Ամենալավ քաղաքապետը արևն է
Թե չէ ինչպե՞ս է լինում, որ ամեն տարի քաղաքային իշխանությունները բոլ-բոլ աղ ու ավազ են կուտակում, մեքենա-սարքավորումներն էլ միշտ կազմ ու պատրաստ վիճակում են, ձմեռը նորմալ անցկացնելու հաշվարկով, բայց բնությանը միշտ հաջողվում է հաշիվները խառնել: Առաջին ձյան տեղալուց մինչև վերջին սառցակտորի հալվելը Երևանի փողոցներում ոչ ոք զերծ չէ ընկնել-ոտուձեռ ջարդուփշուր անելու վտանգից: Այս տարի թաղապետարաններին լրացուցիչ միջոցներ հատկացվեցին` պայմանագրային հիմունքներով աշխատողներ վարձելու և մայթերը մաքրելու համար: Մի սառցազերծ, մի մաքրված մայթ քաղաքում այդպես էլ չտեսանք: Անգամ Կենտրոն համայնքում, որտեղ ըստ քաղաքապետարանի ծանուցման, մայթերի մաքրման աշխատանքներն առաջինն էին սկսվել: Նույն այդ Կենտրոնում սառցադաշտ հիշեցնող հատվածներ կան, որոնց վրա ոտք դնողը մի երկու պտույտ հաստատ պարում է բալետ սառույցի վրա: Եթե միայն բանը «պարելով» վերջանա: Ինչ իմանաս, թե դրանից հետո որտեղ կհայտնվես և ինչպիսի՞ կոտրվածքներով: Նույնպիսի վտանգ կա մայթից տրանսպորտի միջոցին մոտենալիս: Սառած ու սառցակտորներով պատված մայթեզրերը նույնպես ամեն մեկին կարող են նման «անակնկալ» մատուցել: Եթե Կենտրոնն էսպես, բա մյուս համայնքնե՞րը: «Ամեն տեղ էլ նման բաներ կան»,- քաղաքապետարանի թեժ գծից ըմբռնումի են կոչում քաղաքացուն: Լա՜վ պատասխան է, խոսք չկա: Իսկ թե մի բան անի, էլի արևը կանի: Պարզվում է` ամենալավ քաղաքապետը արևն է: էս երկու օրը լավ էլ քաղաքապետություն է անում. հալեցնում -մաքրում-տանում է սառույցը` ինչքան ուժը պատում է: Բայց ինչ իմանա, որ ցերեկվա իր գործը շարունակող չկա, ու իր հալեցրածը գիշերն էլի սառույց է դառնում: Էնպես որ` իմանանք, որ դիմանանք: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է... Հանրակրթության նկատմամբ պետության հոգածությունը տարեցտարի ավելի է մեծանում: Ընթերցողին չենք ուզում ծանրաբեռնել փաստերով ու թվերով: Պարզապես ուզում ենք հարցնել մայրաքաղաքի հանրակրթության ոլորտը կարգավորող օղակի պատասխանատուներին (ովքեր առիթը չեն կորցնում հնչեցնելու հերթապահ ձևակերպումը. «Դպրոցները կազմ ու պատրաստ են վերսկսել պարապմունքները»)` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ դպրոցը պատրաստ չգտնվեց ուսումնական գործընթացը բնականոն շարունակելուն: Մի՞թե այս ցուրտն այն ցուրտն էր, որ պարապմունքները հետաձգելու պատճառ դառնար: Սառած ու պայթած խողովակներ, թրջված պատեր ու հատակ` էկրանից հա տեսանք: Այսինքն` տեսեք, ինչ վիճակ է, դաս անել չի լինի: Իսկ մի՞թե չէր կարելի կանխել այդ վիճակը: Մի ողջ համակարգ է գործում, պետությունն էլ, փառք Աստծո, ձեռքը տաք-տաք պահում է վրան: Դե, արի ու մի ասա` ցրտերը որ պատճառ լինեն, Սիբիրում կլոր տարին դպրոցը չպիտի գործի: Դասերը դպրոցներում կվերսկսվեն փետրվարի 1-ից, այսինքն շաբաթվա կեսից անց: Երեխաների մի մասը չի գա դպրոց, եկողներն էլ մինչև հա°-հո°ւ` հունի մեջ ընկնեն, շաբաթը կանցնի, ու մի շաբաթով էլ ուսումնական ծրագիրը հետ կընկնի: Իսկ ամռանը երևանյան տապին երեխաները կճռռան, ուսուցիչների էլ արձակուրդները կկրճատվեն: Քաղաքապետարանի հերթական հոգսը Քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքն ազատել քաղաքի տեսքը խաթարող կրպակ-տաղավարներից: Ժամանակ առաջ կառուցված կրպակներից շատերն այսօր հարիր չեն մայրաքաղաքին, ճիշտ չեն տեղակայված, և դրանք ապամոնտաժելը հրատապ անհրաժեշտություն է: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունն արդեն սկսել է կրպակատերերին «աչքալուսանք» ուղարկել առ այն, որ դրանք այլևս ձեռք չեն տալիս քաղաքին ու քաղաքապետարանին (առաջինի տեսքին են խանգարում, երկրորդի` կանոնակարգումներին), և կրպակատերերը պարտավոր են ձեռք քաշել դրանցից: Քաղաքի տեսքով, ի դեպ, մտահոգված է նաև երկրի նախագահը և քաղաքապետարանին հատուկ հանձնարարել է լուրջ վերաբերվել այդ խնդրին: Լուծումը համարվում է առևտրի փոքրածավալ կենտրոնների ստեղծումը, որտեղ կարող են վերատեղադրվել կրպակները: Ծրագիրն ինքնին ողջունելի կլիներ, եթե քաղաքի տեսքը փչացնող բազմաթիվ այլ կառույցների ու շինությունների շարքում վերացվելու թիրախ չդառնային առաջին հերթին կրպակները: Թե չէ` ո՞վ չի ուզում, որ Երևանը գեղեցիկ, մայրաքաղաքավայել տեսք ունենա: Բայց որ կանոնակարգման մեկնարկը տրվում է այն խավի համար, որ ոչ ունևոր է, ոչ էլ առավել ևս գերունևոր, և կրպակը այդ խավի ապրուստի բարակ մի աղբյուր է, գոյության միջոց, դա չէ ընդունելի: Պարզապես այս խավն անվտանգ լինելու իմաստով դիպչելու ենթակա է: Մեկի կրպակը կվերատեղադրեն, մյուսինը` ոչ: Հո՜ղ է ազատվում, հող: Հետո էլ ասում են` Երևանում ծախելու հող չի մնացել: Քաղաքի տեսքն ուզում եք կանոնակարգե՞լ, պարոնայք, մի քիչ ուշադիր նայեք ձեր շուրջը: Մինչև կրպակները ինչքա՜ն բան կա տեսնելու: Դրանց տերերին չէ, իրենց կամայական, անօրեն շինություններն է պետք տեսնել: Այ, եթե ապամոնտաժվող, քաղաքապետարանի լեզվով ասած, կանոնակարգվող մեկ-երկու օբյեկտ էլ վերևներից ընտրվի, այնժամ կարելի է ծրագրին և° հավատալ, և° սրտանց ողջունել այն: Նկուղներից դուրս գալու ժամանակը Գորբաչովի սկսած կոոպերատիվ շարժման տարիներին սեփականատերերը գրոհեցին բազմաբնակարան շենքերի նկուղները և առաջին հարկերը` աղբից ու առնետներից մաքրելով դրանք: Այսօր, կամոքն քաղաքապետարանի, հասել է նկուղներից դուրս գալու ժամը: Շենքերը պետք է ազատվեն մի շարք օբյեկտներից, որոնց գործունեությունը, ըստ շինարարական նորմերի, անթույլատրելի է: Նման օբյեկտների շարքին են դասվում բաղնիք-սաունաները, քիմմաքրման, հացաբուլ կեղենի և այլ արտադրամասերը: Երկամսյա ժամկետում սեփականատերերը կամ կվերանայեն իրենց գործունեության պրոֆիլը, կամ կհայտնվեն դատարանում` քաղաքային իշխանության որոշմանը չենթարկվելու համար: Քաղաքապետարանում խոստանում են անզիջում լինել նաև շինանյութի, մեղմ ասած, անկազմակերպ վաճառք իրականացնողների նկատմամբ: Մնում է սպասել, օրերը տաքանան, շինանյութի վաճառքն ակտիվանա և այնժամ կերևա, թե մայթերը շինանյութի պահեստ ու ցուցադրավայր դարձրած ո՞ր մի կազմակերպության ձեռքը կբռնի քաղաքապետարանը: