Քաղաքական դաշտի առասպելները


Առասպելները ծնվում են ցանկությունների ու հնարավորությունների անհամատեղելիությունից, դառը իրականության հետ չհաշտվելու անզուսպ մղումից: Դրանք ծնվում են նաև այսօր, պատմվում են նորակոչ «ասացողների» կողմից` հարուցելով ոմանց քմծիծաղը, ոմանց` հիացմունքը: Իսկ նրանք, ովքեր ծանոթ են քաղաքական առասպելի ժանրին, հասկանում են, որ այս առասպելներով նախապատրաստվում է մի նոր վիպերգի «պրեմիերա»` «Մենք հաղթել ենք, հաշվողներն են մեղավոր» մոտիվով: Պատումներից մեկի համաձայն (ասացողի դերում` ընդդիմադիր գրեթե բոլոր գործիչները), իշխանությունները ընտրությունները կեղծելու են, քանի որ արդար, մաքուր ընտրություններով հաղթելու ոչ մի շանս չունեն: Մի այլ պատումում ասվում է. (ասացող` ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյան). - Ընդդիմությունը կարող է և պետք է վերցնի մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում և ձևավորի կառավարություն: Հիշյալ երկու պատումների առանձնահատկությունն այն է, որ ընդդիմությանը հնարավորություն է տալիս միանգամից անցնել... հետընտրական փուլին. այն է` պահանջել իշխանությունների հրաժարականը, քանի որ աներկբա է` ընդդիմության նման հավակնությունը չի բավարարվելու: Այս մասին է վկայում հենց իր` Հ. Բաբուխանյանի այն պնդումը, թե. - Ընդդիմության առողջ հատվածը պետք է միաբանվի ու վերցնի իշխանությունը: Այսինքն` քաղաքական ընդդիմությունը բաժանված է, տրոհված: Հետևաբար, տրոհված է նաև ընդդիմադիր ընտրազանգվածը: Եվ այնպես չէ, որ, ասենք, «հիվանդ» ընդդիմություն հայտարարված կուսակցությունների ձայները մեխանիկորեն գումարվելու են «առողջ» ընդդիմության ձայներին: Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի` «հիվանդներին» բացահայտելու համար «ախտաբանական» հետազոտությունները դեռ կշարունակվեն, կխորանան, ի հայտ կգան «գիտությանը» հայտնի ու անհայտ բազում հիվանդներ ու հիվանդություններ: Իսկ այս ընթացքում, «անալիզների» պատասխանները կարդալուց հոգնած ու հիասթափված հազարավոր ընտրողներ, եթե չանցնեն էլ իշխանությունների կողմը, հատկապես ԲՀ-ի, որն ակտիվ աշխատում է այդ դաշտում, գոնե ընդդիմադիրներին էլ ձայն չեն տա: Մեր համառ հարցապնդումներին` մատնանշել թեկուզ մեկ «հիվանդ» կուսակցություն, այդպես էլ ուղիղ պատասխան չտրվեց, փոխարենը, ՍԻՄ-ից բացի Հ. Բաբուխանյանի հետ կարողացանք գտնել մի «առողջ» կուսակցություն ևս. - Այո°, ՕԵԿ-ը, որի հետ մենք համագործակցում ենք, առողջ կուսակցություն է, քանի որ հանուն իր սկզբունքների հրաժարվեց իշխանության իր բաժնից: - Այդ դեպքում կարելի՞ է պնդել, որ ՀՀՇ-ն մի քանի անգամ ավելի առողջ կուսակցություն է, քան ՕԵԿ-ը, քանի որ իր ժամանակին նա հրաժարվեց ամբողջ իշխանությունից: - Ո°չ, ՀՀՇ-ն հրաժարական տվեց հասարակության բոլոր խավերի ճնշման տակ: - Հետևելով մամուլի հրապարակումներին, տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններ ասելով, Դուք հասկանում եք միայն ՀՀԿ և Սերժ Սարգսյան, քանի որ հայհոյանքներն ուղղված են միայն նրանց: Դրանում ինչ-որ միտում կա՞: - Ո°չ, իշխանություններ ասելով ես հասկանում եմ իշխանական ամբողջ բուրգը,- պատասխանեց ասացողը:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ