փանցմամբ Հայկ Զորիկյանը յուրովի մարմնավորեց Դանիայի տարաբախտ արքայազնի դարավոր ողբերգությունը` մնջախաղի զուսպ ու ժլատ «լեզվով», պատկերավոր համոզչականությամբ հանդիսասրահի ուշադրությունը գամելով այն ծնող պատճառների ու կենսական բախտորոշ հանգամանքների վրա: Կատարողական վարպետության հուսադրող արտահայտություն էր Մարիամ Ղազանչյանի նոր Օֆելիան (անցյալ «Արմմոնո»-ի միջազգային նախագծում կերպավորածի համեմատ)` ըստ Վոլոդինի արված Հակոբ Ղազանչյանի և Գագիկ Կարապետյանի բեմադրությամբ: Անկախ ավարտական շտրիխների բեմադրական համակարգման անհրաժեշ տությունից, երիտասարդ դերասանուհին դյուրաթեք խաղաոճով, հուզառատ ներքին ընդդիմությամբ վարակում է չարաղետ հանգամանքներին հանիրավի զոհ դարձած իր հերոսուհու դառը ճակատագրի ողբերգականությամբ: Ըստ էության, Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունից քաղված նույն հենքի վրա են ներկայացնում լեդի Մակբեթի բարդ ու հակասական կերպարը Ալլա Սահակյանը և Ջուլիետ Ստեփանյանը: Բեմադրական տեսիլքով, դերասանական պոտենցիալով նախատիպին առավել հարիր կարող էր լինել վերջինիս դերակատարումը, եթե վհուկի կաղապարի մեջ ի սկզբանե թյուրիմացաբար «տեղադրված» իր հերոսուհուն մարմնավորելիս ՀՀ վաստակավոր արտիստուհին չորդեգրեր ձայնի ցածր տոնայնությունը, ինչը, բեմադրական մի շարք թերացումներին զուգահեռ, անհասկանալի էր դարձնում Արթուր Սահակյանի կողմից ընտրված «Ես կարող էի ավելի ուշ մեռնել» հիմնագաղափարի տրամաբանությունը: Այս տեսակետից նախընտրելի էր սիրողական դերասանական կրթություն ստացած իրանահայ Արինե Սուքիասյանի ներկայացրած «Լեդի Մակբեթի անիծված ճակատագիրը» (բեմադրիչ` Էզաթոլահ Մեհրավարան): Պրոֆեսիոնալ բեմ ոտք դնող դերասանուհին, ասես, իր իսկ ապրածն ու զգացածն էր թատերայնացնում` վերապրելով հոգեկան հավասարակշռությունը խախտած լեդի Մակբեթի դերապատրաստման ծանր հուշը: Շեքսպիրի կնոջ` Աննա Հաթավեյի սիրո արտասովոր դրամատիկ պատմությանն է ծանոթացնում հանդիսատեսին ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա Ներսիսյանը Ջենի Քրոֆթոնի հեղինակած «Սիրո և մենության միջև» մենադրամայի իր բեմավորմամբ: Դժվարությամբ շրջանցելով բեմադրական «խութերը»` ներքին հրայրքով հուզում է որոշ անցումային դրվագների սիրառատ դրամատիզմով: Խաչիկ Չալիկյանի «Ջայլամը ասֆալտի վրա» մենադրաման որևէ առնչություն չունի շեքսպիրյան թեմատիկայի հետ: Դրա ներկայացմամբ հանդես գալը Կարինե Ջանջուղազյանի համար պատեհ առիթ էր 8-ամյա ընդմիջումից հետո, մարգինալացված մտավորականի` գրոտեսկային խաղաոճով կերպավորած իր հերոսուհու միջնորդությամբ, արտահայտել սեփական վերաբերմունքը ներկայիս իրականության նկատմամբ: Ամենակարևորը` վերստին հիշեցնելու թատրոնին իր նվիրվածության և պիտանիության մասին: Արտերկրի մասնակիցներից, մեծամասնության տպավորությամբ, ամենահավաքը «Ռիչարդը` Ռիչարդից հետո» մենաներկայացումն էր` Ուկրաինայի Կուրբասի անվան Թատերական արվեստի ազգային կենտրոնի «Թատրոն զամբյուղի մեջ» ստուդիայի ինքնահատուկ գեղագիտությամբ: Եվ, որ ամենակարևորն է, Լիդիա Դանիլչուկի անթերի արտիստական վարպետությամբ դրան հարիր արդիականացմանը հաղորդած իմաստալից թատերայնությամբ: Առաջին հայացքից, արտառոց թվացող (կաղամբների թրատումը), բայց միանգամայն արդարացված հնարներով, տեքստի, շարժման ու ձայնի ինտեգրմամբ: Կերպավորման ավարտուն կառուցիկությամբ այս «Ռիչարդ»-ին նկատելիորեն զիջում էր Սիդնեյի Կրոպկա թատրոնի 10-ամյա գեղարվեստական ղեկավար Իոլանտա Յուսկևիչի (Ավստրալիա) սեփական թեզով բեմականացված «դեզդեՄՈՆԱ»-ն` հասարակության կողմից անհամապատասխան հռչակված կնոջ ու տղամարդու սիրային դաշինքին բաժին ընկած փորձությունների յուրահատուկ մեկնաբանությունը` իրավազուրկ Դեզդեմոնայի դատապարտվածության ցավով կրակված: Շեքսպիրյան խորքերով ձևավորված ուշագրավ կոլաժ էր Քշիշտոֆ Գորդոնի (Լեհաստան) «Ֆալստաֆը կամ ողջ աշխարհը» մենաներկայացումը, որը սինխրոն թարգմանության «աջակցություն» էր ենթադրում (որքան էլ հավատացնեն, թե դա խանգարում է, շեղում): Թատրոնի ինքնաստեղծ տեսությամբ բեմադրված Էրվին Գաազի «Ռիչարդ III» մենադրաման, չնայած բնօրինակին հետևողական հարազատությանը և բեմի վրա արյունար բու խեղանդամ այդ ստահակին բնորոշ դերակատարմանը, մասամբ է կարողանում սևեռուն պահել հանդիսատեսի անձանձիր ուշադրությունը: Ոմանց նույնիսկ հետաքրքիր էին Գաբրիել Շելի (Գերմանիա) հակաէսթետիկական` իբր չբավարարված կրքից անկառավարելի խելահեղության հասած հերոսուհու բեմական դրսևորումները: Մինչդեռ նրա ներկայացրած «Ֆեդրայի երազները» (բեմադրիչ` Կոնստանց Ուլմեր) ոչ միայն շեքսպիրյան թեմատիկ ընդգրկումներից, այլև Մեծ բրիտանացու գրական ժառանգության մեջ պարփակված համամարդկային խորը ողբերգությանը որևէ կերպ առնչվելուց էին հեռու: «Արմմոնո-5»-ին Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադիրովայի ներկայացրած «…Լինել...» աշխատանքը թատերական ձոն էր Մեծն Սիրանույշի 150-ամյակին: Հայ անկրկնելի դերասանուհու արտիստական դժվարին սխրանքի` Համլետի դերակատարման ոգեշնչված արժեքավորումը` նրա երբեմնի դիմահարդարի վերհուշի հնարքով (ըստ Ռուբեն Զարյանի մենագրության) մտահղացված: Ափսոս, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը նպատակամղում չի ունեցել ամբողջացնելու Սիրանույշի դիմանկարը: Եվ այս մենաներկայացումը առավել գնահատելի է դարձել որպես հայ-ուկրաինական մշակութային բարեկամական համագործակցության թատերականացված արտահայտութ յուն` պահանջ հարուցելով ուկրաինական բեմի պարծանք Մարիա Զանկովեցկայի 150-ամյա հոբելյանի նմանատիպ նշանավորման: (Ի դեպ, իր ձայնի բացառիկ տեմբրով Սիրանույշը ժամանակին համեմատվել է Զանկովեցկայի ու Երմոլովայի հետ միայն): Ներկայացնելով «Արմմոնո-5»-ի ձևավորված շեքսպիրյան թատերական խճանկարի ամփոփ ուրվագիծը, որը կենսագործվեց մեկենասների օժանդակությամբ և ՀՀ վարչապետի բարձր հովանավորությամբ, հույս եմ հայտնում հաջորդ տարվա անհամեմատ բովանդակալից ու նորացված գունագեղության: Քանզի մեր մշակութային կյանքում այս փառատոնի դերն ու նշանակությունը, կարծում եմ, այլևս կասկածից վեր է: