Ամենատարեց մահապարտը


Պատերազմների մէջ յաղթանակում է Արին- այս նշանակում է`` յաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափւելուց առաջ կառուցել է յաղթանակի շէնքն իր հոգում: ...Պատերազմը ժողովուրդների աստւածների գօտեմարտն է: Թեքնիքան` զէնքն է, միջոցը, հոգին`` պատերազմի դարբինը: ...Զէնքն անհրաժեշտ է-սակայն արի բազուկների մէջ: Պայքարի պատրաստւող ժողովուրդները նախ սպառազինւում են հոգեբանօրէն: Գարեգին ՆԺԴԵՀ Բանակը հասարակության հայելին է և գրանցում է այն բոլոր հատկանիշները, որ հասարակության մեջ կան, բայց կա մի պատմական պահ, երբ օրինաչափությունները խախտվում են, դա բանակի հանդեպ անհատների և հասարակական խանդավառության ու սիրո արտահայտության պահն է: Դա ֆանատիկ նվիրումի պահն է`` պետության մեջ բանակի դերի լիարյուն ըմբռնման պահը: Այսօր, կարծում եմ, պատմական այդ պահն է: Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին: Այդպես եղավ և արցախյան կռվի ժամանակ: ...1992 թվականի ամառն էր, Արցախը լարել էր իր վերջին ճիգերը: Թշնամու ատամն ուր որ է «կկտրեր» Արցախը, եթե օգոստոսի 15-ին Արցախի ազատագրման համար հայկական հեռուստատեսությամբ հնչած Վազգեն Սարգսյանի կենաց և մահու ընտրության կոչով ժողովրդին դիմած հորդորը չհավաքագրեր 500 ամենահամարձակ ու խենթ մարդկանց: Նրանք` մահապարտները, մահն աչքի առաջ ունենալով, գնում էին կասեցնելու թշնամու առաջխաղացումը, ցրելու Արցախի վրա ծանրացած խավարը: Մահապարտների մեջ ամենատարեցը 53-ամյա մանկավարժ Սպարտակ Մաթևոսյանն էր: Վազգեն Սարգսյանի կոչը ողջ գիշեր տակնուվրա էր արել նրա առանց այն էլ անհանգիստ հոգին, ու դեռ չլուսացած արդեն ոտքի վրա էր: Որոշումը հաստատ էր, ընտանիքն ու գործը կսպասեն, ինքն իր բաժին կռիվն ունի Արցախում: Առավոտյան շտապեց մայրաքաղաքային գունդ, ուր նրան դիմավորեց «Արծիվ» մահապարտների գումարտակի փոխհրամանատար Սեյրան Անթանեսյանը, սակայն իմանալով Սպարտակի տարիքը, լրջորեն անհանգստացավ և խորհուրդ տվեց վերադառնալ տուն: Ի՞նչ իմանար նա, որ Սպարտակի կենսագրության 30 տարիները դեռ էն գլխից նվիրված են եղել 60-ականներից սկիզբ առած ազատագրական պայքարին, որի կրակը բոլորովին չէր մարել Սպարտակի հոգում: Վերջինիս վճռականությունն ու համառությունը հիացրեցին Անթանեսյանին... Վիճակը նետված էր: Զինավարժություններից և մարտական մի քանի «դասընթացներից» հետո 5-րդ դասակի 1-ին ջոկի հրամանատար դարձած Սպարտակ Մաթևոսյանը մահապարտ ընկերների հետ սրբատեղի դարձած Եռաբլուրում հանդիսավոր երդում տվեց ու ճանապարհ ընկավ Արցախ: «Օգոստոսի 28-ին Արցախից ստացված հեռագիրը անհանգստացնող էր,- պատմում է Սպարտակ Մաթևոսյանը,- կեսգիշերին հասանք Վանք գյուղը: Յուրաքանչյուր ջոկից պահանջվեց չորս նշանառու: Անմիջապես ոտքի կանգնեցի: Անտառի մութ կածաններով շարժվեցինք Չլդրան և դիրքավորվեցինք: Զենքի բոլոր տեսակներից մեզ վրա ուղղված թշնամու կրակահերթը խախտեց վաղորդյան անդորրը: Հավանաբար, նախապես տեղեկացել էին մեր դիրքավորման մասին, քանի որ մեզ վրա էին գրոհում նաև տանկեր»: Սակայն պատերազմի կանոնները լիովին չսերտած հայ մարտիկները չերկնչեցին: 20-ամյա ուսանող Վարդան Հովհաննիսյանն, իր անսպասելի կրակոցներով նոսրացնելով հակառակորդի շարքերը, ճանապարհ է հարթում ընկերների համար: Չսպասված հակագրոհից շփոթահար թշնամին սկսեց նահանջել: Սպարտակ Մաթևոսյանի խուզարկու կրակահերթը հատված-հատված «սանրում» էր թփերը: Թշնամի՞ կմնար: Մահապարտների առաջին կռիվն ընթացավ առանց զոհերի: Ի պատիվ առաջին հաղթանակի նրանք կնքվեցին Գանձասարի վանքում: Հաջորդ օրերին մահապարտներն ավելի մեծ ոգևորությամբ նետվեցին մարտի` ազատագրելով Դրմբոնը, Հարությունագոմերը, Մեհմանան... ողջ Արցախը: «Մարտերից մեկի ժամանակ իմացանք, որ թվով 100 կազակներ ատաման Միխայ Միխայիչի գլխավորությամբ եկել են մեզ օգնության,- հիշում է Սպարտակը,- ուրախությունն ու հուզմունքը միախառնվել էին, ուրեմն մեր պայքարի ճշմարտությանը հավատացողներ կան»: Այսօր էլ 68-ամյա Սպարտակ Մաթևոսյանը պատանու ոգևորությամբ է վերհիշում այն տարիները ու հպարտ է, որ կենսագրության էջերը լի են հաղթանակների գրառումներով, լինեն դրանք կռվի դաշտում, թե առօրյա կյանքում: Նա պարտավոր է յուրաքանչյուր գործ ավարտել հաղթանակով, քանի որ նրան այդ ոգով են դաստիարակել պապն ու հայրը: Ինչ է, իզո՞ւր են անունը Սպարտակ կնքել: «Յուրաքանչյուրն արժանի պիտի լինի իր անվանը, այնպես ապրի, որ ոչ մի օրվա համար գլուխը խոնարհելու պատճառ չունենա: Կյանքին շիփ-շիտակ նայելու համարձակություն ունենալ,- սա է ամենատարեց մահապարտ-ազատամարտիկի համոզմունքը: Ով ականջ ունի, թող լսի...

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ