Ի՞նչ դեր է խաղում մեր կյանքում կինոն: Ո°չ երկրորդական: Ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո տղամարդիկ սիրում են բազմոցին մեկնված որևէ գեղարվեստական ֆիլմ դիտել: Տնային տնտեսուհիներն էլ զուգակցում են իրենց աշխատանքը հեռուստաեթերի հիմնական բովանդակությունը կազմող մելոդրամներին կամ սնամեջ սերիալներին «պարտաճանաչ» հաղորդակցվելու հետ: Երիտասարդության ժամանցը հագեցնում են բեստսելերային մոդայիկ տեսաժապավենները, որոնցով հեղեղված են ամեն քայլափոխի հանդիպող խանութները: Վճարելով 1000-2000 դրամ 1 DVD սկավառակի դիմաց` նրանք հնարավորություն են ստանում ներկայումս գործող կինոթատրոնների 1 տոմսին համարժեք գումարով դիտել մի քանի ֆիլմ: Ավելի մատչելի է տեսավարձույթի ծառայությունից օգտվելը` ընդամենը 300 դրամ: Այնպես որ, այսօր կինոթատրոն հաճախելը այնքան էլ պարտադիր չէ: Մեր ծնողների երիտասարդության օրերին էր մեծ դրա պահանջարկը, երբ տոմսի արժեքը գրոշների էր հավասար ներկայիս չափանիշներով: Եվ Երևանի յուրաքանչյուր թաղամաս ուներ իր կինոթատրոնը, որի դահլիճը երբեք դատարկ չէր լինում: Մեկուկես տասնյակ կինոթատրոններ, որոնք, այսպես կոչված, անկախացումից հետո զրկվեցին պետական հոգացողությունից, սոցիալական անապահով վիճակի մեջ հայտնվելու պատճառով իրենցից երես թեքած մասսայական հանդիսատեսից: Եվ կինոյի պահանջարկը կտրուկ ընկավ: Ամայանալով, նախ, անտերության մատնվեցին հասարակության կյանքում երբևէ առանձնահատուկ տեղ գրաված այդ մշակութային օջախները, ապա սկսեցին շահագործվել այլ նպատակներով: Այդպես նախնական նշանակությունը կորցրեցին Շենգավիթ համայնքի (III մաս) «Սևան» և «Հայրենիք» կինոթատրոնները: Վերջինս վերածվեց ռեստորանի, ապա` ընտրական շտաբի: Դադարեցվեցին լայնէկրան կինոժապավենների ցուցադրությունները նաև Մշակույթի տանը: Աջափնյակի «Արագած» և «Հրազդան» կինոթատրոններին վիճակվեց բոուլինգ կենտրոնների վերափոխվելու ճակատագիրը: Մանկական բարի վերածվեց «Պիոներ»-ը: «Կոմիտաս»-ն հիմա մեքենաների վաճառասրահ է դարձել: «Սասունցի Դավիթը»-ը հիմնահատակ քանդվեց` մինչ օրս անավարտ մնացած հյուրանոցի շինարարությամբ ստվերելով կայարանամերձ հրապարակի արտաքին ճարտարապետական տեսքի երբեմնի ամբողջականությունը մանրավաճառների երկշարք տաղավարների հետ միասին: Տխուր բախտի արժանացան «Նորք», «Ուրարտու» և «Զվարթնոց» կինոթատրոնները: Մայրաքաղաքի կենտրոնում գործող 5 կինոթատրոններից «Ռոսիա»-ն վերածվեց առևտրի կենտրոնի, «Կինոյի տունը» դեռևս գոյատևում է խղճուկ պայմաններում, պոռնոֆիլմերի տեսասրահի վերափոխված «Երևան»-ը վերջերս, կարծես, «հոգնեց» անփառունակ իր գործունեությունից: Արժանապատիվ իրենց կարգավիճակը պահպանեցին միայն միջազգային չափանիշներին բավարարող «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնները` օրերս ավարտված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի յուրատեսակ շտաբ-կայանները: Շնորհիվ արվեստասեր անհատ ձեռներեցների «Նաիրի»-ն 2002-ին վերակառուցվեց տնտեսագետ Սմբատ Նասիբյանի կողմից` 2 կինոդահլիճներից զատ ներառելով խաղային ավտոմատների սրահ, ռեստորան, բար` ընձեռելով համալիր ժամանցի կոնկրետ հնարավորություն նույն հարկի տակ: Այդուհանդերձ, 2000 թվականին «Պարադիս» ընկերության տնօրեններից մեկի` Մարտուն Ադոյանի նախաձեռնությամբ վերանորոգված «Մոսկվա» կինոթատրոնն ավելի մեծ մասսայականություն է վայելում: Կինոարտադրության նորույթների մենաշնորհը նվաճած այս կինոթատրոնում մեծ աշխուժություն են առաջացնում պրեմիերաները` ի հեճուկս տեխնիկական առաջընթացի հավաստելով պարզ մի ճշարտության մասին` որքան էլ մեծ լինի ընտանեկան հեռուստաէկրանը` աշխարհի տարբեր ծայրերից հեռուստաալիքներ դյուրությամբ որսացող կապով ապահովված, միևնույն է, անզոր է ստեղծել կինոթատրոնին հարիր մթնոլորտ: Դեռևս կան մարդիկ, ովքեր նախընտրում ու գնահատում են այդ մթնոլորտը:

Աննա ՆԵՎԵՐՈՎԱ, Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ