Մեկ` այսպես, մեկ` այնպես Իսկ շախմատում` միշտ լավ


Հիշո՞ւմ եք, Հայաստանի անկախացման առաջին տարիներին հեռուստաէկրանին մի տեսահոլովակ հայտնվեց: 1-2 ամյա մանուկը փորձում էր բարձրանալ-քայլել, ընկնում -ելնում էր, ընկնում-ելնում է և ապա միայն սկսում ավելի վստահ քայլել: Այս մանուկը մեր նորանկախ երկրի խորհրդանիշն էր: Կարող է տպավորություն ստեղծվել, թե անկախություն-մանկանը հիշելու առիթը սեպտեմբերի 21-ի տոնն է: Տոն, որ այլևս մերն է, մեր փառապանծ, մեր պատմական տոնը: Ահա արդեն 16 տարի մենք հպարտորեն նշում ենք այն, և մանուկը ոտ-ոտ արագացնում է քայլերը. տեղ-տեղ` վստահ, տեղ-տեղ էլ` անփորձ ու վարանոտ: Մարզական վերջին իրադարձություններին անդրադառնալիս ակամա այս տեսահոլովակը հիշեցինք: Հակված չենք մարզական վերլուծություն կատարել, սակայն արժե նաև սևեռվել որոշ հարցերի վրա` լավով ուրախանալու, ոչ լավից (չասելու համար` վատից) դասեր առնելու խորհրդով: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ահագին լավ խաղ ցուցադրեց և կարգին ուրախացրեց մեզ` երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի արդյունքով: Լավին լավ ենք ասում: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն իրեն չարդարացրեց: Երեք պարտություն և մեկ հաղթանակ ունեցանք, էլի լավ ենք ասում: Ու հիմնավորում գտնում ենք: Առաջնությունն անցկացվում էր Բաքվում, մեր մարզիկները, հասկանալի է, հոգեբանորեն ճնշված էին, բարոյական աջակցություն չունեին: Փոխարենը ունեցանք բարոյական հաղթանակ: Բարոյական հաղթանակները հայերիս խորթ չեն: Մեր պարտություններն ուղեկցվում են բարոյական հաղթանակներով, որոնք մեզ երբեմն լա¯վ էլ գոհացնում են: Ինչ արած, մեր ժողովրդի «նախասիրությունն» էլ դա է: Կարևորը` կա° հաղթանակ: Հոգեբանական ճնշման գործոնի դեմ ոչինչ չունենք ասելու, բայց որ վաղուց ժամանակն է բարոյական հաղթանակներով չսնվել, վաղուց էլ հասկացել ենք, բայց չենք կիրառում: «Մեզ համար կարևորը մասնակցությունն էր»,- ասում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Մանուկը որ սկսեց չոչ անել, մի օր քայլելու է. երևի թե այս է տրամաբանությունը: Համաձայն ենք` քիչ բան չէ` մրցանակակիր դարձած մյուս երկրների դրոշների կողքին, ի պատիվ Հայաստանի հավաքականի հաղթած մարզիկի, բարձրացվեց նաև Հայաստանի Եռագույնը: Քիչ էր ձեռքբերումը, հաղթանակներն էին քիչ, և դա լավ չէր: Այ, իսկ ասելիքն այլ է, երբ խոսքը գնում է շախմատի մասին: Տեղը գա, հպարտությամբ կարող ենք ասել` «շախմատային երկիր Հայաստանս»: Եվ, հարկավ, պատահական չէ, որ Ֆիդեի որոշմամբ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: Թե° շախմատային ավանդույթների, եւ թե° այս մարզաձևում ունեցած արդյունքների առումով աշխարհի առաջնության անցկացման համար Հայաստանը լիիրավ ընտրելի երկիր է: Մրցապայման ները տեխնիկապես ապահովելու, կազմակերպական խնդիրները բարձր մակարդակով լուծելու նպատակով կառավարությունը Սպորտի նախարարությանը գումար է հատկացրել. պետական աջակցությունը կարևոր բան է: Մեկ անգամ էլ փաստենք, որ մեր շախմատային ներուժը բարձր է, հաջողությունները` անվիճելի: Մանուկը զորանո¯ւմ է, զորանում է… Ցանկանք և հուսանք, որ այս մրցաշարում մանկան քայլերը, ինչպես շախմատում, հաստատուն ու անվարան կլինեն, հաջողություն ու հաղթանակներ բերող:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ