Բարև, Նոր տարի, գալդ բարի


«Մեկ էլ ըհը, ձմեռը, փռեց իրեն թևերը»: Տեսնես քաղաքային իշխանություններին ծանո՞թ են բանաստեղծական այս տողերը: Կարծում եմ, նրանք ամեն ինչ կտան, միայն թե ձմեռն իր փասա-փուսան հավաքած շուտ հեռանա, հատկապես այս ձմեռը, որը եկավ կոտրած տաշտակը թևի տակ դրած: Պարզվում է, ամեն Աստծո ձմռանը տեղացած առատ ձյունն անսպասելի է մեր իշխանությունների համար, քանի որ դիտավորյալ բացահայտում է ձմռան նախապատրաստական աշխատանքներն ամփոփող զեկուցագրերի ջրալիությունը: Ինչպե՞ս կարելի է անտեսել մայրաքաղաքի բնակչության և տրանսպոր տային միջոցների (հատկապես անձնական ավտոմեքենաների) աննախադեպ և զուգահեռ աճի տեմպերը, որի պատճառով ձմռանը անցուդարձն ավելի է դժվարանում: Միայն աղով հարց կլուծվի՞: 2006 թվականին կառավարության կողմից ձմռան նախապատրաստական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար հատկացված գումարներն այդպես էլ նպատակին չծառայեցին: Այնինչ, այդ գումարներով բոլոր համայնքների փողոցները պետք է ձյունից մաքրվեր: Մեր «չար» բախտից ձմեռը մեզ խեղճացրեց հենց սկզբից: Ջերմաստիճանի կտրուկ իջեցումը բավականին մինուսներ հայտնաբերեց պատասխանատուների աշխատաոճում: «Մթնում կորած խրճիթների» ու բազմաբնակարան շենքերի (հատկապես Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա) բնակիչների համար ոչ տարեմուտն էր մի բանի նման, ոչ էլ Նոր տարվա գալը: Միջանկյալ այդ ժամանակահատվածում շատերը Նոր տարին դիմավորեցին մուտքերում` «սվարչնի» ապարատով ջրագծերն ու կոյուղագծերը տաքացնելով, չմրսելու համար ձեռքի հետ էլ մի-մի թաս գցելով: Մեկի բուդն էր մնացել հոսանքազրկված սալօջախի ջեռոցում, մյուսի լվացած մազերն էին սառցակալել գլխին, մեկը շենքի սառցակալած մուտքի մոտ սայթաքել, վայր էր ընկել ու անհույս, բայց օգնության էր սպասում, մեկ ուրիշը ջրով լի դույլերը մինչև 16-րդ հարկ բարձրացնելու սիզիֆյան համառությամբ և էլեկտրիկ աշխարհ բերողին հաճախակի հիշելով տոտիկ-տոտիկ առաջ էր գնում: Էլ ո՞վ լիներ, որ գոհ մնար սպասված Նոր տարուց: Բարեկամ-հարազատներին շնորհավորելու ցանկություն էլ չկար: Ձյունառատ փողոցներում, երբ ցերեկով տաքսի գտնելն այնքան դժվարացել էր, գիշերով այն կճարվե՞ր: Եղածներն էլ «հոր գինն» էին ուզում: Էլի «օղորմի» Բելլին, որ մարդկությանը հեռախոսի տեր դարձրեց: Ճիշտ է, մայրաքաղաքային նշանակության մի քանի փողոցները (Իսակովի, Լենինգրադյան, Էրեբունի...) բաց էին երթևեկության համար, քաղաքապետարանը մեծահոգաբար կատարել էր իր պարտականությունը, սակայն մյուս փողոցներում աղակալած ձյունը տրանսպորտի և հետիոտնի համար ստեղծել էր լրացուցիչ դժվարություններ: Բա մայթե՞րը: Վայ նրան, ով առավոտ վաղ ստիպված էր առաջինը ճանապարհ բացել, այդ գիծը բռնած մյուսները գնում-գալիս էին այնքան ժամանակ, քանի դեռ հալված ձյունը անցորդների ոտքերի տակ ցրտից չէր սառցակալում: Աղբակույտերն, ինչպես միշտ, փողոցային համայնապատկերի կարևորագույն և անբաժան աքսեսուարներն էին և են: Մարդիկ մերկասառույցի ահից աչքը գետնին հառած անցնում-դառնում էին, աչքներին աղբակո՞ւյտ էր երևում: Եվ հետո, նայեն-չնայեն, վերահսկող ու պահանջատեր չկար, սանմաքրման մեքենաներն էլ մարդկանց պես տոնական էին տրամադրված: Մայրաքաղաքն այդպես էլ չկարողացավ լուծել սանմաքրման, ձմեռային աշխատանքների համար նախատեսված մեքենաների ներկրման հարցերը: «Ախր, գիտեք` ինչ թանկ արժեն դրանք, որտեղի՞ց այդքան գումար»,- արդարանում են պատասխանատուները: Իսկ կառավարության տրամադրած գումարնե՞րը... Միևնույն է, փողոցները կարգին չեն մաքրվում (տեխնիկա չունենք), բայց այդ գումարներով կարելի՞ է գոնե մի քանի մեքենա գնել: Ձյունառատ ու սառցակալած մայթերից բացի անցորդների համար պակաս վտանգավոր չեն նաև գահավիժման պատրաստ սառցալուլաները: Մի° բարկացեք, ՏԻՄ-ը կամ համատիրության նախագահն ի՞նչ անի: Գիտեք հե՞շտ է սառցակալած տանիքները բարձրանալով կոտրել դրանք: Ըմբռնումով մոտեցեք: Կարծում եք մեր ղեկավարները սիրտ ու հոգի չունե՞ն, կարծում եք գիշերները հանգի՞ստ են քնում: Ողջ գիշերը տանջվում են մտածելով, թե առաջիկա ձնհալի ջրերը ո՞ր կողմը թեքեն, որպեսզի չլցվեն շենքերի նկուղները, ինչպես ամեն Աստծո գարնան: Մինչև կկվի կանչելը ի՞նչ մնաց որ: Պետք է դիմանանք: Ճիշտ է, տարեցների համար դժվար է հաղթահարել փողոցների ձյունն ու սառույցը, ով-ով, բայց բժիշկները լավ գիտեն, թե քանի կոտրված ոտք ու ձեռք են բուժել, գլխուղեղի ցնցումներ մեղմել: Է, վերևներին ի՞նչ, որ բազմաթիվ մանկապարտեզներ փայտ ու նավթ չունենալու պատճառով փակվել են, որ ցուրտ դասարաններում անհնար է սովորել, հետո ի՞նչ, որ տոնականորեն թռած գներն իջնելու մտադրություն չունեն, որ դոլարի կուրսն առհասարակ մեզ հետ «դուռակի» է խաղում: Պետք է հասկանալ ու ներել մեր ղեկավարներին, գիտե՞ք, թե որքան խառն է նրանց գլուխը, կարծում եք հե՞շտ է քաղաքական դաշտում խաղեր տալը, ընտրապայքարի կանոններին խա՞մ եք, ինչ է: Ինչպե՞ս կարելի է մեղադրել նրանց, թե տեսեք, իշխանավորները «գողացել են հանրապետության փողերը» և տարեմուտի նախօրեին թռել են հա՜յդե արտասահման: Երևանում բոմժն էլ Նոր տարի կանի, դու ասա արտասահմանում նշի:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ