Ի խորոց սրտի


Լիներ այնպես, որ, ինչպես տարիներ առաջ, կրկին նստեինք դեմ-դիմաց, և ես` լրագրողս, իր` Վաչիկ Բարսեղյան տնօրենի լայնախոհ, բազմագետ հայացքի ներքո իրեն հարցեր ուղղեի` սպասելով նրա խորաթափանց մտքից ծնվող, միշտ ամփոփ, միշտ փայլուն ու գրագետ պատասխանի: Չլիներ այնպես, որ գրիչս ձեռքիս մեջ անշարժանար, որ բառերը պատեպատ զարկվեին, և երկար ժամանակ գրասեղանին հակված` չհաջողվեր սպիտակ թուղթը սևացնել: Որովհետև... որովհետև հեշտ չէ ասելը` Վաչիկ Բարսեղյանը չկա այլևս: Չկա, այլևս մեզ հետ չէ օժտված մանկավարժը, ծաղկուն մտքի տեր գիտնականը, իր երկրի արժանավոր քաղաքացին, ի վերջո` արժանապատիվ մարդը: ...Ծնվել է 1955-ին, Գյումրիում: Հարազատների վաղաժամ կորուստ, դառնահուշ մանկություն, սիրո, ջերմության ու գորովի պակաս. իր կյանքն այս աշխարհում այսպես տխուր է սկսվել` փակ ճանապարհներով: Կամքի ու մտքի առջև, սակայն, ի՜նչ փակ դուռ ու ճանապարհ: Իր մենաշխարհում կառուցել է իր նպատակները և իր մտքի սլացքով կյանքի կոչել: Ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը: Մանկավարժական գործունեությունն սկսել է նախ որպես ուսուցիչ` ապա փոխտնօրեն և այնուհետև շուրջ 13 տարի ղեկավարել է «Բալատոն» վարժարանը: «Ի սկզբանե օլիմպիադաների կազմակերպման, առհասարակ այդ շարժման ջատագովն էր: Մաթեմատիկայի օլիմպիադաներում քաղաքի և ողջ Շիրակի մարզի հաղթանակները կապվում են Վաչիկ Բարսեղյանի անվան հետ»,- ներկայացնում է գործընկերը` Գյումրիի N 1 կրթահամալիրի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանը: Եղել է մարզային հանձնաժողովի անընդմեջ նախագահ, հանրապետական հանձնաժողովի անդամ: 1995-ին, երբ Հայաստանի հավաքականը մասնակցում էր Կանադայում անցկացվող միջազգային օլիմպիադային, Վաչիկ Բարսեղյանը ղեկավարում էր այն: Իսկ մեդալներով վերադարձածների մեջ քիչ չէին իր իսկ սաները: Չհիշատակել Վաչիկ Բարսեղյանի գիտամեթոդական գործունեությունը` կնշանակի բաց թողնել նրա հարուստ կենսագրության մի լրջագույն հատված, մի հույժ ներկայանալի մաս: Մասնագիտական հանդեսներում ու թերթերում պարբերաբար հրապարակված հոդվածները, մանկավարժական ընթերցումները մնայուն արժեքներ լինելուց զատ, հեղինակի գիտամանկավարժական մտքի փայլուն արգասիքն են: Վաչիկ Բարսեղյանի հեղինակած` խորացված ուսուցմամբ դասարանների համար «Մաթեմատիկայի ձեռնարկ»-ի արժեքը մասնագետներն են փաստել: Երկրորդ նմանատիպ ձեռնարկն, ավաղ, մնաց անավարտ: Անագորույն մահն էլի շատ ծրագրեր անավարտ թողեց, որոնք Վաչիկ Բարսեղյան բարձրակարգ մասնագետն ու արարող մարդն ի կատար պիտի ածեր` վեր գնացող սանդղակին աստիճան առ աստիճան բարձրանալու անվրեպ իր սկզբունքով: Ասում են` մարդու վաստակի գնահատականը երկրային կյանքի չափումը չէ: Մենք այդ չափումով չենք չափելու Վաչիկ Բարսեղյանի արած գործը: Մենք` ապրողներս, նրա վաստակով ենք հաշվելու նրա ապրած տարիները: Երկրային կյանքի 52 տարիների ժամ ու օրերն աննպատակ չեն անցել: Ամեն քայլի մեջ մարդն իմաստ է դրել` ամեն բան անելով հոգով և համեստորեն: Ինչպես համեստորեն պատասխանել է իր 50-ամյակի տոնակատարության հավաքին ներկա գտնվողների բարեմաղթանքներին: Ջեմմա Ամիրխանյանն է տրվում տխուր վերհուշին. «Շնորհակալ եմ, որ ինձ հարգում են: Շնորհակալ եմ իմ շրջապատից, իմ ընտանիքից: Ուզում եմ, որ ամեն բան բարությամբ ավարտվի»: Հրաշալի ընկեր, հրաշալի ամուսին, ընտանիքին նվիրված հայր, կշռադատված, զուսպ ու համբերատար մարդ, բոլորանվեր մանկավարժ: Այսպես են հիշում նրան կինը` Սուսաննան, հարազատները, ընկերները: «Խտացված բարեկրթություն էր»,- պատկերավոր հավելում է Ջեմմա Ամիրխանյանը: Վաչիկի պահվածքը, ձայնի տոնն իսկ կարող էր հանդարտեցնել դիմացինին, բանականության կոչել: Այսպիսի լիցքերով էր լցրել նաև վարժարանը: ...Դեկտեմբերի 30-նն էր, դիմացը` տոն, բայց դպրոցը մի մարդու նման` մեծով-փոքրով, ուսուցիչ-աշակերտով հավաքվել էին` ի ցավ ու կսկիծ, վերջին հրաժեշտը տալու սիրելի ուսուցչին, ընկերոջը, սիրելի մարդուն: Անհայր մեծացած մի պատանի` իր աշակերտներից, ողբաձայն ասել էր. «Նա ինձ համար հայր է եղել»: Մաթեմատիկոս լինելով, ինչպես կինն է հիշում, շատ էր նուրբ ու բանաստեղծական: Սեփական հոգու աչքով այլոց հոգին տեսնել գիտեր, հոգու ցավը զգալ ու սատարել գիտեր: «Ինքը դալար շիվ էր, և կաղնի դառնալու համար նրան Սուսաննա էր պետք` մայրաբար գուրգուրող, քույրաբար սիրող, իր տղամարդուն բարձրացնելու պատրաստ և ունակ կին»,- շրջապատն այդպես էր ընկալում նրանց փոխհարաբերությունները: «Սուսաննան իմ թալիսմանն է»,- ասում էր Վաչիկը: «Ինքն էր ուժեղ, կարծում էր` ես եմ իրեն օգնում»,- ասում է տիկին Սուսաննան: Ապրեց Վաչիկ Բարսեղյանն ինքն իր նման` իր սրտի դուռն ու հոգու աչքը երբեք չգոցելով: Հավատով նայեց աշխարհին: Անչափելի հավատն անգամ, ավա՜ղ, չօգնեց հաղթահարել դաժան հիվանդությունը: Գնաց հավերժություն` մեզ` ապրողներիս թողնելով փառավոր մի հիշատակ ու թանկ մի անուն: Հանգչեց, ինչպես խորանում վառվող մոմը, որի լույսից խնկաբույր խորանն ավելի լուսավոր է դառնում: Կորուստդ սգալու, քո մասին հիշատակի խոսք ասելու ժամը չէր բնավ, Վաչիկ Բարսեղյան: Ցավն ու սփոփանքը չէին, որ պիտի միախառնվեին քո անվան շուրջ: Լայն ճակատով, որ լայնախոհությունդ էր նաև ցուցանում, դեռ պիտի շարունակեիր պարզճակատ գոյությունդ: Եվ, ավա՜ղ...

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ