Ոճիր, որին հաջորդեց թուրքական բեմադրությունը
Թերևս ճիշտ են այն վերլուծաբանները, ովքեր գտնում են, որ Հրանտ Դինքի վայրագ սպանությունը Թուրքիայում կարող է ջրբաժան հանդիսանալ մի շարք կարևոր խնդիրներում: «Ակոս» թերթի խմբագրի դեմ իրականացվող ահաբեկչությունը համընկավ Թուրքիայի Եվրամիություն ընդունման հարցով սկսվող բանակցությունների, հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ակտիվ քննարկումների, ամերիկյան սենատում Հայոց ցեղասպանության ընդունման իրական հնարավորության մեծացման հետ: Կատարված բարբարոսությունը նշյալ բոլոր խնդիրների վրա էլ կարող է հետևանքներ ունենալ: Առաջին հերթին այն բացասաբար կանդրադառնա Թուրքիայի` առանց այդ էլ ոչ բարձր միջազգային վարկանիշի վրա: Իհարկե, ահաբեկչական ակտը դժվար թե Թուրքիայի պաշտոնական շրջանակների «ձեռքի գործը» լինի, քանի որ այն լուրջ հարված է հասցնում վերջինիս պետական կարևորագույն շահերին: Բայց անժխտելի է նաև հետևյալ փաստը: Թուրքիայի պետական-պաշտոնական շրջանակների հակահայկական քարոզչությունը ուղղակի կամ անուղղակի նպաստում է նման քստմնելի սպանությունների իրականացմանը: Իսկ Հրանտ Դինքի դեմ հարուցված քրեական գործը մի ավելորդ անգամ ապացուցում է, որ ճնշելով ազատ խոսքի իրավունքը, հալածելով պատմական իրողությունը` Հայոց ցեղասպանությունը ընդունող անհատներին, Թուրքիան ներկայանում է աշխարհին որպես ժողովրդավարությունից հեռու, ոչ իրավական պետություն: Միամիտ կլինի կարծել, թե կատարված ողբերգությունը իսկապես ցնցող ազդեցություն կունենա, կսթափեցնի Թուրքիայի ղեկավար շրջանակներին և կստիպի ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների սկիզբ դնել: Մեր հարևանների մոտ լավ է ստացվում միայն դիվանագիտական դերասանությունը, ինչը նրանք վարպետորեն արեցին` մեզ հետ հավասար «սգալով» Հրանտ Դինքի մահը: Իսկական թուրքական ձեռագիր` շողոքորթախառն վախով բեմականացված սցենար` հատուկ միջազգային հանրության համար նախատեսված: Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին Հրանտ Դինքի հուղարկավորությանը Ստամբուլում հունվարի 23-ին վերջին հրաժեշտը տվեցին թուրք մոլեռանդ ազգայնականի կողմից սպանված հայազգի հրապարակախոս, լրագրող, «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքին: Մարդկանց մի քանի կիլոմետրանոց սգո թափորը «Ակոս»-ի խմբագրատնից, որտեղ սպանվել էր Դինքը, շարժվեց դեպի հայկական Սուրբ Մարիամ աթոռանիստ եկեղեցին, որտեղ կայանալիք հոգեհանգստի արարողությունից հետո նրա աճյունը կամփոփվի Բալըքլի հայկական գերեզմանատանը: Խմբագրատան մոտ հավաքվածներին դիմեց Դինքի այրին` Ռաքելը` կոչ անելով գտնել սպանության պատճառների ավելի խորքային բացատրություն. - «17-ամյա կամ 27-ամյա, ով էլ եղել է, այդ մարդասպանը ժամանակին երեխա է եղել: Մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ մեզ հարց չենք տվել, թե ինչպես այդ երեխան մարդասպան մեծացավ»: Ճանապարհին սգո թափորի մասնակիցները կրում էին հայերեն ու թուրքերեն պաստառներ` «Մարդասպան պետությունը պետք է պատասխան տա իր արածի համար», «Բոլորս Հրանտ Դինքն ենք», «Բոլորս հայ ենք»: Թափորի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին` «Ուս-ուսի` ընդդեմ ֆաշիզմի», «301-ը մարդասպան հոդված է»` նկատի ունենալով Քրեական օրենսգրքի` «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար պատիժ նախատեսող հոդվածը: Հուղարկավորության մասնակիցների թվում էին Հայաստանի պատվիրակությունը` փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը, թուրք հասարակական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ, այլ երկրների հայկական գաղութների ներկայացուցիչներ: Ռուբեն ՄԵԼՈՅԱՆ Ստամբուլ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող 17-ամյա Օգյուն Սամաստը, ըստ թուրքական լրատվամի ջոցների, խոստովանել է իր մեղքը: 17-ամյա ծայրահեղականը իրավապահներին ասել է, թե արարքի պատճառն այն է, որ Հրանտ Դինքը իր հրապարակումներով «վիրավորում էր թուրք ազգին»: «CNN Turk»-ը մեջբերում է 17-ամյա ծայրահեղականի հետեւյալ ցուցմունքը. «Ես ինտերնետով եմ կարդացել Հրանտ Դինքի հրապարակումները»: Ծայրահեղականը վկայակոչել է Հրանտ Դինքի հետեւյալ հրապարակումը. «Ես թուրք եմ եւ իմ արյան մեջ թույն կա»: Սա է, ըստ 17-ամյա Օգյուն Սամաստի, սպանության պատճառը: Թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ 17-ամյա անչափահասը, ինչպես նաեւ Հրանտ Դինքին սպանելու հրաման տված Յասին Հայալը «Իսլամական կարգի օջախներ» ծայրահեղ աջ կազմակերպության անդամներ են: Յասին Հայալը Տրապիզոն քաղաքում արդեն մի քանի տարի է, ինչ ձեւավորել է դեռահաս բնակիչների խումբ: Նա 2004 թվականին դատապարտվել է Տրապիզոնի «Մաք Դոնալդս» սրճարանում պայթյուն կազմակերպելու համար: Թուրքական մամուլը ներկայացնում է տվյալներ այն մասին, որ Յասին Հայալը մտադիր էր պայթեցնել նաեւ HSBC բանկը: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ մեկնաբանությունները պարունակում են խիստ գնահատականներ: «Հրանտ Դինքի արյունը վրեժ էր»: Այս համոզմունքն է հայտնել թուրք լրագրող Ենի Շաֆաքը: «Դինքի մահվան համար պատասխանատու են նրանք, ովքեր թշնամանք են հարուցել նրա նկատմամբ»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Իսկ ովքե՞ր էին թշնամանք հարուցում: Նաեւ այն պաշտոնյաները, ովքեր այսօր «դատապարտում» են Դինքի սպանությունը: Այս սպանությունից հետո Թուրքիայի քաղաքական «դիվիդենտների» մասին խոսողների պակաս այսօր չկա: Մի բան ակնհայտ է. Հրանտ Դինքի սպանությունը նախապատրաստել են նաեւ թուրք պաշտոնյաների եւ թուրք քաղաքացիների ազգայնամոլական-ծայրահեղական հայտարարութ յուններն ու վերաբերմունքը: Հրանտ Դինքի սպանության հարցը սկսեցին արծարծել քաղաքական գործիչները: Հատուկ հնչերանգով հայտարարություն արեցին դաշնակներն ու նրանց ջահել ներկայացուցիչները: Ազգայնամոլական հիստերիան, խոստովանենք, կա նաեւ Հայաստանում: Որոշ դեպքերում` նաեւ պետական պաշտոնյաների մասնակցությամբ է դրսեւորվում այդ հիստերիան: Ազգայնամոլությունը առաջին անգամ չէ, որ «ապահովում» է արյունալի հետեւանք: Եւ Հրանտ Դինքի արյունը քաղաքական եւ որոշ դեպքերում անձնական ոլորտներում շահարկելու նողկալի վարքագիծը շարունակում է մարտնչել անխնա կերպով: Շահարկող ները մոռանում են, որ ինքը` Հրանտ Դինքը, ցավով ապրելով թուրքերի իրականացրած ցեղասպանության հանգամանքը, այդ հարցն արծարծում էր լրջմիտ, սթափ եւ մարդկային բարձր գիտակցությամբ` առանց ազգայնամոլական ջղաձգումների: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Հրանտ Դինքի սպանությունը խոստովանած 17-ամյա ծայրահեղականին սպառնում է 16 տարվա ազատազրկում, քանի որ նա անչափահաս է: Չափահաս լինելու դեպքում, ըստ «Turkish daly» գործակալության, կսպառնար 36 տարվա ազատազրկում: